Իսկ երեկ արդեն սկսվել է լիարժեք քարոզչությունը։ Այս անգամ Հանրայինի եթերում հեռարձակված Կոնգրեսի տեսահոլովակում հիմնական մեխը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքում հնչեցրած այն միտքն էր, որ «Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում եւ իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություներում», եւ որ քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրն է հաղթահարել հոգեբանական այս բարդույթը եւ հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար։ «Հաղթելով խորհրդարանական ընտրություններում, ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»,-ահա սա էր երեկ Կոնգրեսի կողմից հեռարձակված հոլովակի հիմնական մեսիջը, որը հնչեցվեց Առաջին նախագահի կողմից։
Հեռուստատեսային քարոզչությանը զուգահետ, Հայ ազգային կոնգրեսը ակտիվ ներկայացված է նաեւ սոցիալական ցանցերում եւ հատկապես Facebook-ում։ Հատկապես մեծամասնական ընտրակարգով Կոնգրեսի կողմից առաջադրված թեկնածուներից շատերը այստեղ ունեն իրենց պաշտոնական էջերը կամ խմբերը` Արամ Մանուկյան, Սասուն Միքայելյան, Դավիթ Մաթեւոսյան, Լեւոն Զուրաբյան, Վլադիմիր Կարապետյան, Վահագն Խաչատրյան, Գայանե Առուստամյան, Ավետ Պողոսյան, Տիգրան Տեր-Պետրոսյան, Մանուել Գասպարյան, Նիկոլ Փաշինյան։ Նրանցից ոմանք էլ` ինչպես օրինակ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, (http։//zourabian.com/), Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը (http։//vladimirkarapetian.am/) բացել են նաեւ իրենց պաշտոնական կայքերը։ Գործում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կայքը` www.nikol.am հասցեով։ Մեր տեղեկություններով, շուտով մի քանի թեկնածուներ եւս կունենան պաշտոնական կայքեր, որոնք ավելի կհեշտացնեն վերջիններիս գործունեության եւ նախընտրական քարոզչության հետ կապված տեղեկատվության տարածումը։
Կոնկրետ նախընտրական շրջանի մեկնարկի առումով Կոնգրեսը դեռ խնդիրների չի բախվել։ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «ՉԻ»-ի հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախընտրական քարոզարշավի մեկնարկը, եւ այս ընթացքում ի՞նչ խնդիրների է բախվել Կոնգրեսը` նշեց, որ Կոնգրեսի ընտրապայքարում այս պահին մեծ հաշվով խնդիրներ չկան, սակայն հավելեց, որ իշխանությունները նորից անցել են սպառնալիքների մեթոդին։ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները փորձում են ընդհանուր վախի մթնոլորտ սերմանել` սպառնալով եւ ճնշումներ գործադրելով հատկապես բիզնես ունեցող անձանց, պետական ապարատի աշխատակիցներին եւ պետբյուջեից աշխատավարձ ստացողներին, որպեսզի վերջիններս չաջակցեն ընդդիմությանը։ Հավելենք, որ այսօր արդեն մեկնարկում է Կոնգրեսի առաջին նախընտրական հանդիպումը ընտրողների հետ։
Այսօր` Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմը` Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային հանրահավաք-հանդիպումներ կանցկացնի Արագածոտնի մարզում։ Այսօր նախատեսված են նաեւ հանդիպումներ ընտրողների հետ Ապարանում, Ուշի եւ Օհանավան գյուղերում եւ Աշտարակում։
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս ընտրություններին Կոնգրեսը մասնակցում է «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսով, իսկ մեծամասնական պատգամավորների պարագայում ընտրվել է եւս մեկ ընդհանուր կարգախոս` «Քո կոնգրեսականը խորհրդարանում»։