02.09.2014 17:33 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Էտապ

Եվրասիական ճեպընթացի աղետյալները

Համարյա մի տարի է փորձագետները գլուխ են ջարդում ու այդպես էլ չեն կարողանում հասկանալ` Մաքսային միությանն անդամակցելն ի վերջո օգո՞ւտ է բերելու Հայաստանին, թե՞ վնաս։ Բայց սա, ինքներդ էլ հասկանում եք, ամենահարմար թեման չէ հետարձակուրդային առաջին հոդվածի համար, ուստի առայժմ մի կողմ թողնենք այդ խրթին հարցը եւ անդրադառնանք Երեւան-Բաթումի «ֆիրմային» գնացքին, որով ճամփորդելու բախտն ունեցանք արձակուրդի ընթացքում։ Ե՛վ գնացքը, ե՛ւ երկաթուղին, ի դեպ, պատկանում են ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը։

Եվ այսպես` Երեւան, օգոստոս, անտանելի շոգ։ Կառամատույցում խմբված ուղեւորներն անհամբեր սպասում են գնացքին։ Երջանիկ են հատկապես նրանք, ովքեր «բարձր հարմարավետությամբ» (с повышенной комфортностью) կուպեի տոմսեր ունեն, որովհետեւ նրանց խոստացել են, որ կուպեներում ջրեղեն կլինի, սուրճ, թեյ, քաղցրավենիք եւ այլն։ Վերջապես ինչ-որ գնացք է հայտնվում` ասես երկրորդ բելառուսական ֆրոնտից հենց նոր մազապուրծ եղած, ժանգոտ, բայց` տեղ-տեղ ներկած։ Երեւի ճանապարհ է բացում, որ «ֆիրմային գնացքը» գա։ Պարզվում է` «ֆիրմայինը» հենց դա է, որ կա։ Ինչեւէ։ Մարդիկ լցվում են վագոնները, տեղավորվում, ու անմիջապես էլ «կոմֆորտ» կուպեներից մեկից օգնության ճիչեր են լսվում։ Պարզվում է` մարդիկ կուպեի դուռը ներսից փակել են, ու դուռը «լռվել է» եւ այլեւս չի բացվում։ 40 աստիճան շոգ է, կոնդիցիոները չի աշխատում, լուսամուտներն էլ չեն բացվում։ Մի խոսքով` ինչ-որ մարդիկ գալիս են, տարբեր «չագուճներով» ու «կլուչներով» դուռը բացում, բայց քիչ անց նման ճիչեր են լսվում կողքի կուպեից... Մի խոսքով` որեւէ մեկն այլեւս չի համարձակվում դուռ փակել։

Իսկ կուպեներում ջուր իսկապես կա. ամեն շնչին կես լիտր` ամբողջ օրվա համար։ Նույնիսկ պակետներով սուրճ ու թեյ կա։ Իսկ ահա բաժակներ չկան։ Այսինքն` ենթադրվում է, որ կուպեի համար միայն մեկ ուղղությամբ ավելի քան 200 դոլար վճարած ուղեւորները պիտի պակետների սուրճը գդալով ուտեն ու վրայից շշով ջուր խմեն։ Բայց ուղեկցորդուհին բացատրում է, որ դրա կարիքը չկա, իր լսելով` կողքի կուպեում ջուր կա, եւ եթե շիշ ունենք` կարող ենք գնալ-բերել։ Մի խոսքով` սուրճ խմելը «փոզմիշ» է լինում։ Հետո իմ եւ ուղեկցորդուհու միջեւ խիստ ուշագրավ հարցուպատասխան է սկսվում։ «Ինչո՞ւ կոնդիցիոներները չեն աշխատում»։ «Որովհետեւ գնացքը դանդաղ է գնում, այս արագության տակ կոնդիցիոներները չեն միանում»։ «Իսկ ինչո՞ւ է դանդաղ գնում»։ «Գնում է ըստ չվացուցակի»։ Ինչեւէ։ Կոնդիցիոներն այդպես էլ չմիացավ, բայց ուղեկցորդուհին բարի կին էր, թույլ չտվեց, որ որեւէ մեկը ծարավից մեռնի. իր խցիկում մինչեւ առաստաղը շարած ջրեղեն ուներ ու ողջ ճանապարհին վաճառում էր ուղեւորներին։

Բաթումից Երեւան վերադարձանք այլ շարժակազմով, բայց` դարձյալ «կոմֆորտ» կուպեով։ Այստեղ արդեն սուրճի ու թեյի հարցն արմատապես էր լուծված` դրանք պարզապես չկային։ Չկային նաեւ անկողնային պարագաները։ Երբ ուղեկցորդին հարցրեցինք, թե ինչու չկան, միանգամայն սպառիչ պատասխան տվեց. «ըտենց»։ Հետաքրքրվեցինք` գուցե սխա՞լ կուպե ենք նստել, գուցե սա «կոմֆորտ» վագոնը չէ՞։ Իսկույն բացատրեց, որ կողքը «վագոն-կաֆե» կա, ապա հեռացավ։ Քիչ անց վերադարձավ, բացահայտ արհամարհանքով սեղանին դրեց մի քանի փոքրիկ մարմելադ ու ատամների արանքից նետեց` «էս էլ ձեր կոմֆորտը»։ Ամեն դեպքում` ի պատիվ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության պետք է ասել, որ սաղ-սալամաթ տեղ հասանք։

Մի խոսքով` որքան էլ փորձեցինք հետարձակուրդային թեմաներից խոսել, էլի Մաքսային միությանն անդամակցելու մասին ստացվեց։ Ուղեկցորդներն, ի դեպ, տրտնջում էին, որ իրենք չնչին աշխատավարձ են ստանում, իսկ ընկերության ռուս ղեկավարների աշխատավարձերը տասնյակ հազարավոր դոլարների են հասնում։ Բայց մենք տրտնջացողների անունները չենք տա։ Աշխատանքից ազատել կա, Սիբիր աքսորել կա... Համ էլ` մենք կարծես թե ինքնակամ ենք այդ ամենը հանձնել ռուսներին, ու կարծես թե ինքնակամ էլ մտնում ենք Մաքսային միություն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30