12.01.2018 07:32 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ողբերգությունների քրոնիկոն

Ովքե՞ր են Երեւանում տեղի ունեցած ողբերգության մեղավորները

Ովքե՞ր են Երեւանում տեղի ունեցած ողբերգության մեղավորները

Թվում է, թե հարցի պատասխանը պարզ է. «Ճվճըվ Արոյի» զավակները՝ Սարգիս (Սաքուլիկ) եւ Սերյոժա Վարդանյանները։ Բայց եթե հունվարի 8-ին տեղի ունեցած պատահարի համար, որը պետավտոտեսչության երկու աշխատակցի կյանք խլեց, պատասխանատվության ենթարկվեն միայն այս երկու անձնավորությունները, միանշանակ կարելի է վստահ լինել, որ նման ողբերգությունների առաջիկայում կշարունակենք ականատես լինել։

Իսկ հարցի պատասխանը ժամանակագրական խրոնոլոգիայով ներկայացված փաստերի մեջ է։ Փաստերը ներկայացնելիս օգտվել ենք Shamshyan.com կայքից եւ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։  

2013 թվական

Դեկտեմբերի 8. Երեւանում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. բախվել են Mercedes, Volkswagen, եւ Daewoo ավտոմեքենաները։ Volkswagen-ը վարել էր Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ 21-ամյա Սարգիս Վարդանյանը (Սաքուլիկը)։

2014 թվական

Հունվարի 22. ՎԱԶ-2121 մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովայի փողոցում չարամտորեն խախտել է երթեւեկության կանոնները։ ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, վարորդը փախուստի է դիմել։ Պարզվել է, որ մեքենան վարել է Սերժուլիկ Վարդանյանը։

Փետրվարի 2. Սարգիս Վարդանյանը՝ չարամտորեն խախտելով երթեւեկության կանոնները, Nissan մակնիշի 91 VP 999 համարանիշի ավտոմեքենայով, չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի կանգառ ազդանշանին։ ՃՈ աշխատակիցները շուրջկալի արդյունքում Nissan-ը տեղափոխել էին ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը։

Փետրվարի 4. Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ 21-ամյա Սարգիս Վարդանյանը 1 տարի ժամկետով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից՝ ՃԵԿ մի շարք կանոններ խախտելու համար։

Օգոստոսի 14. Գայի պողոտայում Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենան բախվել է Ford մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 հոգի։ Mercedes-ը վարել է Սաքուլիկ Վարդանյանը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։ Պարզվել է, որ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։

2015 թվական

Մարտի 3. Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus մակնիշի 10 MF 010 համարանիշի եւ Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենաները։ Lexus-ը վարել է Սերժուլիկ Վարդանյանը, իսկ Mercedes-ը՝ Սաքուլիկ Վարդանյանը։ Երկուսն էլ վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, իսկ Սաքուլիկ Վարդանյանը նաեւ անսթափ վիճակում է եղել։

Հուլիսի 17. Մոլդովական փողոցում բախվել են Lexus մակնիշի 10 MF 010 համարանիշի եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Մինչեւ վթարը Lexus-ը մի քանի անգամ բարձր արագությամբ չափչփել է նշված փողոցը։ Մեքենան վարել է Սերժ Վարդանյանը։ Վթարի պահին վերջինս զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Սեպտեմբերի 17. Ճանապարհային երթեւեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G մակնիշի M 061 YK 163 համարանիշի ավտոմեքենան։ Վարորդը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» պահանջներին ու դիմել է փախուստի։ Մեքենան վարել է Սերժուլիկ Վարդանյանը։

2016 թվական

Հունվարի 5. Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes CԼՏ 350 մակնիշի HO 428 Y համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Սաքուլիկ Վարդանյանը, որը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ մեքենայի վրա տեղադրված ռուսական համարանիշները կեղծ են եղել։

Մարտի 23. Ոստիկանները Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Սերժուլիկ Վարդանյանին։ Վերջինս չի ենթարկվել ՃՈ աշխատակիցների օրինական «կանգա՛ռ» հրահանգին, իր Mercedes G 500 մակնիշի 77 ՏՏ 077 համարանիշի մեքենայով դիմել է փախուստի՝ ճանապարհին հարվածելով ու վնասելով մի քանի ավտոմեքենա։

Մարտի 26. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի է ենթարկել Սերժուլիկ Վարդանյանին։

2017 թվական

Մարտի 3. Կեսգիշերին Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Կոսմոս» խաղատանը կրակոց է հնչել։ Կրակոցն արձակել է Սաքուլիկ Վարդանյանը՝ իր մոտ գտնվող ապօրինի «Վալտեր» տեսակի ատրճանակով։ Կրակոցի արդյունքում   վերջինս ոտքի հրազենային վնասվածք է ստացել։

Մայիսի 8. ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Porsche Panorama մակնիշի 10 RP 001 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Սերժուլիկ Վարդանյանը։  Վերջինս Երեւան-Սեւան ավտոճանապարհին  խախտում անելու համար կանգնեցվել է ՃՈ աշխատակիցների կողմից, սակայն ավտոմեքենան թողել եւ փախել է։ Այդ պահին ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված է եղել։

Հոկտեմբերի 7.  Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Սերժուլիկ Վարդանյանը։ Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ի գիշերը 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս։

2018 թվական

Հունվարի 8. Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում բախվել են BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի եւ Ճանապարհային ոստիկանության Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները։ ՃՈ մեքենայում գտնվող երկու ծառայողները մահացել են։ BMW X 6-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Մեքենայի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական եւ ռուսական։ Մեքենան վարել է Սաքուլիկ Վարդանյանը։

Այսքանը. իհարկե, այս երկու եղբայրների մասնակցությամբ դեպքերը զգալիորեն ավելի շատ են, բայց այսքանն էլ բավարար է սարսափելի պատկեր ստանալու համար։ Հիմա ով այս փաստերը կարդա` քրֆելու է։ Առաջին հերթին նրանց, որոնք ժամանակին Վարդանյաններին չեն պատժել։ Այս օրերին մի քանի ոստիկանի ու ՃՈ տեսուչների հետ ենք զրուցել։ Պայթում էին։ Ասում են. ամեն անգամ սրանց բռնում, բաժին ենք տանում, նյութեր ենք նախապատրաստում, մտածում էինք, վերջ, հեսա կնստեցնեն, գլուխներս կխախանդվի, մեկ էլ մի շաբաթ հետո տեսնենք՝ օրինակ, Սայաթ-Նովայում «գոնկա» են կպնում։ Ինչ-որ տեղ իրենց նվաստացած են զգում։ Այսինքն, մինչեւ իրենց գործընկերների գլուխները չուտեին, այս ամենը վերջ չէր ունենալու։ Շատ թանկ գին է։

Իմիջիայլոց. բնավ չենք զարմանա, եթե մեկ ամիս հետո Սաքուլիկն ու Սերժուլիկը իրենց վարորդական հմտությունները ցուցադրեն Երեւանի փողոցներում։ Արդեն քանի տարի է միայն դա ենք տեսնում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30