27.12.2017 05:29 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Աղբի տեղը աղբամանում է

Այո: Հենց այնտեղ է: Միայն այնտեղ է: Ապա նաև աղբավայրում: Ապա նաև վերամշակված ու ապրանք դարձած նոր իրերում: Բայց…

Աղբի տեղն աղբամանում է: Բիլբորդ: Բիլբորդներ: Հայաստանով մեկ: Երևանով մեկ: Արշակունյաց ամենաերկար պողատայի վրա: Կիևյան պողոտայի վրա: Քոչար, Հալաբյան պողոտաներում: Եվ ես չեմ տեսել ավելի քան-քան-քան քաղաքական կարգախոս 2000-ականների սկզբից ի վեր: Ինչպես որ այդ պողոտաներից ոչ մեկում, բիլբորդների տակ լինի, թե նրանցից կիլոմետրեր հեռու, ես չեմ տեսել որևէ աղբաման, այսինքն` աղբարկղ, այսինքն` ՈՉ սանիտեքս հորջորջվածի պլաստմասե կամ այլ բնակավայրերի մետաղական կոնտեյներները:

Ախթալայի ԼՀԿ՝ երկիրս հարստահանող էլի մի կազմակերպությունը՝ շարունակում է ոչ միայն հարստահանել երկրիս ընդերքը, այլև թրքել երկրիս ջրերի միջում՝ պոչամբարներից աղբը՝ թափոնը, թույնը, քիմիան Դեբեդ գետը լցնելով: Այսինքն,… այսօր Ախթալայի ԼՀԿ-ն է, վաղը Քաջարանինը կլինի, երեկ… Բայց դե աղբի տեղն իհարկե աղբամանում է: Հատկապես երկիրս հարստահանող քրեաօլիգարխիկ աղբի՝ օրինակ, մոլիբդեն ու պղինձ, ոսկի ու սնդիկ հարստահանող աղբի:

Փոքր ՀԷԿ-երը պատուհաս ու չարիք են դարձել այս երկրի համար: Փոքր ՀԷԿ-երը Հայաստան եկան որպես ալտերնատիվ էներգետիկայի տարբերակ: Եկան ու չորացրին Հայաստանի ձորերն ու ձորակները, ոչնչացրին դրանց միկրոկլիման ու կենդանական աշխարհը: Ակներև է չարիքը: Մինչդեռ կառուցվում եմ ու կառուցվում: Հիմա էլ Լոռվա Հագվի համայնքի գետ է ոչնչացման եզրին հայտնվում…… Բայց դե աղբի տեղն իհարկե աղբամանում է: Հատկապես անհաշվարկ, խոսավարի կառուցված ու շահագործվող ՀԷԿ-եր կոչեցյալ աղբի:

Գողը միս էր գողացել, տարել էր ու վաճառել, վաճառված մսին կասկածել էին, ստուգել, գողին բռնել, գողը ասել էր ումից է գողացել, պարզվել էր…գողից էր գողացել՝ գնացել էին, բռնել, պարզվել էր՝ հոտած միս ունեն կուտակած նկուղներում, որ իշի է ու ձիու, բայց վաճառվում է որպես տավարի: Ինը հարյուր կիլո… Բայց դե աղբի տեղն իհարկե աղբամանում է: Հատկապես… մայրաքաղաքի կենտրոնում, թղթի սերտիֆիկատը, թե՝ ահա ստուգված, տավարի միս է ծախում պարոն այսինչը.. ահա հատկապես այդ պարոն եսիմինչ աղբի և նրան սերտիֆիկատ տվող տեսչություն աղբի ու նրանց բռնող-չբռնող աղբի:

Հա…էն էի ասում… Պատվաստանյութերի ու Գարդասիլ-աղբի մասին արդեն գրել եմ: … Բայց դե աղբի տեղն իհարկե աղբամանում է: Հատկապես ստախոս, անկիրթ, անմակարդակ, թերուս, ողորմելի աղբի: Քաղաքական, ի պաշտոնե աղբի: Դե… առողջապահության ոլորտ է: Անուն չտամ: Անանուն Զիբիլի:

Հանրությունս, այո, հորանջեց, երբ ազգիս անվտանգության ծառայությունը Հայաստանում ծրագրվող ահաբեկչություն բացահայտելու մասին էլի, ևս, նորից մի հաղորդոմ տարածեց՝ հինգերորդը՝ Նորք-Մարաշի զինված խմբի, «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի ստեղծած խմբերի մասին հաղորդումներից հետո: Հանրությունս, այո, որևէ տագնապ, իրարանցում, աղմուկ չվերապրեց: Հայաստանում զենքով իշխանափոխություն իրականացնելու մտադրության վերաբերյալ հանրությունս, այո, ունի անվերապահ կարծիք, որ… աղբի տեղն իհարկե աղբամանում է: Եվ այդ աղբը տարածվող, տարածված ու տարածվելիք բոլոր հաղորդագրությունների տեքստերին ըստ էության չի համապատասխանում: Ընդ որում, հանրությունս ազգիս ստորա-գարշներին խորհուրդ է տալիս ականջներին օղ անել, որ Հաց բերողն իրոք հաց էր բերել և աղբի գարշահոտով նրան սպանեցին ստորա-գարշները:

Աղբի տեղն աղբամանում է: Բիլբորդ: Բիլբորդներ: Ու… Լավագույն դեպքում՝ սանիտեքս Երևանում: Ի դեպ՝ գովելի է…ր երկու տարի առաջ: Սանիտեքս ու.. ութսուն տարեկան տատիկներ ու վաթսուն տարեկան կանայք՝ գիշերահերթ հավաքարար՝ սառը դեկտեմբերից մինչև տժժան օգոստոսով՝ դարձյալ սառը դեկտեմբեր՝ գիշերվա փայլուն համազգեստներով՝ իրենք՝ մի բուռ ու մի կերպ քայլող: Գետինը մտնենք ազգովի՞: Չէ…աղբի տեղը աղբամանում է՝ գետինը մտնեք դուք, որ ձեր ու մեր մայրերին ու տատերին՝ վաստակած հանգստի փոխարեն, հավաքարար եք կարգել: Աղբամանը մտնեք:

Աղբի տեղն աղբամանում է: Եվ 2040-ի ողորմելի տեսլական: Ասեմ՝ ըստ առկա, ստեղծված, անտաղանդորեն արհեստածին իրավիճակի՝ բացառիկ կերպով սթափ տեսլական, թե՝ աղբ ենք, տեղներս աղբամանում է, բայց քանի որ ՆՈւՅՆԻՍԿ պողոտա առ պողոտա աղբաման չկա՝ քաղաքականության մեջ ենք կուտակվել, հանրությանս վրա ենք թափվել, ժողովրդիս ենք սերտաճում: Տեսլական ենք տալիս, թե ՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ ազգաբնակիչ է ունենալու երկիրն այս: Բա…այ, Աստված ձեր խեղճուկրակ նախնիներին օրհնած լիներ՝ մի փոքր ավելի հաջող  ստացվեիք: Բա, ախր եթե զիբիլ եք, աղբ էլ չեք սկի, բա չեք հասկանում, որ եթե ոչինչ էլ չանեք, պարզապես սսսս., դե ասում եմ՝ սսսսս… սահուն կերպով բացակայեք այս երկրից հենց վաղը, 2040-ին ՏԱՍՆՉՈՐՍ ՄԻԼԻՈՆ մարդ կապրի այս երկրում. Հենց իմանան, որ աղբը ուտիլիզացրել ենք, վերամշակել ենք սկսել աղբը՝ կլցվեն, կբազմանան, կծաղկեցնեն:

Գարնան վերջերն էր անցնող տարվա: Արարատյան դաշտի Արաքս մայր գետիս ճահճուտներում սրտացավ մարդիկ արագիլների կոտորած էին ամրագրել՝ նավթանման հեղուկը ճահիճ ու լիճ էր լցվել՝ թռչուններին էլ, ձուկն էլ, բույսերն էլ նավթոտել՝ խեղդել: Սրտացավները էս ու էն կողմ դիմեցին, տեսչություններ զանգեցին, նամակներ գրեցին՝ ոչ մի բան չարվեց՝ անմեղսունակ ձևացող պետական համակարգս պարտակեց նավթագեն եղջերավորներին՝ աղբն էլի, ևս, ու նորեն մեկ անգամ աղբամանը չմտավ: Որովհետև առողջագույն ինքնապաշտպանության բնազդ ունի մեր աղբը, մեր հիերարխիկ նորօրյա աղբն ու իրեն ինտեգրված արխաիկ աղբակույտերն էլ:

Եվ ես հիմա չգիտեմ՝ ճապոնացիք, որ իրենց երկրում աղբի լիակատար ու անընդհատ ուտիլիզացիա են իրականացնում՝ երբ հայտ էին ներկայացրել՝ նույնն այստեղ անել՝ մեր քաղաքական աղբը վախեցել էր իր և ապա՝ մեր տնտեսաֆինանսական աղբակույտ սերտաճածների համար՝ թե վերջներն է եկել՝ կենցաղայինի հետ իրենց էլ կուղարկեն լրիվ վերամշակման ու երկիրն առանց իրենց որբացած կմնա՞: Վախեցել էին ու մերժե՞լ:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31