26.06.2012 01:05 Զ. Գաբրիելյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կոնգրես եւ Ազատության հրապարակ

«Իշխանության կորստի վախը»

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի գնահատականները հենց ԱԺ-ի աշխատանքին։ Անկեղծ ասած` հետաքրքիր էր ծանոթանալ Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՀԿ-ի անդամների ասածներին։

Եվ այսպես, Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ).« Մենք շատ լավ եւ դրական ենք վերաբերվում առողջ, սուր քննադատությանը եւ գտնում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովը կարող է դառնալ առողջ քաղաքական մտքերի գեներացման կենտրոն»։ Իսկ  Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, թե «իրենց յոթ պատգամավորների ներկայությունն է խորհրդարանի մթնոլորտը փոխել»։ Հետո ավելացրել է. «Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ հանրապետականները մշտապես հակված են լինելու օգտագործել կեղծված ընտրություններով ձեւավորված մեծամասնությունը մեր քննադատության դեմ, մեր նախաձեռնությունների դեմ։ Սակայն մյուս կողմից համոզված ենք, որ այս նոր մթնոլորտը խորհրդարանում, գումարած մեր հանրահավաքային ակտիվությունը կարող են բերել լուրջ փոփոխությունների։ Իշխանության աշխատանքի վրա կարող է ազդել միայն իշխանության կորստի վախը»։

Հիմա տեսնենք, թե ինչն է այսքան ուրախացրել ՀՀԿ- ականներին, եւ ինչու է Հայ ազգային կոնգրեսը շարունակելու հանրահավաքային պայքարը։ Բայց որպես ելակետ նշենք` 2013 թվականի փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ են։

Հանրապետականները, իհարկե, մի քիչ կեղծում են, երբ գոհունակությամբ են խոսում ԱԺ-ում ծավալվող իրադարձությունների մասին։ Կեղծում են, որովհետեւ նրանց ավելի ձեռնտու կլիներ «խաղաղ» կյանքը։ Այսինքն նրանք այսօր, հուսով ենք` անվերադարձ, կորցրել են նախկինում ձեռք բերված անդորրը։ Խոստովանենք, որ Կոնգրեսի անդամների ելույթներին դժվար է պատասխանել, այսինքն դժվար է գտնել անգամ կիսատրամաբանական փաստարկներ։ Իսկ երկրում առկա փաստերը ՀՀԿ-ականների օգտին չեն, ուրեմն ընդդիմությանը փաստերով լռեցնել նրանք չեն կարող։ Հետեւաբար ստիպված են ձեւանալ քաղաքակիրթ եւ ժողովրդավար խոսել անգամ «առողջ քաղաքական մտքեր գեներացնելու» մասին։ ՀՀԿ-ականների ցինիզմը, իհարկե, իր պատճառն ունի։ Նրանք գնել են անհրաժեշտ քանակությամբ ձայներ եւ հիմա, չնայած ընդդիմության փաստարկված եւ տրամաբանված քննադատությանը, կոճակ սեղմողների մի ամբողջ բանակ ունեն։ Այսինքն, իրենց կարծիքով, պրոբլեմը չեզոքացրել են «գեղական» կարգով, դեմոկրատ են ձեւանում, մանավանդ որ Արեւմուտքին դուր են գալիս եվրոկեցվածքով արտասանված դատարկ խոսքերը։ Իսկ իրենք` իշխողները, կոճակ կսեղմեն եւ կպահպանեն իրենց իշխանությունը։ Խորհրդարանը չի դառնա «առողջ քաղաքական մտքեր գեներացնող կենտրոն», որովհետեւ նախագահական  ընտրություններից հետո, եթե, իհարկե, իշխանափոխություն չլինի, իրավիճակը կտրուկ կփոխվի։ ՀՀԿ-ականները ցույց կտան իրենց իրական դեմքը։

Կարծում ենք` սա գիտակցում են Կոնգրեսում։ Սրանով է բացատրվում հանրահավաքային պայքարի անհրաժեշտությունը։ Մենք` հայաստանցիներս, լավ գիտենք, թե ինչպես է իշխանությունը «չեզոքացնում» անհնազանդ պատգամավորներին։ Նրանց վրա շատ արագ քրգործեր են հորինվում, ԱԺ մեծամասնությունը «քվեարկում» է նրանց անձեռնմխելիությունից զրկելու օգտին, եւ վերջ...Իսկ ընդդիմությունը մի քանի տարի ստիպված է լինում իր ողջ էներգիան ծախսել` քաղբանտարկյալներին ազատելու համար։

Հիմա` իշխանության աշխատանքի եւ իշխանությունը կորցնելու վախի մասին։ Երբ Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ իշխանության աշխատանքի վրա կարող է ազդել իշխանությունը կորցնելու վախը, կարծում ենք, նկատի ունի այնպիսի երկիր, որտեղ իշխանությունը իշխանություն է մնում, եթե լավ է աշխատում։ Այսինքն նա նկատի ունի մի իշխանություն, որը ձեւավորվել է արդար քվեարկության արդյունքում։ Իսկ Հայաստանում իշխանության պահպանումը բոլորովին էլ կախված չէ աշխատանքից։ Եթե այդպես լիներ, ապա մեր երկրում վաղուց իշխանափոխություն եղած կլիներ։ Ուրեմն իշխանությունն առայժմ վախենում է դրսի արձագանքից եւ հանրահավաքային պայքարի թափից։ Իշխանությունը նույնիսկ ուրախ է, որ Կոնգրեսը ներկայացնող պատգամավորներն անխնա քննադատում են վարչապետի ներկայացրած ծրագիրը, Հրանտ Բագրատյանի ելույթը ԶԼՄ-ների շնորհիվ դառնում է բեստսելլեր, հասարակությունը հիանում է ըմդդիմադիրների ինտելեկտով, բայց խնդրո առարկա ծրագիրն ընդունվում է ձայների մեծամասնությամբ։

Ընդդիմության ելույթներին հետեւելը, անշուշտ, հետաքրքիր զբաղմունք է, բայց ելույթներով Հայաստանում ոչինչ չես փոխի։ Ու մեր իշխանավորներին թվում է` եթե ԱԺ-ում թատրոն կազմակերպվի, գոնե մինչեւ նախագահական ընտրություններ, հանրահավաքների մասնակիցների թիվը չի աճի։ Ինքը` Սերժիկ Սարգսյանը, իրականում վախենում է միայն հասարակության հաստատակամությունից։ Սրա ապացույցն է նաեւ այն, որ իրեն ծառայող լրատվամիջոցներով կեղծ «ինտրիգ» է ստեղծել, այսինքն Ռոբերտ Քոչարյանին փորձում է ներկայացնել որպես հակառակորդ։ Կրկնենք` իրականում նա վախենում է միայն Ազատության հրապարակից։ Հիշե՛ք 2008 թվականի մարտի մեկը։ Մարդասպանների կրակոցները այդ վախի արտահայտությունն էին։

Ուրեմն հիմա (եւ միշտ) հասարակության աջակցությունից է կախված ընդդիմության աշխատանքի հաջողությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31