23.03.2018 07:00 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Երրորդ հանրապետության վերջին փշրանքները

Ահա եւ փակվեց Երրորդ հանրապետության 28-ամյա պատմության շղթան։ Շղթան սինուսոիդի պես ստացվեց. վերելք, նահանջ, վերադարձ զրոյական կետին։ Այսինքն, այժմ Հայաստանը այն նույն վիճակում է, ինչ 1989-1990 թվականներին. պետականությունը վերացված է, վերեւները չեն ցանկանում, ներքեւները՝ չեն կարողանում։

Իհարկե, պետականությունը դեռ գործում է, բայց միայն թղթի վրա։ Թղթի վրա ունենք պետություն, իշխանություններ, ընդդիմություն, դրոշ, հիմն, քաղաքացիներ, արտգործնախարարություն, դեսպանատներ, բյուջե. բայց այդ ամենը միայն թղթի վրա է գործում, ավելի շատ՝ արտաքին աշխարհի համար։ Բայց պետականությունը առաջին հերթին ենթադրում է որոշակի տարածքում ապրող մարդկանց հոգեւոր, ազգային, մշակութային, բարոյական, զգացմունքային, կենսական պահանջները, իղձերը, նպատակները իրագործելու, կյանքի կոչելու, սերունդներին ժառանգելու ինստիտուտ։ Ինստիտուտ, որը կարող է զարգանալ հավասարություն, ազատություն եւ արդարություն՝ իրար փոխլրացնող եւ իրար վերահսկող երեք կարեւորագույն բաղադրիչների շնորհիվ։

Մեզ մոտ հավասարության եւ արդարության բաղադրիչներն արդեն փաստացի չկան, մնացել են ազատության բաղադրիչի վերջին փշրանքները։ Երբ Գալուստ Սահակյանին հարցնում են, թե Սերժ Սարգսյանը վերջին տարիներին ի՞նչ է արել Հայաստանի համար, ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, պատասխանում է, թե այն, որ դուք՝ լրագրողներդ, ազատ այսպես հարցեր եք տալիս։ Ու անկեղծ է ասում։ Չգիտենք, հասկանում է, թե ինչ է պատասխանում, բայց իսկապես, արդեն հիմա ազատ հարց տալը պետության ղեկավարի իմաստնության, վեհության, բացառիկության էտալոն է հայտարարվում։ Ընդ որում, ազատ հարց տալը չի ենթադրում ազատ պատասխան ստանալ։ Շուտով դա ինստիտուցիոնալ կերպով կամրագրվի։ Իշխանություններն իրենց նիստերը, ժողով-քննարկումները փակ-գաղտնի են դարձնելու, եւ պատասխան տալու, հաշվետու լինելու կարիք չի լինի։

Ժողովուրդը, լրագրողները, բոլորը կարող են այսուհետ ազատ հարցեր տալ, բայց պատասխաններ չեն հնչելու։ Որովհետեւ վերանում է պատասխանատվություն հասկացությունը։ Ո՞ւմ առջեւ պետք է պատասխանատու լինի իշխանությունը։ Ոչ մեկի։ Նա պատասխանատու է միայն իր իշխանությունը պահելու համար, եւ այն պահում է։ Խորհրդարանական ընդդիմությունը. մինչեւ նախորդ ամիսը կարելի էր նրանց պատասխանատու համարել՝ գոնե ընտրողների առջեւ, բայց հիմա նրանք էլ ոչ մի բանի համար պատասխանատու չեն, որովհետեւ ընտրողը նրան ձայն չէր տվել, որ ընդամենը մեկ տարի անց պարզվեր, որ Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջելը համարելու են ատելության քարոզ, գումարած դրան, հիմա էլ միասին գործելու համար ամենահզոր կատալիզատորներից մեկը՝ իշխանությունների դեմ պայքարելը, դարձել է ճիշտ հակառակը՝ նրանց պառակտման կատալիզատորը։

Հայաստանն այս պահին պարզապես տարածք է դարձել, որտեղ Երրորդ հանրապետությունից մնացած պետականության որոշ տարրեր իներցիայով դեռ գործում են, մինչեւ տեսնենք` ինչ է լինելու։ Հարմարվենք, յոլա գնանք, որտեղ հնարավոր է` աչք փակենք, որտեղ կարելի է՝ ձեւ թափենք, որ մտահոգված ենք, մեկ-մեկ կոչեր անենք, վանկարկենք, հզոր ստատուսներ գրենք, իսկ ժամանակը գնում է։

 ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 Այժմ արդեն նոր պատմություն է սկսվում կերտվել։ Երբ ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարում Տրոցկին պարտվեց Ստալինին եւ արտաքսվեց երկրից, առաջին բանը, որ արվեց, պատմության սրբագրումն էր։ Տրոցկու ազգանունը բոլոր դասագրքերից, գրքերից, արդեն նկարահանված ֆիլմերից ջնջվեց։ 1917թ. հեղափոխության եւ դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը նորովի ներկայացվեց. արդեն Տրոցկին չէր Կարմիր բանակի հիմնադիրն ու ռուսական քաղաքացիական պատերազմում հաղթանակների գլխավոր ճարտարապետը, այլ՝ Լենինն ու Ստալինը։ Տրոցկի ընդհանրապես գոյություն չէր ունեցել։ Շատ-շատ՝ խանգարել էր Լենինին։ Հիմա մեզ մոտ այդ փուլն է սկսվել։ Սեֆիլյանին արդեն հանել են պատմության գրքերից. Արցախյան ազատամարտում այդպիսի մարդ չի եղել։

Փոխարենը երեկվանից արդեն պատմության նոր ու փառահեղ էջ գրվեց. պարզվեց, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ոչ թե տարածքային կորուստներ է ունեցել, մասնավորապես՝ 800 հեկտար ապրիլյան պատերազմի ժամանակ, այլ՝ ճիշտ հակառակը, 20 հազար հեկտար տարածք է գրավել կամ ազատագրել Նախիջեւանից։ Երեկ այդ մասին հայտարարել է պատմաբան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ «Հրապարակի» հետ զրույցում։ Հարցնում եմ՝ ե՞րբ, ո՞նց, պատասխանում է՝ դե, գրավել է, էլի, գնացեք քարտեզը նայեք։ Ու դա Սերժ Սարգսյանի շնորհքն է։ Կարեւոր չէ, ճիշտ է ասում, թե՝ ոչ, կարեւորը ասելն է։ Կարելի է չկասկածել, որ ԵՊՀ-ի դասախոս Էդիկ Մինասյանն արդեն հաջորդ տարվա համար պատմության գրքերում մտցնելու է նոր էջ՝ 20 հազար հեկտար ազատագրելու մասին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30