«ՉԻ» տեղեկություններով, ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը համարվող ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ նույն մեթոդներով իրականացվում է սեւ քարոզչություն, ինչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Բալասանյանի դեմ սեւ փիառ անելու գործին ներգրավվել են նաեւ երեւանյան բազմաթիվ պրոիշխանական լրատվամիջոցներ։
Տեղեկություններ կան արդեն, որ իշխանությունները պատրաստվում են Բակո Սահակյանի հաղթանակն ապահովել ընտրակաշառքի ու բազմակի քվեարկության միջոցով։ Ավելին, նշվում է նաեւ, որ բոլոր նրանց, ովքեր հրապարակային Բալասանյանին քվեարկելու մասին են հայտարարել, փորձում են վախեցնել` մեկին հարկայինով, մեկին աշխատանքից ազատելու սպառնալիքով եւ այլն։ «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ մի շարք մանր ու միջին գործարարներին են անգամ զրկել որոշակի պետական պատվերներից, այն բանից հետո, երբ նրանց նկատել են Բալասանյանի հետ։ Ի դեպ, երեկ Ասկերանում կայացած ամփոփիչ հանդիպման ժամանակ Բալասանյանը մարդկանց կոչ է արել նման սպառնալիքների ժամանակ չլռել, դիմել իրեն եւ ինքը կանգնած կլինի յուրաքանչյուրի կողքին, ում կփորձեն ահաբեկել։ Ի դեպ, Բալասանյանը ասել է նաեւ, որ նախագահ ընտրվելուց հետո չի տեղափոխվելու կառավարական առանձնատուն, շարունակելու է ապրել այն տանը, որտեղ ծնվել է, եւ ավելին, օրենքով նաեւ արտոնություններից զրկելու է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում եւ նախագահին։ Հիշեցնենք, որ Բալասանյանը բնակվում է ԼՂՀ Ասկերան փոքրիկ քաղաքում։ Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն էր։ Իսկ ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին։