21.11.2011 22:43 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բլեֆն անկեղծացել է

Հավաքական կերպարի արժեհամակարգը

Հավաքական կերպարի արժեհամակարգը

Իշխանական համակարգի ներսում ակնհայտորեն ինչ-որ բան է կատարվում, ընդ որում` համակարգն ինքը լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում իր հետ, ու բոլորը մի տեսակ շփոթված վիճակում են։ Սերժ Սարգսյանը չափազանց հաճախ է խոսում «մարդկային տեսակի», «վերափոխման», «արժեհամակարգի» ու համանման այլ բաների մասին, իսկ թիմակիցները չեն հասկանում` շեֆը լո՞ւրջ է ասում, թե՞ պարզապես խոսելու ուրիշ թեմա չունի։ Երեկ էլ, ահա, քաղաքապետարանում ելույթ ունեցավ ու հայտարարեց, թե «միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների եւ օրենքների շուրջ»։ Թե կոնկրետ ինչ արժեհամակարգի մասին է խոսքը` այդպես էլ ոչինչ չասաց։

Ենթադրենք` Սերժ Սարգսյանը միանգամայն անկեղծ է իշխանական համակարգի վերափոխման եւ նոր արժեհամակարգի ձեւավորման իր ցանկության մեջ։ Այդ դեպքում նախ պիտի արձանագրենք, թե ո՞րն է «հին» արժեհամակարգը, պարզ ասած` ինչի՞ց պիտի հրաժարվի նրա թիմը։ Ինչպիսի՞ն է այսօր բարձրաստիճան հանրապետականի հավաքական կերպարը։ Պատկերը մոտավորապես այսպիսին է. «միջին վիճակագրական» հանրապետական պաշտոնյան փառաբանում է Սերժ Սարգսյանի իմաստուն քաղաքականությունը, ժամանակ առ ժամանակ հարձակվում է կանանց վրա, տարբեր լսարանների առջեւ հարբած ելույթներ է ունենում, խլում է շարքային քաղաքացիների ունեցվածքը եւ խոսում է Հայաստանի պայծառ ապագայի մասին։ Այսինքն` Սերժ Սարգսյանը հենց այս արժեհամակարգից կամ «մարդու այս տեսակից» պիտի ազատվի։ Հարց է ծագում` մինչեւ հիմա քանի՞ հոգուց է ազատվել։

Իսկ գուցե ազատվելը պարտադիր չէ՞, գուցե հնարավոր է վերափոխե՞լ այդ տեսակը։ Բայց Սերժ Սարգսյանը Միչուրին չէ, որ սելեկցիայի միջոցով մարդկային նոր տեսակներ ստանա, կամ, ասենք, Էդուարդ Շարմազանովին պատվաստի Լիսկայի վրա եւ բարեփոխի հանրապետականի «սորտը»։ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը նույնպես չի օգնի, որովհետեւ նման էվոլյուցիայի համար հազարամյակներ են պետք։ Հետեւաբար` մնում է միայն «հին արժեհամակարգը կրողներից» ազատվելու ճանապարհը։ Բայց ինչպե՞ս։

Պատկերացրեք` դասական ավազակախումբը հավաքվել է անտառում` «ընդհանուր ժողովի», ու նոր ավազակապետը նրանց առջեւ ելույթ է ունենում։ Մեկը նստել է գինու տակառի վրա ու ծխամորճն է լցնում, մի ուրիշը, մի աչքը սեւ լաթով կապած, կացինն է սրում, մի քանի հոգի հենց նոր բաժանված ավարի վրա թուղթ են խաղում, իսկ նոր ավազակապետն ասում է. «Ուրեմն` սրանից հետո վերափոխվում ենք։ Էլ ոչ մի կողոպուտ։ Բոլորդ աշխատանքի եք ներկայանում սափրված ու կոկիկ հագնված, անցորդներին էլ կողոպտելու փոխարեն հյուրասիրում ենք, նրանց համար սերենադներ երգում եւ ուղեկցում իրենց տները»։ Հնարավո՞ր բան է։ Ոչ, չի՛ կարող լինել այդպիսի բան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ավազակապետին այդ նույն ավազակախմբի անդամներն են ընտրել, եւ ընտրել են, որպեսզի նա համակարգի իրենց գործողությունները եւ ոչ թե ավազակախումբը դարձնի օրիորդաց վարժարան։

Բայց վերադառնանք Սերժ Սարգսյանի թիմին։ Ըստ էության բոլորն էլ իրենց հոգու խորքում համոզված են, որ շեֆը կեղծում է, պարզապես ամեն մեկը վախենում է, որ հնարավոր է` այդ կեղծիքը ճշմարտանման դարձնելու համար իրեն «ժերտվա տան»։ Այստեղից էլ` անորոշությունն ու լարված վիճակը։ «Նոր արժեհամակարգ» ստեղծելու ձգտումն, իհարկե, բլեֆ է, եւ այդ բլեֆն ուղղված է ժողովրդին (մեկ էլ տեսար` հավատացողներ եղան), բայց քանի որ նախընտրական իրավիճակը զոհեր է պահանջում` անհրաժեշտ կլինի «հին արժեհամակարգի կրողներից» մի քանիսին զոհաբերել։ Իսկ իրական փոփոխություններ, իհարկե, չեն լինի։ Դա շատ արագ կհանգեցնի իշխանափոխության` դրանից բխող բոլոր հետեւանքներով, ընդ որում` հետեւանքները ծանր կլինեն։ Տիգրան Սարգսյանն, օրինակ, հաստատ համոզված է, որ իշխանափոխությունից հետո ինքը կամ կհասցնի փախչել, կամ կհայտնվի այնտեղ, որտեղից երկնքին նայում են մանր վանդակաճաղերի միջով։ Եվ այս երկընտրանքն, ի դեպ, համարյա բոլորի առջեւ է կանգնած։ Ուրեմն էլ ինչպե՞ս պիտի համարձակվեն լուրջ փոփոխություններ անել։

Իսկ այն, որ «նոր արժեհամակարգի շուրջ համախմբվելը» սովորական բլեֆ է, ապացուցվում է մի շատ պարզ հարցադրումով։ Կարո՞ղ եք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում կամ քաղաքական թիմում ցույց տալ գոնե մեկին, ով ապրում է բացառապես աշխատավարձով։ Լավ, նյութականը մի կողմ դնենք, կարո՞ղ եք ցույց տալ գոնե մեկին, ով համարյա ամեն օր հրապարակավ չի ստում։ Այ, հենց որ Սերժ Սարգսյանի շրջապատում այդպիսի մարդիկ հայտնվեն, այն ժամանակ էլ կխոսենք։

Չնայած` նման մարդիկ ի՞նչ գործ ունեն Սերժ Սարգսյանի շրջապատում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30