01.11.2016 08:26 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

По матрешкам

Կեղծ միավորումների մարտավարությունը

Կեղծ միավորումների մարտավարությունը

Ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերի միավորման մասին խոսակցությունները դարձյալ աշխուժացել են։ Սա սովորական երեւույթ է, բայց քանի որ այս տարի պոտենցիալ «միավորվողների» թիվն անհամեմատ ավելի մեծ է` գործընթացն էլ, համապատասխանաբար, անհամեմատ ավելի ծիծաղելի է ստացվում։

Ծիծաղելին առաջին հերթին այն լրջությունն է, որով տարբեր «ընդդիմադիր ուժերի» ղեկավարներ հայտարարում են, թե համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է, բայց քննարկումները շարունակվում են, եւ եթե առաջարկներ լինեն` իրենք կքննարկեն, կուսումնասիրեն այլ «ուժերի» ծրագրերը, եւ եթե դրանք համապատասխանեն... Մի խոսքով` հասկացաք. իրենց ծանր են պահում։ Եվ այնքան լուրջ, որ լսողները կարծեն, թե սրանք իսկապես ընդդիմադիր են, եւ` իսկապես ուժ։

Կոմիզմի գագաթնակետն, իհարկե, «ծրագրերն ուսումնասիրելու» դրվագն է, որովհետեւ «կակռազ» ծրագրերն ուսումնասիրելու կարիք չկա. բոլոր կուսակցություններինը մոտավորապես նույնն են։ Բոլորի ծրագրերն էլ ենթադրում են պետության զարգացում, կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքար, ժողովրդավարության ամրապնդում, բնակչության կենսամակարդակի կտրուկ աճ, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորում` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ այլն։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե «ընդդիմադիր ուժերի» միջեւ քննարկումները ձեւական են, եւ ընդդիմությունը չի միավորվի։ Իհարկե կմիավորվի։ Մի քանի միավորումների մեջ։ Որովհետեւ դրանցից յուրաքանչյուրն այնքան փոքր է, որ ինքն իրենով չի կարող իշխանությունների ուշադրությանն արժանանալ եւ փորձել քաղաքական համակարգի խաղացող դառնալ` թեկուզ ընդդիմադիր «մարզաշապիկով»։ Իսկ եթե մանր-մունրներով միավորվեն` գուցե ինչ-որ բան ստացվի։

Իսկ հիմա փորձենք այս ամենին նայել շարքային քաղաքացիների տեսանկյունից։ «Ընդդիմադիր ուժերի» ղեկավարների համար լավ է. տարբեր սրճարաններում նստած` հնարավոր դաշինքների վերաբերյալ բանակցություններ են վարում, հարցազրույցներ են տալիս, կարեւոր մտքեր են հայտնում, մի խոսքով` իրենց վատ չեն զգում։ Ու հիմա պատկերացրեք` այս իշխանություններից հիմնավորապես զզված շարքային քաղաքացին, ով շատ լավ հասկանում է, թե ովքեր են մեղավոր այս իրավիճակի համար, շատ լավ գիտի, թե ինչ արժեն մուլտիմիլիոնատեր չինովնիկների ճառերը կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իր օրական 3-4 հազար դրամը մի կերպ վաստակած` գալիս է տուն, միացնում հեռուստացույցը եւ տեղեկանում, որ, ասենք, Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած  «ուժը» հնարավոր է` երկխոսություն սկսի Վահան Բաբայանի, Էդմոն Մարուքյանի կամ էլի ինչ-որ մեկի ղեկավարած «ուժի» հետ, իսկ ահա Վիկտոր Դալլաքյանի կամ Անդրիաս Ղուկասյանի հետ չի բանակցի, որովհետեւ... Այդ մարդը հոգնած-ջարդված եկել է տուն ու ճանապարհին երկար մտածելուց հետո այդպես էլ չի կողմնորոշվել` ցամաք հացից բացի նաեւ մի երկու կոնֆե՞տ առնի երեխայի համար, թե՞ խնայի փողը, որ գուցե կարողանա արտագաղթի ճանապարհածախս «հետ գցել», ու ահա հեռուստաէկրանից ինչ-որ կերած-խմած մռութներ խոսում են միավորվելու եւ իրեն փրկելու մասին։ Ի՞նչ եք կարծում, այդ մարդու մեջ լավատեսական սպասումնե՞ր կառաջանան, թե՞ հակառակը` ավելի կհամոզվի, որ այս իշխանություններից պրծնելու հույս չկա, ու ինչքան շուտ հեռանա երկրից` այնքան լավ։

Խնդիրն այն չէ` ընդդիմադիր քաղաքական ուժերը պիտի միավորվե՞ն, թե ոչ։ Խնդիրն այն է, որ նման հարցադրումը տեղին է միայն այն դեպքում, եթե այդպիսի ուժեր գոյություն ունեն։ Ցավոք` Հայաստանում եղածները կամ ընդդիմադիր չեն, կամ քաղաքական չեն, կամ ուժ չեն։ Իսկ այդ իրավիճակում հասարակությունը երկու տարբերակ ունի. կամ գնալ ուժի հետեւից` հույս ունենալով, որ նրան կդարձնի քաղաքական ընդդիմություն, կամ գնալ քաղաքական ընդդիմության հետեւից` նրան դարձնելով ուժեղ։

Մի խոսքով` հիբրիդային միավորումները «սերունդ չեն տալիս»։ Եթե, ասենք, զուտ քաղաքական կառույցը միավորվում է հզոր, բայց` ոչ քաղաքական կառույցի հետ, ոչինչ չի ստացվում։ «Ուժերը» թող «ուժերի» հետ միավորվեն, քաղաքական կառույցները` քաղաքական կառույցների հետ (եթե ստացվի)։ Ու թող հասարակությունը որոշի` ուժի՞ հետեւից է գնում, թե՞ գնում է «ուժի» դեմ պայքարողներին ուժեղացնելու։

Իսկ «միավորման շուրջ քննարկումների փուլում գտնվող» մանր-մունր կառույցների վրա ուշադրություն շեղելու կարիք հաստատ չկա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30