Այդ առումով հատկապես ուշագրավ է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը, ով, կարելի է ասել` երեկ մասնագիտական նոկաուտի է ենթարկել Սարգսյանի ծրագիրը։ Այսպես, Բագրատյանը նշել է, որ փաստաթուղթը մեղմ ասած դժվար է ծրագիր անվանել, քանի որ այնտեղ միայն երկար-բարակ դատողություններ են այս կամ այն ոլորտներում հնարավոր ընդհանրական, ծրագրի հեղինակների կողմից այդպես չկոնկրետացված նպատակների շուրջ։ «Եթե չլինեն առանձին նախադասություններ (մի 10-15 հատ` 45 էջ փաստաթղթի մեջ), ապա այս ծրագիրն առանց փոփոխությունների անհրաժեշտության կարելի կլիներ վերագրել Ֆրանսիային, Մոնղոլիային կամ էլ Սվազիլենդին»,- ասել է Բագրատյանը։ Նա իր զարմանքն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագիրը կառուցված է տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի զարգացում եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում գերակայությունների վրա, նշելով, որ այսօր կան ավելի կարեւոր գերակայություններ. արտագաղթ, արտաքին պարտք, աղքատություն եւ այլն։
Բագրատյանը կառավարությանը հիշեցրել, է որ խոստացած 47-61% տնտեսական աճի փոխարեն կա 10.9%, որ Սերժ Սարգսյանի նախագահ աշխատելու ընթացքում ՀՀ տնտեսությունը նվազել է շուրջ 3 տոկոսով այն դեպքում, երբ աշխարհում տնտեսական աճը կազմել է 7.8%։ «Այս վերջին փաստը ի դերեւ է հանում իշխանությունների փաստարկն առ այն, թե ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է մեզանից դուրս գտնվող արտաքին գործոններով։ Ամենեւին, անկման 85%-ը մենաշնորհների վրա հիմնված օլիգարխիկ տնտեսությունն է՝ ՀՀ բարձրագույն իշխանության (նախագահ, վարչապետ) ներգրավմամբ։ 2007-2011թթ. ՀՀ լքել է 157 հազ. մարդ։ 2007-2011թթ. աղքատությունը 23%-ից հասել է 36%-ի։ Բնական է, որ տնտեսության խոստացված ապակենտրոնացումը տեղի չի ունեցել. աղքատության աճն ինքնըստինքյան նշանակում է հարուստների ու օլիգարխների տեսակարար կշռի էլ ավելի բարձրացում։ Երկրի արտաքին պարտքը հատել է 6.5 մլրդ դոլարի սահմանը, որից պետականը՝ շուրջ 4 մլրդ դոլար։ Այդ ընթացքում արտաքին պարտքը ավելի քան կրկնապատկվել է։ Շուրջ 270 հազ. մարդ գործազուրկ է՝ չնայած պաշտոնական հաշվառման մեջ են 73 հազարը։ Բոլոր այդ տարիներին ստեղծվել է ընդամենը 1800 աշխատատեղ։ Հարց է առաջանում` կառավարությունը երբեւիցե վերլուծե՞լ է այս թվերը։ Կառավարությունը գիտի՞, որ ՀՆԱ 10% եւ ավել աճի դեպքում է միայն հնարավոր կասեցնել արտագաղթը»,- նշել է Բագրատյանը։
Նա նաեւ առնվազն տարակուսելի է համարել գյուղատնտեսության, կրթության, առողջապահության եւ այլ մասով սպառողին սուբսիդավորելու փոխարեն մատակարարներին սուբսիդավորելու քաղաքականությունը, քանի որ դրանից հետո բոլորովին անհասկանալի են կոռուպցիայի դեմ իբր թե պայքար տանելու հայտարարությունները։ «Անհասկանալի է զարգացման ճյուղային հատվածում ինչ-ինչ խոստումների առկայությունը։ Այսպես, գրված է. կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի ուղղությամբ։ Նույնը ատոմակայանը։ Հասկանալի չէ, կշարունակվի ի՞նչը։ Ծրագրի սոցիալական հատվածը մերկապարանոց հայտարարություններ են»,- նշել է Բագրատյանը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ ծրագրում ոչինչ չտեսավ մի քանի լայնամասշտաբ նախագծերի մասին, որոնք դեռեւ 2008-ին առանցքային տեղ ունեին Տիգրան Սարգսյանի կառավարության համար. Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոլոգիաների զարգացման բիզնես-կենտրոն դարձնելու, Իրան-Հայաստան նավթամուղի, նավթավերամշակման գործարանի գաղափարները։ Նաեւ արձանագրելով, որ աղքատության ցուցանիշներն աճել են, իսկ կառավարությունն ամեն ինչ բարդում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի վրա` Փաշինյանը մի ուշագրավ փաստ է հիշեցրել. «Եթե ճգնաժամ է, ինչո՞ւ են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները. պարոն Տիգրան Սարգսյանը, ըստ իր իսկ ներկայացրած հայտարարագրերի, 2008-ին անձնական հաշիվներում ունեցել է 17 մլն 247 հզր դրամ եւ 22 հզր դոլար, իսկ արդեն 2012-ին` 35 մլն դրամ եւ 870 հզր դոլար։ Էս ի՞նչ ձեւի ճգնաժամ է, որ աղքատությունը աճում է ավելի քան տասը տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 տոկոսով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 տոկոսով, լոլիկի արտահանումը կրճատվում է 80 տոկոսով, նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ նվազում է 3.8 տոկոսով, իսկ այդ նույն ժամանակահատվածում պաշտոնավարած վարչապետի անձնական եկամուտները աճում են. դրամային եկամուտները` 102.9 տոկոսով, դոլարային եկամուտները` 3 հազար 933 տոկոսով»։
Ստեփան Դեմիրճյանը եւս թվերով մատնանշել է, որ այս կառավարության գործունեության ընթացքում ավելացել է աղքատների թիվը, ավելացել է արտաքին պարտքը, շարունակում է աճել արտագաղթը, գործազրկությունը, աղետալի վիճակում է հայտնվել գյուղատնտեսությունը, առկա է ծնելիության անկում։ «Երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը եղել եւ մնում է երկրում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգը, պետական կառավարման ցածր արդյունավետությունը, ապաշնորհ եւ անազնիվ կառավարումը, ամենաթողությունը, անպատժելիությունը, եւ իհարկե՝ համատարած կոռուպցիան։ Եվ ակնհայտ է՝ կոռուպցիայի բարձր մակարդակի ու աղքատության աճի միջեւ ուղիղ կապը։...Ներկայացված ծրագրում ամեն ինչ շատ լավ է շարադրված, բայց փաստ է, որ գործող կառավարության գործունեության արդյունքում բնակչության մեծամասնությունը հայտնվել է անելանելի իրավիճակում։ Հարուստներն էլ ավելի են հարստանում, իսկ աղքատներն էլ ավելի են աղքատանում։
Մենք չենք կարող կողմ քվեարկել ներկայացված ծրագրին, քանի որ կառավարությունը չի կատարել իր նախորդ ծրագրերը, եւ որեւէ երաշխիք չկա, որ ներկայացված ծրագիրն էլ կյանքի կկոչվի»,- նշել է Դեմիրճյանը։
Հ.Գ. Նշենք, որ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, որը եւս հերթագրվել էր Տիգրան Սարգսյանին հարց տալու համար, երեկ հերթը չհասավ։ Զուրաբյանը ելույթ կունենա այսօր։