04.05.2018 04:16 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայացք դրսից

Հայաստանի բնակիչների ֆանտազիան. Միջազգային արձագանքը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին

Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները արդեն մի քանի շաբաթ միջազգային ամենաազդեցիկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են, եւ առաժմ դրանք թուլանալու միտում չունեն։ Երբ առաջին անգամ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածության հարցը, խորհրդարանում ասեղ գցելու տեղ չկար. արտասահմանյան լրագրողները, օպերատորները այնքան շատ էին, որ լրագրողների համար նախատեսված երկու օթյակները չափազանց փոքր էին՝ բոլորին տեղավորելու համար։

Իմիջիայլոց, ԱԺ աշխատակազմին խորհուրդ կտայինք լուծել այդ օթյակներում օդափոխության հարցը, քանի որ շնչել հնարավոր չէր, տոթ էր, իսկ լրագրողների մի մասն այնտեղ գրեթե 10-11 ժամ էր աշխատել։

 Ինչեւէ, հիմա նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ է սպասվում մեզ մայիսի 8-ին, երբ երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Որոշ լուրեր կան, որ այդ օրը Հայաստան կգա նաեւ Սերժ Թանկյանը, դա նշանակում է, որ Վրաստանից էլ կարող են հազարավոր մարդիկ Հրապարակում լինել։

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա եթե արեւմտյան լրատվամիջոցները հիմնականում տեղի ունեցածը համարում են ռուսական ազդեցության թուլացում եւ կոռումպացված էլիտայի պարտություն, ապա ռուսական ԶԼՄ-ներում առայժմ կա զգուշավորություն եւ հիմնականում դրսի հետ կապ տեսնելու միտում։

Մասնավորապես, ամերիկյան The Jamestown Foundation-ը գրել է. «Շաբաթը հագեցած է բազմաթիվ բուռն իրադարձություններով։ Սակայն բոլոր լուրերից Հայաստանում ցնցումները վճռորոշ նշանակություն ունեն Մոսկվայի համար։ Ոչ միայն նրա համար, որ Հարավային Կովկասի փոքր պետությունը Ռուսաստանի փոքրաթիվ դաշնակիցներից մեկն է։ Սա այն դեպքն է, որ անսասան ռեժիմը փլուզվում է հասարակության անսպասելի ապստամբության ճնշման ներքո։ Եվ ամբողջ իրավիճակը՝ տագնապալի ազդանշան է Մոսկվայի համար։

Պաշտոնական ԶԼՄ-ները անտեսում էին բողոքները մինչեւ վերջին պահը, երբ ռեժիմն ընկավ։ Ակնհայտ է, որ Կրեմլում ենթադրում էին, որ ընդդիմությանը կճնշեն։ Սակայն Սերժ Սարգսյանի որոշումը՝ ուժի չդիմել, այլ հրաժարական տալ, ցույց տվեց, որ Պուտինը պատրաստ չէ իրադարձությունների նման զարգացմանը։

Մոսկվայի պաշտոնական գիծն այն էր, որ հայկական ճգնաժամի բոլոր կողմերը պարտավորություն վերցնեին պահպանել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

Նույնիսկ Կրեմլի կոնսպիրատորները ԱՄՆ-ին չեն կասկածում, որ վերջինիս մատը խառն է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Բայց եթե ԱՄՆ-ը նույնիսկ մասնակից էլ լիներ, ապա եզրակացությունը ինքնին մեկն է. Ռուսաստանը գրեթե ոչինչ չկարողացավ ձեռնարկել, որպեսզի կանգնեցնի այս «անգույն» հեղափոխությունը»։

The Washington Post-ը նշել է, որ աղքատ, դեպի ծով ելք չունեցող եւ Մոսկվայի հետ սերտորեն կապված Հայաստանը գտնվում էր թե Ռուսաստանի եւ թե Արեւմուտքի ուշադրության ներքո։ «Կարեւոր չէ, որքանով է դա սխալ, սակայն Հայաստանի մասին պատկերացումները՝ որպես Հայաստանի բացարձակապես նվիրված դաշնակից, ավելի կարեւոր են իրականությունից։ Դա թույլ կտա խուսափել ռուսական որեւէ միջամտությունից եւ նոր կառավարության վրա ճնշում գործադրելու քայլերից»։

Առայժմ Հայաստանում թավշյա հեղափոխությունը չի հարուցել Մոսկվայի այնպիսի ագրեսիվ արձագանքը, ինչը եղել էր հետխորհրդային այլ երկրների կառավարությունների տապալման ժամանակ, հատկապես՝ Ուկրաինայում եւ Վրաստանում, գրել է ամերիկյան պարբերականը։

Գերմանական Neue Zurcher Zeitung-ը գրել է. «Երեւանում մարդկանց ֆանտազիան սահմաններ չէր ճանաչում։ Բողոքի բազմաբնույթ ձեւերը կարծես ոգեւորել էին, ու մարդիկ իրար հետ մրցում էին, թե ով ավելի կրեատիվ կերպով կարտահայտի իր բողոքն ընդդեմ մի կառավարության, որը չէր ցանկանում հեռանալ։ Զբոսաշրջիկները, որոնք ստիպված էին ոտքով գնալ մինչեւ Զվարթնոցի օդանավակայան, ըմբռնումով էին մոտենում ճանապարհների արգելափակմանը։ Ավելի հոռետեսորեն էին այս ամենին հետեւում ռուս զբոսաշրջիկները, որոնք մայիսյան տոների պատճառով այժմ շատ են Հայաստանում»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30