16.02.2018 04:21 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գաղջ եւ տեսարաններ

Երբ «քաղաքից» պակասում է «աղը», մնում է «քաքը»

Երբ «քաղաքից» պակասում է «աղը», մնում է «քաքը»

Մայրաքաղաքի համայնքներից մեկը` Նուբարաշենը, ծփում է կեղտաջրերի մեջ։ Բնակիչները շնչել-շնչել ու արդեն զզվել են։ Հազար անգամ դիմել են Տարոն Մարգարյանին։ Տարոն Մարգարյանն ասել է` «Կզբաղվենք, զբաղվում ենք»։ Եվ իրոք, «զբաղվել են». կեղտը այլեւս կուլ չի գնում։ Կեղտը ելել դուրս է թափում։

Նախօրեին ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշեն ՔԿՀ-ի վթարված կոյուղատարի ջուրն ապակյա տարաներով բերել էին քաղաքապետարան։ Ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ձեռքում երկու տարա մոտեցել է քաղաքապետին։ Տարոն Մարգարյանն, առնելով ծանոթ հոտը, ահաբեկվել է, թե` «Դեմը առ, դեմը առ, շուշուտ, դեմը առ»։ «Դեմը առնելու» գործին լծված ավագանու անդամները` Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Էդմոն Կիրակոսյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը մինչ ապտակում, քաշքշում, ծեծում, արանքում նաեւ սեռական ոտնձգությունների էին ենթարկում ավագանու անդամին, վրա է հասնում քաղաքապետի մշակույթի գծով օգնական  Գոռ Վարդանյանն ու այդ բոլորն անում ավելի արագ ու էֆեկտիվ։

Հիմա պարզ դարձավ, թե ինչու էր Տարոն Մարգարյանը մշակույթի գծով խորհրդական նշանակել «մուսկուլիստի» Գոռին։ Ամենավառ երեւակայության դեպքում էլ դժվար էր պատկերացնել, թե որն է այդ տղայի անելիքը քաղաքականության եւ հատկապես մշակույթի ոլորտում։ Հանուն ինչի՞ է այդ մարդը սնվում պետական բյուջեից, ի՞նչ գործ ունի նա քաղաքապետարանում։ Մի՞թե «յաիսնիցա» պիտի պատրաստի։ Եվ ահա, եկավ նրա օգտագործման բաղձալի պահը` նա իր սեւ գոտին իբրեւ ձեռնոց նետեց քաղաքական  ակցիա իրականացնող կանանց եւ նրանցից մեկին քարշ տալով հեռացրեց դահլիճից` ցույց տալով կանանց մազերը քաշող, ապտակող, մարմնի բոլոր մասերին հարվածներ հասցնող, արանքում` նաեւ սեռական ոտնձգություններ կատարող իր գործընկերներին, թե ինչպես պետք է էֆեկտիվորեն «դեմն առնել»։ Փաստորեն, Տարոն Մարգարյանը գիտեր, որ մի օր կգա «մշակութային յաիսնիցայի» օգտագործման պահը, եւ դա եղավ։ Ինչպես ասում են` «Աջիմե օ'ս»։ 

Բոլոր հանրապետականները` Առաքել Մովսիսյանից մինչեւ Նաիրա Նահապետյան, հասկանում եւ արդարացնում են կատարվածը։ Առաքել Մովսիսյանը նույնիսկ ափսոսում է, որ այնտեղ չի եղել։ Նա միշտ է բարձրաձայնել ծեծելու եւ բռնաբարելու իր բնական հակումների մասին։ Մյուսները համեստորեն լռել են, բայց տեղն եկած տեղը չեն զլացել ցուցադրելու իրենց միջի Շմայսին։ Հանրապետականում, ըստ էության, հավաքված են տղամարդիկ, որոնց հայրերը ծեծել ու բռնաբարել են իրենց մայրերին, եւ կանայք, որոնց մայրերի հետ են այդպես վարվել։ Նրանք շփվելու, հարցեր լուծելու ա'յդ մեթոդին են սովոր։ Բռնությունը նրանց արյան մեջ է։ Նրանք դրա արդյունքն են, դրա հետեւանքն են եւ դրա կրողն են։ Տարոն Մարգարյանն ասում է` «Բռնություն չի եղել»։ Եթե Տարոն Մարգարյանը ստախոս չէ, ուրեմն բռնությունը նրա ընտանիքում, կենցաղում, առօրյայում ամենաբնական վիճակն է։ Այլ մեկնաբանություն չի կարող լինել։

ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանը ֆիզիկապես ու հոգեբանորեն բռնության է ենթարկվել, որպեսզի Նուբարաշենի բնակիչների մաքուր օդ շնչելու իրավունքը պաշտպանի։ Նուբարաշեն համայնքը քաղաքապետի ընտրություններում 85.50 տոկոս ձայն է տվել հօգուտ Տարոն Մարգարյանի։ Երեւանի բոլոր համայնքներից ամենաշատ ձայները հե'նց Նուբարաշենն է տվել գործող քաղաքապետին։ Կոյուղաջրերը հոսել են, գարշահոտը եղել է, հղիներ ու երեխաներ եղել են, եւ Նուբարաշենի կանայք, ինչպես նրանցից մեկն է պատմում, «պարելով» գնացել են ընտրության եւ իրենց ձայնը տվել Տարոնին։ Հենց այստեղ են հոսում բուն կոյուղաջրերը։ Եվ սրա լուծումը խողովակատարներով չի լուծվի, որովհետեւ ջրերը կեղտոտելու գործընթացը երկար ու հետեւողական է եղել, իսկ նրանք, որ մաքրման աշխատանքներ պիտի կատարեին, կոչումների ու մեդալների հոտն են քաշում։

Մտավոր ընտրախավը դեռ չի նշել խնդրի մասին «քաղաքակիրթ պայմաններում» բարձրաձայնելու իր տարբերակը, բայց այդ ընտրախավից մեկի` ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի սիրտը չի դիմացել կատարվածին. նրան տեղափոխել են հիվանդանոց։ Քաղաքապետարանի աշխատակիցը պնդում է, որ մտավորականի սիրտը վատացել է ԵԾ ավագանու անդամների` Նուբարաշենից տարաներով բերած գարշահոտից։ Ինչպե՞ս մինչեւ հիմա Մարտին Վարդազարյանը չի իմացել, որ երբ «քաղաքից» պակասում է «աղը», մնում է «քաքը»։ Ու դա միայն Նուբարաշենում չէ։ Եվ միայն ավագանու այդ նիստին չէ, որ շնչում էին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30