Տեղեկացնենք, որ հաջորդ ակցիան տեղի է ունենալու չորեքշաբթի օրը` ժ. 10։00-ին, ԱԺ-ի մոտ։ Այդ օրը ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները` հանդիպելու համար ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ։ Հիմնական պահանջը` մանդատից զրկել Նենեցին (այսուհետ «ՉԻ»-ն Ռուբեն Հայրապետյանին ոչ թե «Նեմեց», այլ «Նենեց» մականվամբ է ներկայացնելու։ Նենեցը հյուսիսային ազգություն է` չուկչայի նման)։
Ավելացնենք նաեւ, որ «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը շաբաթ օրը մոմավառություն անցկացրեց «Հարսնաքար» ռեստորանի մոտ։ Չնայած իշխանական ուժերի եւ նրանց կողմից ուղղորդվող նախաձեռնությունների եւ խմբերի ապակողմնորոշիչ հայտարարություններին ակցիաների տեղի ու ժամի մասին, այնուամենայնիվ, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի անդամներին հաջողվեց աննախադեպ հաջողված ակցիաների շարք իրականացնել «Հարսնաքարի», ապա նախագահական նստավայրի, դատախազության առջեւ, ինչպես նաեւ կազմակերպել ինքնորոշված քաղաքացիների միախմբված երթը դեպի Վահե Ավետյանի` Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող տուն, որտեղ էլ կիրակի օրը կայացավ նրա հոգեհանգիստը, իսկ երեկ` հուղարկավորությունը։
«ՉԻ»-ն իր բազմահազար ընթերցողներին հորդորում է այսուհետ մեր թերթի, ինչպես նաեւի ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղեկանալ «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնություններին եւ ակտիվորեն մասնակցել դրանց։ Մեր բոլորի ակտիվ մասնակցությունը, մեր քաղաքացիական հստակ դիրքորոշումն ու պայքարը միայն կարող են պարտավորեցնել եւ ստիպել իրավապահ մարմիններին ծանր ու արդարացի պատժի ենթարկել բոլոր մեղավորներին, առաջին հերթին` Ռուբեն Հայրապետյանին։