10.11.2017 11:35 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Տարկետման մասին

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի մի շարք բուհական հաստատությունների ուսանողներ դասադուլ են անում՝ բողոքելով զինվորական ծառայության մասին օրինագծի դեմ։

Թեման հուզում է բոլորին, շատերի համար այն կենաց ու մահու խնդիր է դարձել։ Համացանցում էլ են թեժ քննարկումներ ընթանում։

Նախ՝ այն մասին, թե ինչու են իշխանությունները որոշել վերացնել տարկետումը։ Այսինքն, այսպես է. այս օրինագծով, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել 3 տարի՝ որպես սպա։ Հակառակ դեպքում 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ։

Օրինագծի անհրաժեշտության հիմնավորումներից մեկն այն է, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է եւ ծնում է անարդարության բազմաթիվ դրսեւորումներ։ Այս հիմնավորումը թերի է, պարզ չէ, թե ինչ ուսումնասիրությունների արդյունքում են նման եզրահանգման եկել։ Ոչ մի խոսք այս մասին չկա։ Իհարկե, մենք բոլորս էլ գիտենք, որ դա այդպես է, բայց երբ օրենքի նախագիծ ես ներկայացնում, հիմնավորումները պետք է շատ առարկայական լինեն։ Այդ ի՞նչ անարդարությունների դրսեւորումներ են եղել։ Կոնկրետ օրինակներ բերեք, ցույց տվեք։ Չեն բերել, որովհետեւ կպարզվի, որ բոլոր անարդարությունները այսպես թե այնպես իշխանությունների հետ են կապված։ Բոլորս էլ գիտենք, որ իրենց զավակներին ծառայությունից ազատելու համար բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխները բուհ ընդունել են տալիս, հետո՝ ասպիրանտուրա ու այսպես հարցը լուծում են։

Ստացվում է, որ իրենք իրենց անարդարությունների դեմ պայքարելու համար են վերացնում տարկետումը։ Ուրեմն, այս օրինագծին զուգահեռ պետք է կրթական, բուհական համակարգում լուրջ համակարգային բարեփոխումներ իրականացվեն, որպեսզի անարդարության դրսեւորումները վերացվեն։ Իսկ փոխարենը մենք ի՞նչ ենք տեսնում. բուհերում դասասենյակները պինդ-պինդ փակում են, որ ուսանողները չկարողանան դուրս գալ դասադուլի։ Սա ի՞նչ միջնադար է։

 ՔԱՂԱՔԱԿԱՆԸ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ

Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը՝ անդրադառնալով դասադուլներին ու ուսանողների բողոքի այլ ակցիաներին, ասում է` ուսանողությունը չպետք է քաղաքականացվի։ Սա է մեր բուհերի վիճակը։ Ընկեր ջան, ուսանողությունը ամբողջ աշխարհում ամենաքաղաքականացված շերտն է, գաղափարների, այլընտրանքի, նոր խոսքի առաջամարտիկներ հենց իրենք են։ Ուսանողությունը 1988թ. Շարժման շարժիչ ուժն է եղել, ոգին, արցախյան ազատամարտի առաջին ջոկատները ուսանողներից են կազմված եղել։ Թե՞ ձեր համար քաղաքականությունը վերադասին ծափ տալն է։

ՊԱՐԶ ԽՈՍՔԻՑ ԼԱՎԸ ՉԿԱ

Մենք եւս մեկ անգամ օրինագիծը ընթերցեցինք. տարկետումը՝ այն իմաստով, որը գիտեինք, վերանում է։ Վիգեն Սարգսյանն ասում է, որ տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարեւորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաեւ մագիստրատուրայում։ Ասել է, նորմալ է, բայց ուսանողի կարգավիճակը փոխվում է, նա սովորելուց հետո 3 տարի պիտի ծառայի որպես սպա։ Պարզ ասեք. ժողովուրդ ջան, տարկետումը վերանում է, իսկ նրանք, ովքեր ցանկանում են բուհում շարունակել ուսումը, պետք է մեզ հետ պայմանագիր կնքեն՝ այս ու այս պայմաններով։ Տարկետում՝ նշանակում է թույլ տալ ուսանողին ուսումը բուհում ավարտել, հետո՝ անցնել ծառայության նույն պայմաններով, ինչ պայմաններով բուհ չընդունվածները, օրինակ։ Կամ էլ՝ տարկետման վրա գին եք դրել. այն արժե լրացուցիչ մեկ տարի ծառայություն։

ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ

Օրինագծի մյուս պատճառներից մեկը, որը, հասկանալի է, չի ասվում, արտագաղթն է ու զորակոչիկների պակասը։ Քանի գնա այս միտումը խորանալու է։

Արտագաղթում են նաեւ պոտենցիալ զինվորները, բանակը համարժեք համալրում չի ստանում, ստիպված են այդ բացը լրացնել մի քանի հարյուր ուսանողների հաշվին։ Լավ, մի տարի էլ այսպես լրացրին։ Բա հետո՞. արտագաղթը չի վերանում, այս օրենքի ընդունումից հետո շատ ծնողներ հիմիկվանից մտածելու են իրենց զավակների հետ միասին հնարավորինս շուտ Հայաստանից հեռանալու մասին։ Բայց հեռանալու իրական պատճառը ծառայությունից խուսափելը չի, այլ երկրում հեռանկար չտեսնելը։ Քաղաքական դաշտը ճահիճ է, տնտեսական դաշտը՝ ճահիճ է, մարդիկ այստեղ բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով ապրելու հեռանկարներ չեն տեսնում, հեռանում են։

Այս օրինագիծը իր մեջ դրական, ռացիոնալ բաներ ունի։ Չենք կարող ասել վատն է։ Ծառայությունը խրախուսելու փորձ է արվել, ինչպես՝ Իսրայելում։ Բայց եթե այս օրինագծին զուգահեռ երկրում քաղաքական, տնտեսական, հասարակական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումներ չիրականացվեն, օրինագիծը ոչ մի էֆեկտ չի ունենալու։ Օրինագծի որոշ տարրեր Իսրայելից են վերցված, դա երեւում է, բայց Իսրայելում ուրիշ բաներ էլ կան, որոնք մեզ մոտ բացակայում են։ Դրա համար էլ այնտեղ մարդիկ հպարտությամբ գնում են ծառայելու, իսկ մեզ մոտ՝ դասադուլ անելու, վերջում՝ արտագաղթելու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30