14.04.2017 06:23 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շատ ու քյաշ

Դուք ներդնում եք, ժողովուրդը` հանգստանում

Դուք ներդնում եք, ժողովուրդը` հանգստանում

Ինչպես եւ պետք էր սպասել` խորհրդարանական ընտրությունների ավարտից եւ օդիոզ «ռեյտինգայինների» շռնդալից հաղթանակից հետո երկրորդ պլան մղված վարչապետ Կարեն Կարապետյանը պիտի փորձեր վերականգնել իր կորսված դիրքերը։

Ու այդպես էլ անում է` խոսում է «դմփոց ռեֆորմների» եւ հարյուր միլիոնավոր դոլարների կոնկրետ ներդրումների մասին։ Իբր` տեսեք, դրանք նախընտրական խոստումներ չէին,  ընտրություններն ավարտվել են, բայց մենք նույն ինտենսիվությամբ շարունակում ենք աշխատել։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ հստակեցրել է, որ միայն այս տարի նախատեսվում է 850 միլիոն դոլարի ներդրում։  

Դեռ մի կողմ թողնենք հարցը` շա՞տ է, թե քիչ 850 միլիոն դոլարի ներդրումը մի երկրում, որտեղից կապիտալի անօրինական արտահոսքը կազմում է տարեկան առնվազն մեկուկես միլիարդ դոլար։ Մի կողմ թողնենք նաեւ այն, որ Հայաստանի նման երկրներում «օտարերկրյա ներդրում» ասվածը հարաբերական է` այդ գումարների զգալի մասը գալիս է օֆշորներից, այսինքն` առավել հաճախ հենց այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն են իրենց թալանածը դուրս բերում օֆշորներ ու հետո ինչ-ինչ խուճուճ սխեմաներով ետ բերում` իբրեւ «օտարերկրյա ներդրումներ»։

Ենթադրենք` ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ մաքուր է, ու իսկապես էլ 850 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացվելու։ Ե՛վ վարչապետ Կարեն Կարապետյանը, ե՛ւ տնտեսական զարգացման նախարարը առանձնացրել են այն հիմնական ոլորտները, որտեղ պիտի իրականացվեն այդ ներդրումները։ Առաջնահերթությունները հստակ են` զբոսաշրջային ենթակառուցվածքներ, ծառայություններ եւ հանքարդյունաբերություն։ Այլ ոլորտներ էլ կան, բայց հիմնականը սրանք են։

Սովորաբար հենց այս առաջնահերթություններն էլ գործում են երրորդ աշխարհի երկրներում, եւ այս «ներդրումային ծրագրերից» հասկանալի է դառնում, թե Հայաստանի իշխանություններն ու «ռուսաստանաբնակ հայ գործարարներն» ինչպես են պատկերացնում մեր երկրի ապագան։ Եթե շատ պարզեցնենք սխեման` պատկերը մոտավորապես այսպիսին է. տղամարդիկ պիտի աշխատեն հանքերում, իսկ կանայք` հյուրանոցներում եւ այլ «ենթակառուցվածքներում» ծառայություններ մատուցեն զբոսաշրջիկներին։ Հասկանալի է` նաեւ գյուղատնտեսությունը պիտի զարգանա, որովհետեւ «ենթակառուցվածքներին» որակյալ սննդամթերք է պետք։

Կառավարությունում «փայլուն մենեջերներ» են հավաքվել, ու նրանց համար կարեւորը փողն է։ Որ ոլորտը հնարավորինս արագ շատ փող բերեց` այդ ոլորտն էլ պետք է զարգացնել։ Նույն տրամաբանությամբ են գործում նաեւ «ռուսաստանաբնակ հայ գործարարները», դրա համար էլ փող են ներդնում միայն հանքարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում։ Այդ ոլորտներում բարդ տեխնոլոգիաների կարիք չկա, հանքը շահագործեցիր, հանքաքարը տարար, մի քիչ փող տվեցիր պետությանը, մնացածը` քեզ մաքուր շահույթ, կամ` որեւէ էլեկտրակայան առար, հոսանքը ֆանտաստիկ բարձր գնով վաճառեցիր, երաշխավորված գերշահույթը ստացար, եւ վերջ։ Իսկ զբոսաշրջության զարգացումը հենց այնպես, «պտիչկա դնելու» համար է։ Ի՞նչ զբոսաշրջություն պիտի զարգանա մի երկրում, որը ծովի փոխարեն ունի «ազգ-բանակ» գաղափարախոսություն, իսկ չորս հարեւաններից երեքի հետ` սահմանի փոխարեն ճակատ։ Ուրիշ բան, որ հյուրանոցները պետք են` հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։ Բոլոր խոշոր գործարարներն էլ իրենց օֆիսներում շատ ճոխ հանգստի սենյակներ են ունենում։

Բան չունենք ասելու, եթե Հայաստանն ընկալենք ոչ թե որպես պետություն, այլ որպես «տնտեսվարող սուբյեկտ», զարգացման այս «տեսլականը» գուցեեւ արդարացված է. ինչ-որ շահույթ կբերի։ Ավելի շատ, քան եթե փորձ արվեր քայլ առ քայլ նորմալ տնտեսություն կառուցել։ Բայց արդյո՞ք ամենակարեւորն այսրոպեական «քյաշ փողն» է։ Բոլորն էլ գիտեն, որ մարմնավաճառները տասնապատիկ ավելի շատ են վաստակում, քան, ասենք, ուսուցչուհիները, բայց ծնողների քանի՞ տոկոսն է դուստրերին ինստիտուտի փոխարեն հասարակաց տուն ուղարկում; Ինչ է, չգիտե՞ն, որ այնտեղ ավելի շատ շահույթ կստանան։

Իհարկե գիտեն։ Ճիշտ այնպես, ինչպես այսօրվա իշխանությունները գիտեն, որ հանքարդյունաբերությամբ ու ծառայությունների ոլորտով տնտեսություն չի զարգանա։ Բայց այդ ուղղությամբ են աշխատում, որովհետեւ իրենց համար կարեւորը փողն է։ Շա՛տ փողը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30