14.06.2012 00:44 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Զուրաբյան. մեր հանրահավաքային պայքարին գումարվելու է մեր պայքարը խորհրդարանում

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Հայաստանը կանգնած է բախտորոշ արտաքին մարտահրավերների եւ ներքաղաքական ցնցումների առաջ։

«Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղյան ճակատային գծում Ադրբեջանի ռազմական մեքենայի գործողությունների հետեւանքով տեղի ունեցան ողբերգալի դեպքեր, որոնք խլել են մեր քաջարի զիվորների կյանքը, վտանգել սահմանային գյուղերում ապրող մեր հայրենակիցներին։ Հայ ազգային կոնգրեսի անունից խորին ցավակցություն եմ հայտնում հայրենի հողը պաշտպանած մեր հերոս մարտիկների հարազատներին եւ զորակցում վտանգված սահմանային գոտում ապրող մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը` ռազմական միջոցով հակամարտությունը լուծելու իր պատրաստակամության մասին»,- հայտարարել է Զուրաբյանը։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանի նավթային սպառազինման շանտաժին մենք կարող ենք ունենալ ազդու պատասխան` դեմոկրատական Հայաստան, որում բոլորը հավասար են օրենքի առջեւ, ուր գործում է ազատ տնտեսական մրցակցությունը, ուր իշխանությունը ընտրվում է ժողովրդի կողմից եւ հաշվետու է նրա առջեւ։ «Այսպիսի Հայաստանի համար արդեն հինգերորդ տարին պայքարում է Հայ ազգային կոնգրեսի ղեկավարած համաժողովրդական Շարժումը։ Այս ընթացքում տասը մարդ զոհվեց ռեժիմի գնդակներից, հարյուրավոր քաղբանտարկյալներ տարիներ անցկացրեցին բռնապետության բանտերում, արգելվեցին հանրահավաքներ։ Բայց մեր Շարժումն անկասելի է»,- նշել է Զուրաբյանը։ Նա նշել է նաեւ, որ հակառակ պետականորեն կազմակերպված համատարած ընտրակեղծիքների, ընտրակաշառքի զանգվածային բաժանման եւ ընտրողների ահաբեկումների` այսօր Հայ ազգային կոնգրեսից 7 պատգամավոր մուտք է գործել Հայոց խորհրդարան։ Սա էապես փոխելու է քաղաքական գործընթացները Հայաստանում։ «Այսուհետեւ մեր հանրահավաքային պայքարին գումարվելու է մեր պայքարը խորհրդարանում։

Սերժ Սագսյանի պաշտոնանկության գործընթաց, հակամենաշնորհային օրենսդրություն եւ մրցակցային տնտեսության զարգացում, իշխանությունների կոռուպցիոն գործարքների բացահայտում, խնայբանկի ավանդների վերադարձ, գյուղատնտեսական վարկերի ամնիստիա, մարդու իրավունքների, դեմոկրատական ազատությունների եւ սոցիալական արդարության ապահովում` ահա այն խնդիրները, որոնցով մենք զբաղվելու ենք Ազգային ժողովում։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ մենք կենտրոնանալու ենք բացառապես խորհրդարանական գործունեության վրա։ Այս ամենը հաջողության որեւէ շանս ունի մի դեպքում միայն. եթե ժողովուրդը կանգնած է մեր թիկունքին եւ բոլոր այս հարցերի լուծմանը պատրաստ է աջակցել իր հավաքական ուժով` Ազատության հրապարակում»,- նշել է Զուրաբյանը` հավելելով, որ Ազատության հրապարակը շարունակելու է ապրել իր կյանքով, եւ, ի վերջո, հասնելու է բաղձալի հաղթանակին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30