17.11.2017 13:53 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սիրուն չի, Սերժ

Սերժ Սարգսյանի ընդդիմադիր «չագուճը»

Սերժ Սարգսյանի ընդդիմադիր «չագուճը»

Նապոլեոնի գեներալներից մեկն, ասում են, ինչ-որ առիթով համարձակվել է ակնարկել, որ կայսրը շատ ցածրահասակ է, ու զայրացած Նապոլեոնը հակադարձել է՝ «փոխարենը ես թրի մի հարվածով կարող եմ բոլորին ինձանից ավելի ցածրահասակ դարձնել»։ Դա իսկապես այդպես է. որեւէ ասպարեզում առաջինը դառնալու եւ այդպիսին մնալու երկու ճանապարհ կա՝ հասնել դրան սեփական արժանիքների շնորհիվ կամ ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր ավելի մեծ արժանիքներ ունեն։ Սերժ Սարգսյանն ընտրել է երկրորդ տարբերակը, եւ արդյունքում՝ ՀՀԿ-ի (եւ պետության) «անփոխարինելի» առաջնորդն է։

Բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, Հայաստանն էլ (համենայն դեպս՝ ըստ Սահմանադրության) ժողովրդավարական երկիր է եւ ոչ թե միջնադարի արեւելյան միապետություն, որտեղ սուլթանը գահին տիրանալուն պես մահապատժի էր ենթարկում բոլոր եղբայրներին, հետեւաբար՝ Սերժ Սարգսյանը չի կարող անձամբ զբաղվել մրցակիցներին «իրենից ավելի ցածրահասակ դարձնելով»։ Առավել եւս, որ քաղաքակիրթ երկրներում դրա համար գոյություն ունի կառուցողական ընդդիմություն, գոյություն ունի խորհրդարանական հարթակ, գոյություն ունեն «ժողովրդի մասին մտածող» քաղաքական գործիչներ, եւ այլն։ Առիթն էլ կա ու կա՝ Ազգային ժողովում քննարկվում է 2018 թ. բյուջեն։

«Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը» չեն էլ թաքցնում, որ պատերազմ են հայտարարել Կարեն Կարապետյանին ու նրա թիմակիցներին, իսկ Դաշնակցությունը (Արծվիկ Մինասյանով-բանով) վաղուց է այդ պատերազմի մեջ, այնպես որ՝ Սերժ Սարգսյանը հայտնի անեկդոտի հրեայի պես կարող է ոտքը ոտքին գցել ու մի բաժակ սուրճ պատվիրել։ Ընդ որում՝ բյուջեն այն թեման է, որ կարելի է շաբաթներով քննադատել կառավարությանն ու քարը քարին չթողնել, որովհետեւ երկիրն այն վիճակում է, որ ոչ մի բյուջե չի փրկի։ Խորհրդարանական ընդդիմությանն էլ կարելի է հասկանալ՝ որեւէ քաղաքական ուժ «ժողովրդի սրտից ջուր խմելու» այս հրաշալի առիթը բաց չէր թողնի։ Բայց հարց է ծագում՝ իսկ ո՞վ է երկիրը հասցրել այն վիճակին, որ արտագաղթն ահավոր չափերի է հասել, գնաճը վերահսկել հնարավոր չէ, իսկ բյուջեում թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնելու փող չկա (որովհետեւ խոշոր հարկատուներին մոտենալ չի լինում՝ նրանք իրենց «մուծվելիքը» ընտրությունների ժամանակ են ծախսել, իսկ մյուսներից հարկեր հավաքելու ցանկացած փորձ վերածվում է լավ կազմակերպված բողոքի ցույցի)։ Ցանկացած տրամաբանող մարդու համար հասկանալի պիտի լինի, որ այս վիճակի հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետեւ նրա «իմաստուն ղեկավարման» տարիներին է Հայաստանից արտագաղթել 350 հազար մարդ, նրա նախագահության տարիներին է Հայաստանի արտաքին պարտքը քառապատկվել, նրա «գիշերային որոշման» արդյունքում է Հայաստանը հայտնվել «տնտեսական ինքնասպանների ակումբում», նրա օրոք ենք տարածքային կորուստներ ունեցել, եւ այլն։ Բայց խորհրդարանական ընդդիմությունը, չգիտես ինչու, այս հարցերին անդրադառնալու փոխարեն զբաղված է բացառապես Սերժ Սարգսյանի հետագա կառավարումն ավելի հարմարավետ դարձնելու գործով։ Ի վերջո՝ եթե Սերժ Սարգսյանը որոշել է 2018թ. ապրիլից հետո վարչապետ դառնալ ու առաջին փոխվարչապետ դարձնել Կարեն Կարապետյանին, ապա նա իրեն շատ ավելի հարմարավետ կզգա, եթե նախապես այնքան թուլացնի նրան, որ սա ոչ մի դեպքում չհամարձակվի ինքն իրեն որպես ինքնուրույն ֆիգուր ներկայացնել։ Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է, բայց փաստն այն է, որ դա Սերժ Սարգսյանի՛ խաղն է։ Ու անհասկանալի է, թե խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ է խաղում այդ խաղը։ Միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության շահերը համընկնո՞ւմ են, թե՞ ուրիշ պատճառ էլ կա։

Եթե անգամ ուրիշ պատճառ չկա՝ էլի «սիրուն բան չի ստացվում»։ Ստացվում է, որ երկիրն այս վիճակին հասցրած Սերժ Սարգսյանը ցանկանում է պահպանել իր միանձնյա իշխանությունը, եւ ընդդիմությունը նրան օգնում է այդ հարցում։ Ու եթե անգամ այդպես է վարվում հանուն սեփական շահերի՝ դա արդարացում չէ։ ՀՀԿ-ն էլ է հանուն սեփական շահերի ավերում քաղաքական դաշտը, Սերժ Սարգսյանն էլ։ Իսկ թե ով պիտի գործի հանուն պետական շահի՝ առայժմ չի երեւում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30