21.11.2012 14:47 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մենաշնորհի պոչում

Օլիգարխների դեմ պայքարի լույսն ու ստվերը

Օլիգարխների դեմ պայքարի լույսն ու ստվերը

Այս օրերին քաղաքագետներից ով չի ալարում` ասուլիս է հրավիրում ու հայտարարում, թե պետք է բոլոր միջոցներով պայքարել օլիգարխների դեմ, որովհետեւ Հայաստանի համար ամենավտանգավորը հենց օլիգարխներն են։ Հասկանալի պատճառներով թեման ակտուալ է նաեւ Սերժ Սարգսյանի համար, ու թեեւ անհասկանալի է, թե ինչպես պիտի հանրապետության թիվ մեկ օլիգարխը պայքարի մյուս օլիգարխների դեմ, այնուհանդերձ որոշում է ընդունվել նախընտրական «զարգացումները» քողարկել հենց այդ գաղափարով։

Խնդիրը տվյալ դեպքում այն չէ` օլիգարխները վտանգավո՞ր են Հայաստանի համար, թե ոչ։ Խնդիրն այն է, որ մենաշնորհները Հայաստանի համար տասնապատիկ ավելի վտանգավոր են։ Ընդ որում` առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը համարյա նույն բանի մասին է, բայց դա շատ լուրջ մոլորություն է։ Ամբողջ խնդիրն այն է, որ կան օլիգարխներ, ովքեր մենաշնորհներ ունեն, եւ կան այնպիսիք, ովքեր մենաշնորհներ չունեն։ Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ շատ ուրիշներ, օրինակ, ոչ մի մենաշնորհ չունեն, իսկ Սամվել Ալեքսանյանը, Միխայիլ Բաղդասարովը եւ էլի մի քանի հոգի մենաշնորհներ ունեն։ Հիմա եթե հարցին նայենք Հայաստանի տնտեսական վիճակի տեսանկյունից` ակնհայտ կդառնա, որ երկրին հսկայական վնաս են հասցնում միայն նրանք, ովքեր մենաշնորհներ ունեն։

Միայն մի օրինակ բերենք։ Հայաստանում, ինչպես հայտնի է, ալյուրը, ձեթն ու շաքարավազն անընդհատ թանկանում են։ Հիմա ենթադրենք` իշխանությունները որոշում են այդ մենաշնորհային բիզնեսից մի քիչ ավելի շատ փող պոկել բյուջեի համար, եւ, ասենք, մի 10 տոկոսով բարձրացնում են այդ ապրանքների մաքսային գինը։ Ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո։ Այդ ապրանքները Հայաստանում շատ արագ թանկանում են, ընդ որում` 10 տոկոսից ավելի շատ։ Եվ ստացվում է, որ օլիգարխի շահույթը մնաց նույնը, բյուջեի մուտքերն ավելացան, իսկ հասարակ ժողովուրդը տուժեց։ Եթե ոլորտները մենաշնորհային չլինեին, տեղի կունենար հետեւյալը. բյուջեի մուտքերը կավելանային, իսկ ներկրողները մրցակցության պայմաններում չէին համարձակվի կտրուկ թանկացնել ապրանքը եւ կգերադասեին զրկվել իրենց գերշահույթների որոշ մասից, այսինքն` ժողովուրդը չէր տուժի։ Այս հասարակ օրինակը ցույց է տալիս, որ իրականում Հայաստանի համար ամենավտանգավորը հենց մենաշնորհներն են, որովհետեւ դրանց պատճառով է մարդկանց սոցիալական վիճակը ծանրանում, դրանց պատճառով է երկիրը դատարկվում եւ այլն։ Բայց որեւէ մեկը տեսե՞լ է, որ Սերժ Սարգսյանը որեւէ կոնկրետ քայլ ձեռնարկի մենաշնորհների վերացման ուղղությամբ։ Իհարկե չի տեսել, որովհետեւ նա մենաշնորհներից վտանգ չի զգում։

Հարցը դիտարկենք այլ տեսանկյունից։ Ենթադրենք` հենց վաղը Հայաստանի իշխանությունները բռնեցին բոլոր օլիգարխներին եւ տեղում գնդակահարեցին։ Եվ ի՞նչ, դրանից երկրի վիճակը լավանալո՞ւ է։ Իհարկե չի լավանալու։ Իսկ հիմա պատկերացրեք` հենց վաղը Հայաստանի բոլոր մենաշնորհները վերացան։ Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ վիճակն անմիջապես կլավանա։ Հարց է ծագում` բա էլ ի՞նչ տրամաբանությամբ են հայտարարում, թե երկրի համար հիմնական վտանգն օլիգարխներն են, իսկ մենաշնորհների մասին գերադասում են ծպտուն չհանել։

Տրամաբանությունը հետեւյալն է։ Մենաշնորհները վտանգավոր են պետության եւ ժողովրդի համար, իսկ օլիգարխները` անձամբ Սերժ Սարգսյանի համար (համենայն դեպս տեսականորեն կարող են վտանգավոր լինել` եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանն անթաքույց ձգտում է դառնալ Հայաստանի միակ օլիգարխը)։ Ուշադրություն դարձրեք` օլիգարխներ կամ խոշոր բիզնեսմեններ կան քաղաքական տարբեր թեւերում, բայց մենաշնորհ ունեցողները միայն Սերժ Սարգսյանի թեւում են (ավելի ճիշտ` թեւի տակ)։ Դրա համար էլ իշխանությունները մենաշնորհների մասին ծպտուն չեն հանում ու խոսում են միայն օլիգարխների դեմ պայքարի մասին։ Եվ քանի որ հասարակությունն առանձնապես չի «խորանում» մանրուքների մեջ, թեման խիստ շահեկան է դառնում նաեւ քարոզչության տեսանկյունից։ Մարդիկ մտածում են` «հա դե ճիշտ ա անում, էլի, օլիգարխները էս երկրի հերն անիծեցին»։ Ու որեւէ մեկը չի ուզում բացատրել, թե ինչո՞ւ էր «օլիգարխների դեմ պայքարող» Սերժ Սարգսյանը ընդամենը վեց ամիս առաջ դռնեդուռ ընկած անձամբ կոչ անում ձայն տալ այս կամ այն օլիգարխին։

Քաղաքական մեկնաբաններն էլ, ի դեպ, այն ժամանակ չէին ասում, թե Հայաստանի համար ամենամեծ վտանգն օլիգարխներն են։ Եթե ասեին` կստացվեր, որ Սերժ Սարգսյանն է այդ վտանգի սկզբնաղբյուրը, իսկ նման «կիքսերը» պատվիրատուները չեն ներում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30