- Որովհետեւ նրանք հարցեր էլ են տալիս։ Իսկ այսպես լավ էր, Միշիկը հարցն ու պատասխանը բերեց, կարդացի, հավանեցի։
- Փաստորեն երիտասարդ առաջնորդներ թրծելու գործը սկսել եք։
- Ախր դուք թրծելու գործընթացը ո՞նց եք պատկերացնում։ Վերցնում ես ինչ-որ բան, հետո ինչ ձեւ ուզում՝ տալիս ես, հետո գցում ես կրակը...
- Փաստորեն Դուք Հայաստանի ժողովրդին թրծո՞ւմ եք։ Տասը տարի է՝ կրակն եք գցել...
- Համատեքստից կտրված հարցեր ես տալիս։ Հենց որ դարձա վարչապետ՝ լրջորեն զբաղվելու եմ դրանով, այ էն ժամանակ կրակը գցելը կտեսնես։
- Բայց 2014-ին ասել էիք, որ չեք հավակնելու վարչապետի պաշտոնին։
- Լսի, այ հիմա որ դու եկել ես ինձանից հարցազրույց վերցնելու, դու սուրճ խմելու հավակնություն ունեի՞ր։
- Ոչ։
- Բայց որ բերեցին՝ խմեցիր, չէ՞։ Հիմա ես էլ վարչապետ դառնալու հավակնություններ չունեմ, բայց որ առաջարկում են՝ դառնում եմ։
- Իմանայի՝ սուրճը չէի խմի։ Լավ, նույն հարցազրույցում ասել էիք նաեւ, որ մնում եք, որովհետեւ երկրի ապագան վտանգված է, մինչդեռ հակառակ տեսակետն էլ կա՝ երկրի ապագան վտանգված է, որովհետեւ մնում եք...
- Ես այդ տեսակետի կողմնակիցներին բանտերը լցնելու հավակնություններ չունեմ։ Բայց հիմիկվանից ասեմ՝ եթե հետագայում իմ այս խոսքերը մեջբերես, համատեքստից կտրված է լինելու։
- Դուք ակնարկել եք նաեւ, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների պատճառով եք որոշել ստանձնել վարչապետի պաշտոնը...
- Այո։ Հիմա համոզվեցի՞ք, որ այդ խմբավորման գործունեությունն իսկապես ծանր հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։
- Ես կասեի՝ շա՛տ ծանր։ Ի դեպ՝ գիտե՞ք, թե ժողովուրդն ինչ անուն է տալիս իրենց խոսքից հետ կանգնողներին։
- Ժողովուրդը՝ չգիտեմ, բայց իմ շրջապատում նման մարդկանց անվանում են «անփոխարինելի»։
- Իսկ գիտե՞ք, թե նման մարդկանց «անփոխարինելի» անվանողներին ինչ են անվանում։
- Ուզում եք ասել՝ հայհոյո՞ւմ են։ Ոչ, անվանում են հանրապետական։
- Կարծում եք՝ տարբերությունը մե՞ծ է։ Կարող եք չպատասխանել, սա հռետորական հարց էր։ Շնորհակալություն հարցազրույցի համար։