Նեգատիվ լրատվության այս հոսքի մեջ Քլինթոնի այցը պիտի որ լուսավոր ճեղքում առաջացներ, եւ այդպես էլ եղավ. Հայաստան հասնելուն պես նա ուղեւորվեց ամերիկյան դեսպանատուն եւ այնտեղ մասնակցեց այն անձանց պարգեւատրման արարողությանը, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, բնապահպանության եւ հաշվետու կառավարման խթանման դիրքերից։ Նույնիսկ ելույթ ունեցավ եւ ասաց, որ վստահ է` Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու։ Մի խոսքով` այցի առաջին հատվածը լավն էր։ Մեզ այստեղ միայն մի հարց է հետաքրքրում. իսկ ինչո՞ւ են Հայաստանում համընդհանուր իրավունքների պաշտպաններին պարգեւատրում օտարերկրացիները, եւ ոչ թե Հայաստանի իշխանությունները։ Գուցե պատճառն այն է, որ հասարակական կազմակերպություններն ու շարժումներն այդ իրավունքները պաշտպանում են հենց ՀՀ իշխանությունների ոտնձգությունների՞ց։ Բայց այդ դեպքում ստացվում է, որ Քլինթոնի քայլը լուրջ դեմարշ է Սերժ Սարգսյանի դեմ։ Հետաքրքիր է` այդ թեման կքննարկվի՞ նրանց առանձնազրույցի ընթացքում։
Լավ, ավելի լուրջ բաներից խոսենք։ Մեր տարածաշրջանում ամերիկացիների «սիրեցյալն» ակնհայտորեն Վրաստանն է, եւ եթե ԱՄՆ պետքարտուղարը վստահություն է հայտնում, որ Հայաստանում ամեն ինչ լավ կլինի, պետք է ենթադրել` նկատի ունի, որ Վրաստանի պե՛ս լավ կլինի։ Ընդ որում` Վրաստանում իսկապես առաջընթացն ակնհայտ է. կոռուպցիան գրեթե արմատախիլ է արված, բիզնեսը զարգանում է նախանձելի արագությամբ, օտարերկրյա ներդրումներն ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով, մի խոսքով` երկիրը երկիր է դառնում։ Այլ հարց է, որ վրացիները դրա համար բավականին մեծ գին վճարեցին. թշնամացան Ռուսաստանի հետ, կորցրեցին Աբխազիան ու Հարավային Օսեթիան։ Հայաստանը նույնպես այդպիսի պրոբլեմ ունի, եւ դատելով ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցներից` նրանք «կպած» պնդում են, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այսինքն` տպավորություն է ստեղծվում, թե այդ հարցում ԱՄՆ-ը մեր թշնամին է, իսկ մարդու իրավունքների, համընդհանուր ազատությունների, հաշվետու կառավարման, մի խոսքով, նորմալ պետություն կերտելու հարցում` մեր բարեկամը։ Այստեղից էլ` մեր հակասական վերաբերմունքը Ղարաբաղն Ադրբեջանի կազմում «տեսնող», բայց Հայաստանը նորմալ պետություն դարձնելու հարցում մեզ աջակցող ԱՄՆ-ի նկատմամբ։
Բայց այստեղ մի նրբություն կա։ Վրաստանն ամերիկացիների «հովանավորությամբ» նորմալ երկիր դառնալու շանսը ստացել է արդեն այն ժամանակ, երբ տարածքային կորուստներ էր ունեցել, իսկ Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային կորուստներ գրեթե չի ունեցել եւ առ այսօր չունի։ Այսինքն` ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունները կարող են Վրաստանի օրինակով նորմալ երկիր կառուցել` առանց տարածքային կորուստների։ Եվ դրա համար ամենեւին պարտադիր չէ լինել ԱՄՆ դաշնակիցն ու Ռուսաստանի թշնամին։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի կարող անել դա։ Բայց Հայաստանը, մեծ հաշվով, ունի այդ շանսը։ Պետք է ընդամենը հրաժարվել պետական կառավարման կրիմինալ համակարգից, պետական համակարգից վռնդել հանցագործներին ու պայմանավորվել, որ ինչ-որ իքս պահից սկսած Հայաստանում գործելու են միայն օրենքները, ոչ հայատառ «նակոլկա» ունեցողներն էլ երկրի կառավարմանը չեն մասնակցելու։
Բայց կարծես թե երազանքների գիրկն ընկանք։ Երեւի պատճառը Քլինթոնի այցն էր։ Փաստն այն է, որ հերթական անգամ վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանը, հետեւաբար` Հայաստանում ցանկացած բան փոխվելու է միայն դեպի վատը։ Այնպես որ` տիկին Քլինթոնը բարով-խերով կմեկնի Վրաստան, իսկ մենք կմնանք մեր իրականության մեջ` ամենօրյա կանխատեսելի լրահոսով. Հայաստանից օրական հեռանում է այսքան մարդ, սահմանի այսինչ հատվածում հերթական զոհերն ենք ունեցել, այսինչ մարզում օձերն ակտիվացել են, նոր կառավարությունն էլ ձեւավորվում է «մինչեւ չգա հետինը...» սկզբունքով։