20.04.2018 05:37 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լավով, թե՞ զոռով

Սերժ Սարգսյանը ստիպված կլինի պատռել դիմակը

Սերժ Սարգսյանը ստիպված կլինի պատռել դիմակը

Ընդամենը երկու շաբաթ առաջ Հայաստանում գրեթե բոլորը համոզված էին, որ ժողովրդի դիմադրողականությունը վերջնականապես ջախջախված է, եւ Սերժ Սարգսյանն ինչ ուզի՝ կանի, որովհետեւ մարդիկ, միեւնույն է, փողոց դուրս չեն գա։ Դրանում համոզված էին նաեւ իշխանությունները եւ հանգիստ հիմնավորում էին շեֆի «անփոխարինելիությունը»՝ համարելով, որ խաղն ավարտված է։ Այսօր Երեւանի փողոցներում տասնյակ հազարավոր ցուցարարներ կան, հանրահավաքներ են տեղի ունենում նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում եւ այլ քաղաքներում, այսինքն՝ ՀՀԿ-ական իշխանությունների եւ անձամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ հասարակության ատելությունն ակնհայտորեն թերագնահատված էր։

Հիմա սկսվում է երկրորդ փուլը, եւ շատ շուտով ակնհայտ կդառնա, որ հասարակությունն էլ իր հերթին թերագնահատել է Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից կառչելու մոլուցքի ուժգնությունը։ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր լսում են նրա ելույթներն ու լրջորեն կարծում, թե այդ մարդն իսկապես մի քիչ էլ պետության ու ժողովրդի մասին է մտածում (պարզապես իր անձնական շահի մասին ավելի շատ է մտածում), թե այդ մարդու մեջ այնուամենայնիվ բարոյական ինչ-որ արգելակներ կան, եւ նա պատրաստ է, ասենք, իր իշխանությունը պահպանելու համար մի 10-20 ցուցարար սպանել, բայց եթե իմանա, որ մի 200-300 ցուցարար է սպանվելու, այդ քայլին չի գնա եւ կգերադասի հրաժարական տալ։ Իրականում նման արգելակներ չկան։ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի՝ բառիս բուն իմաստով։ Հայաստանը նա չի ընկալում որպես պետություն, որի ապագայի համար ինքը որոշակի պատասխանատվություն է կրում, Հայաստանը նա ընկալում է որպես բիզնես, որն իրեն եւ իր ընտանիքին տարեկան մոտ կես միլիարդ դոլարի մաքուր եկամուտ է բերում։ Իսկ ինչպե՞ս են վարվում մարդիկ, երբ ինչ-որ մեկը փորձում է խլել իրենց սեփականությունը։ Ճիշտ է, մինչեւ վերջ դիմադրում են, պաշտպանվում, զենքի դիմում, եթե պետք եղավ՝ սպանում հարձակվողներին։ Սերժ Սարգսյանն, իհարկե, չէր ցանկանա, որ բանը դրան հասներ, նա երջանիկ կլիներ, եթե հաջողվեր ընդամենը մի քանի անգամ օդ կրակելով պահպանել իր «բիզնեսը», եւ նա միանգամայն անկեղծ է, երբ երկխոսության կոչեր է անում ու ձգտում «լավով» փակել հարցը, բայց սա ոչ թե նրա մարդասիրության մասին է խոսում, այլ ավելորդ գլխացավանքի մեջ չընկելու ցանկության։ Եթե «լավով» չստացվեց՝ ի՞նչ արած, տանկեր էլ կհանի սեփական ժողովրդի դեմ, «Իսկանդերներ» էլ։ Ու կհամարի, որ ինքը մեղավոր չէ, իր բիզնեսը խլել փորձողներն են մեղավոր։ Առավել եւս, որ իր կարծիքով՝ ինքը որպես բիզնեսմեն ազնիվ է եղել, բայց դիմացիններն իրեն «քցում են», 10 հազարական դրամները վերցրել են ու հիմա հրաժարվում են դրա դիմաց ստանձնած պարտավորություններից։ Իշխանական վերնախավի ներկայացուցիչներն էլ (որոնցից յուրաքանչյուրն իր հերթին իր պաշտոնը սեփական բիզնեսն է համարում) ոչ միայն կարդարացնեն նրան, այլեւ մեղքի մի մասն իրենց վրա կվերցնեն՝ սեփական բիզնեսն ընդլայնելու դիմաց։

 Հիմա դեռ բանը դրան չի հասել, հիմա ոստիկանության եւ ուժային մյուս կառույցների ղեկավարները դեռ «բարի» են, իսկ օլգարխների բանդաները հրամանի են սպասում։ Դեռ հույս ունեն, որ ցուցարարների շարքերից օրը մի 100-200 հոգի փախցնելով ու «թեթեւի մեջ» ծեծելով կամ տուգանելով կկարողանան վախեցնել ու կամաց-կամաց մաշեցնել շարժումը։ Եթե հաջողվեց՝ Սերժ Սարգսյանը կհամարի, որ այս անգամ էլ «պլստաց», եթե չհաջողվեց՝ աթոռը կպահպանի զրահատեխնիկայով, իսկ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հաագայի դատարանի հեռանկարը կներկայացնի որպես իր բացառիկ հայրենասիրության անհերքելի ապացույց։

Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Հայաստանում Սերժ Սարգսյանի նկատմամբ տոտալ անհանդուրժողականություն կա, եւ կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց համոզմունքների համար դուրս գալ փշալարերի ու բանդաների դեմ։ Ու շատ շուտով Սերժ Սարգսյանը ստիպված կլինի բացահայտել իր իրական դեմքը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30