03.11.2017 10:27 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Համ էլ դիրիժոր է

Սերժ Սարգսյանի ընդլայնված գործիքակազմը

Հոկտեմբերի 31-ին Հայաստանում տեղի ունեցավ հերթական լավ բեմադրված շոուն՝ այս անգամ «տոնավաճառների աշխատակիցների բողոքի ցույց» ձեւաչափով։ Շոուն հագեցած էր տրագիկոմեդիայի տարրերով. «տրագիզմը» շարքային ցուցարարների անկեղծ դժգոհությունն էր, « կոմիզմը»՝ կազմակերպիչների ու նրանց սատարող պատգամավորների փաստարկները։

Սկսենք նրանից, որ առավել ակտիվ առեւտրականներն իրենց՝ ակնհայտորեն նախապես համաձայնեցված ելույթներում անընդհատ շեշտում էին, թե իրենց նպատակը հարկերից խուսափելը չէ, ու իրենք պատրաստ են անգամ պետության պահանջածից շատ վճարել, միայն թե իրենց ազատեն ավելորդ թղթաբանությունից ու հանգիստ թողնեն, մինչդեռ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, ովքեր դուրս էին եկել ցուցարարներին աջակցելու, հայտարարում էին, թե «ՊԵԿ-ը գնում է մարդկանց կաշին քերթելու ճանապարհով»։ Կարծում ենք՝ չարժե որեւէ մեկին բացատրել, որ «կաշի քերթել»՝ նշանակում է ավելի շատ հարկեր վերցնել։ Այսինքն՝ եթե ՊԵԿ-ը իրական ապրանքաշրջանառությունը բացահայտի, առեւտրականները ստիպված կլինեն ավելի շատ հարկեր վճարել։ Հետեւաբար՝ իրական ապրանքաշրջանառությունը ցույց տալուց հրաժարվելը պայմանավորված է ոչ թե ավելորդ թղթաբանությունից, այլ լրացուցիչ հարկեր վճարելուց խուսափելու ցանկությամբ։ Սյսպիսով միանգամից հօդս է ցնդում այն թեզը, թե իբր այս ամենը հարկերից խուսափելու հետ ոչ մի կապ չունի։

Հաջորդը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն ըստ էության ընդունում է, որ օրենքը պիտի գործի, բայց գտնում է, որ հիմա դրա ժամանակը չէ, պետք է օրենքի կիրառումը թողնել ավելի լավ ժամանակների։ Եւ նույնիսկ փաստարկ է բերում. ասում է, որ եթե ՊԵԿ-ը բոլոր վաճառականների կողքին մի-մի աշխատակից կանգնեցնի, ծախսերն ավելի շատ կլինեն, քան հարկային եկամուտները, որոնք կավելանան դրա արդյունքում։ Փաստորեն մարդը ՊԵԿ-ի մասին է մտածում։ Այն նույն ՊԵԿ-ի, որի ղեկավարության հրաժարականն է պահանջում։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում հաստատ պրն Մելքումյանից ավելի լավ են հաշվում, ու եթե որոշել են, որ թաքցվող հարկերը բացահայտելու վրա ծախսվելիք գումարները կփոխհատուցվեն՝ ուրեմն այդպես էլ կա։ Բայց եթե անգամ չեն փոխհատուցվի, եթե անգամ զուտ թվաբանորեն պրն Մելքումյանն իրավացի է, մի՞թե դա նշանակում է, որ օրենքը չպետք է գործի։ Այդ տրամաբանությամբ, օրինակ, պետք է ոստիկանության անձնակազմի 80 տոկոսը կրճատել, որովհետեւ ոստիկանները հաճախ մի 50 հազար դրամի գողության բացահայտման վրա մի քանի հարյուր հազար դրամ են ծախսում, իսկ մեկ միլիոն դրամի գողություն արածին էլ մի քանի տարով ազատազրկում են ու այդ մի քանի տարվա ընթացքում նրա վրա ծախսում տասնյակ միլիոններ (պետությունը կալանավորի վրա ծախսում է մի քանի անգամ ավելի շատ գումար, քան, ասենք, ուսուցչի վրա)։ Բայց քանի որ օրենքները պիտի գործեն (համենայնդեպս իշխանություններն այդպես են ասում), պետությունն իրեն այդպիսի «ավելորդ ծախսեր» է թույլ տալիս։ Նույն կերպ էլ ՊԵԿ-ն է վարվում. ուզում է կիրառել օրենքը՝ առանց հաշվի առնելու լրացուցիչ ծախսերը։

Բայց վերադառնանք բողոքի ցույցին։ Բողոքն ուղղված է կառավարության դեմ եւ ակնհայտորեն ուղղորդվում է «Ծառուկյան» դաշինքի կողմից, բայց չգիտես ինչու՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի անունը չի հնչում, թեեւ սա Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարությունն է (Էդուարդ Շարմազանովն այդ մասին օրը չորս անգամ հիշեցնում է)։ Ավելին՝ հենց Սերժ Սարգսյանն է ամենաշատը խոսում հարկային մուտքերն ավելացնելու մասին, ու օրենսդրական փոփոխություններն էլ խորհրդարանական մեծամասնությունը չէր ընդունի առանց նրա հստակ հրահանգի։ Բայց հարկային մուտքերն ավելացնել հնարավոր է միայն խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերելով։ Եվ ահա ՊԵԿ-ը փորձում է զբաղվել դրանով, ու... միանգամից շարքային առեւտրականների բողոքի ցույցեր «մարդկանց կաշին քերթող» ՊԵԿ-ի դեմ։ Իսկ «կառավարության գործունեության համար պատասխանատու» Սերժ Սարգսյանի ու երիտհանրապետականների կողմից՝ քար լռություն։ Երեւի Սերժ Սարգսյանն ինչ-որ մարդկանց ուզում է ցույց տալ, որ ժողովուրդը միայն իրենից չի դժգոհ, կան նաեւ դգոհության այլ թիրախներ, եւ այդ հարցում նրա ու « երկրորդ քաղաքական ուժի» շահերը համընկնում են։

Վերջին հաշվով՝ քաղաքականության մեջ «բաժանիր, որ տիրես» սկզբունքը որեւէ մեկը չեղյալ չի հայտարարել։ Միայն թե Սերժ Սարգսյանը երեւի տեղյակ չէ, որ այդ սկզբունքը սովորաբար կիրառում են օտար նվաճողները՝ տեղացիների դիմադրությունը թուլացնելու համար։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30