03.02.2017 10:02 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինքն էլ դու ես` դու չկաս

Քաղաքական կոմերցիայի գրոսմայստերները

Քաղաքական կոմերցիայի գրոսմայստերները

Իշխանական համակարգում հիմնական դերաբաշխումը կարծես թե ավարտված է։ Ըստ այդ դերաբաշխման` վարչապետ Կարեն Կարապետյանը պիտի առանձնապես չխառնվի ներքաղաքական գործընթացներին ու զբաղվի բացառապես ֆինանսատնտեսական խնդիրներով, այսինքն` միջազգային կառույցներին ցույց տա, որ լրջորեն զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, փորձի կարգուկանոն հաստատել պետական կառավարման համակարգում ու որտեղ պետք է` «պտուտակները ձգել», Ռուսաստանի հայ մեծահարուստներից «ներդրումներ բերի» եւ այլն։

Դրան զուգահեռ` Սերժ Սարգսյանը պիտի առաջիկա ընտրություններում հայտնի մեթոդներով ապահովի ՀՀԿ-ի հաղթանակը։ Այդ թվում` նաեւ այն նույն կրիմինալի ու կոռումպացվածների միջոցով, որոնց դեմ իբր պայքարում է վարչապետը։  

Մի խոսքով` Կարեն Կարապետյանն այս բեմականացման «դրական կերպարն» է, Սերժ Սարգսյանը` «բացասականը»։ Ճիշտ եւ ճիշտ հայտնի անեկդոտի պես։ Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի դիմաց երկու մուրացկաններ են նստած, մեկի առջեւ գրություն կա` «օգնեք խեղճ հրեային», մյուսի առջեւ` «օգնեք խեղճ ռուսին»։ Անցորդներն արհամարհանքով նայում են հրեայի կողմը, ողորմություն տալիս ռուսին ու ինքնագոհ հեռանում։ Անցորդներից մեկն ի վերջո չի դիմանում, մոտենում է հրեային ու խորհուրդ տալիս նույնպես որպես ռուս ներկայանալ։ Սրա հեռանալուն պես հրեան դիմում է «ռուսին», «լսեցի՞ր, Աբրա՛մ, այս ռուսները որոշել են մեզ կոմերցիայի դասեր տալ»։

Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Կարեն Կարապետյանը քաղաքական կոմերցիայի դասերի կարիք չունեն։ Նրանք իրենք ում ասես դասեր կտան ու այդպես էլ անում են` մատների վրա «ֆռռացնելով» բոլորին, այդ թվում` նաեւ իրենց երբեմնի ու ներկա թիմակիցներին։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե նրանք իրենց մղումներում անկեղծ չեն։ Կարեն Կարապետյանն, օրինակ, հաստատ անկեղծորեն ցանկանում է Ռուսաստանի «հայկական շրջանակներից» 300 միլիոն դոլարի ներդրումներ բերել Հայաստան, որովհետեւ վիճակն իսկապես ծանր է, ու եթե դրական փոփոխություններ չլինեն` կուժն ու կուլան իր գլխին են ջարդվելու։ 2016 թվականի տվյալներն ամփոփվեցին, ու խայտառակ պատկեր ստացվեց` տնտեսական աճը համարյա զրոյական է, պաշտոնական տվյալներով` երկրից արտագաղթել է 54 հազար մարդ, պետության պարտքն էլ ավելանում է օրական 1,5 միլիոն դոլարով։ Ու Կարեն Կարապետյանը գոնե իշխանական համակարգում իր դիրքերի ամրապնդման համար պիտի ձգտի ոչ միայն Ռուսաստանից ներդրումներ բերել, այլեւ իր անձնական միջոցները ներդնել (ինչպես խոստացել է Գյումրիի դեպքում)։

Բայց հարց է ծագում` արդյո՞ք հնարավոր կլինի դրսից 300 միլիոն դոլար բերել մի երկիր, որտեղից ամեն տարի ապօրինի ճանապարհով դուրս է բերվում առնվազն հինգ անգամ ավելի շատ` մոտ 1,5 միլիարդ դոլար, եւ որտեղից ամեն տարի արտագաղթում է բնակչության 2 տոկոսը։ Եթե Հայաստանում 300 միլիոն դոլար ներդնելու տեղ կա, ինչո՞ւ է ամեն տարի 1,5 միլիարդ դոլար դուրս բերվում երկրից։ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է պատասխանել այս հարցին։ Թե՞ «էլիտան պիտի փոխվի» ասելով նա հենց դա նկատի ուներ` Հայաստանում ապօրինի հարստացածները պիտի ամեն ինչ վերցնեն ու հեռանան, իսկ նրանց փոխարեն Ռուսաստանից պիտի նորերը գան։ Այդպես չի լինում, որովհետեւ եթե համակարգն այնպիսին է, որ հաջողակ բիզնես անել հնարավոր է միայն իշխանությունների հետ կիսվելով` ի՞նչ տարբերություն, թե որտեղից են գալիս ներդրումները։ Ինչ ներդրում էլ արվի` դրանից միայն Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն են շահելու, իսկ հասարակության համար ոչինչ չի փոխվելու։ Շատ-շատ` կարող է հոսանքն էժանանալ 1,2 դրամով։

Ի վիճակի՞ է արդյոք Կարեն Կարապետյանը փոխել այս համակարգը։ Իհարկե ի վիճակի չէ, որովհետեւ ոչ քաղաքական հենարան ունի, ոչ ուժային լծակներ։ Եթե ի վիճակի էլ լիներ` հազիվ թե աներ, որովհետեւ կոմերցիայի տեսանկյունից ձեռնտու չէ։ Շատ էլ` որ «էս հայերը» որոշել են նրան ու Սերժ Սարգսյանին կոմերցիայի դասեր տալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30