23.05.2017 05:51 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Ո՞վ է մեղավոր

Պետք է մեր լրահոսը սկսեինք Դոնալդ Թրամպի վերջին ելույթով, բայց պլանները փոխվում են, քանի որ ավելի լուրջ «աշխարհաքաղաքական» իրադարձություն տեղի ունեցավ, որը փոթորկեց համացանցը. ինչ-որ հարսանքավորներ Հանրապետության հրապարակում խորոված են արել։ Ում հարսանիքն է եղել` չգիտենք, ովքեր են խորոված արել` նույնպես չգիտենք։ Դեպքը, ինչպես ասում են, 2 տարի առաջ է եղել։

Էականը դա չէ, այլ այն, որ խորովածի կադրերով տեսանյութ տարածողները սկզբից դա դրել էին որպես գեղեցիկ, ռազմահայրենասիրական, մեր ազգի հզորությունն ապացուցող իրադարձություն, բայց հետո, երբ խորոված անողների հասցեին սկսվեցին լուտանքները, բոլոր գովաբանողներն իրենց մեկնաբանությունները՝ տեսանյութով հանդերձ, ջնջեցին։

Ամենազարմանալին այն է, որ մարդիկ զարմացել են սրա վրա։ Կարծես առաջին անգամ ենք նման երեւույթի հանդիպում։ Սրանից ավելի բեթար բաներ էլ ենք տեսել։ Զվարթնոց տաճարի տարածքում էր, չէ՞, որ քեֆ-ուրախություն էին կազմակերպել, կամ՝ ինչպես հետո էին բացատրել՝ «փարթի»։ Իբր որ «փարթի» է, կարելի է այնտեղ կազմակերպել։ Չնայած, մեկ է՝ մենյուում խորովածն ու ձուկը կային։

Էլ ավելի մեծ աղմուկ բարձրացավ, երբ Գառնի տաճարի տարածքում էր խորոված-քյաբաբ-խաշլամա օպերացիան իրականացվել։ Մի բան էլ մուննաթ եկան քննադատողների վրա, թե բա քեֆ կազմակերպողները դրա համար լուրջ գումարներ են վճարում, մշակութային ոլորտի զարգացման համար ֆինանսներ են գոյանում ու նման ինչ-որ այլ մտքեր։

Որքան հիշում ենք, Գառնիի տաճարի հետ կապված սկանդալից հետո մի երկու մանր-մունր մարդու հանեցին գործից, ու կարծես թե այդ կողմերում այլ քեֆ անողների չեն տեսել։

Երեւի դա է պատճառը, որ մարդիկ Գառնի-Զվարթնոց-Մատենադարան տիրույթում խորոված անելու հնարավորությունից զրկված լինելով, որոշել են այն կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Այս պատմության համար մնում է հասկանալ, թե՝ ում մեղադրենք։

Լավ, ասենք, խորոված անողները՝ տհաս են, հետամնաց, «քյարթու» ռաբիսներ, որոնք չեն հասկանում, որ Հրապարակը ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաեւ հայրենիքի սիրտն է. լավ, հասկացանք, այդտեղ հայտնված ոստիկանին էլ ինչ-որ թուղթ են ցույց տվել, որ խորովածը «լեգիտիմ» է, բայց ինչպե՞ս է հնարավոր, որ Հրապարակում խորոված անեն, ու այդ մասին նոր իմանանք։ Մեր հանրապետության պետական կարեւորագույն երկու մարմնի` կառավարության ու արտգործնախարարության շենքերի առջեւ խորոված են արել, ու ոչ ոք տեղյակ չի՞ եղել։ Առավոտ շո՞ւտ է եղել, դրա համա՞ր չեն իմացել։ Այսինքն, որ հիմա մենք ցանկության դեպքում՝ վաղ առավոտյան, մտքներիս ինչ դնենք, կարո՞ղ ենք անել, ու դա աննկատ կմնա՞։

Սա լուրջ բան է։ Երեկ` խորոված, այսօր` խաշլամա, մյուս օրը՝ մի հատ սադրանք, վատ բան։ Չգիտենք։ Իսկ պատասխանատուները այս դեպքում մենք ենք, բոլորս՝ ամեն մեկը իր չափով։ Որ թույլ ենք տվել, որ մեր հայրենիքը այսպիսի կրկեսի վերածեն, որքան էլ Սերժ Սարգսյանը հակառակն էր պնդում։ Հաստատ թուրքերը, կամ պարսիկները չեն խորոված անողները եղել, այլ՝ ՀՀ քաղաքացիները։ Որ պարսիկ լինեին, է՜՜... ինչ լավ կլիներ, դրոշի այրման ինչ տեսարանների ականատեսը կդառնայինք, պարսկական ապրանքները բոյկոտելու ինչ կոչեր կլսեինք, իսկ որ թուրքեր լինեին... պատկերացնում ենք, թե ինչպես Հրանտ Մարգարյանը վառվող ջահը ձեռքին մինչեւ Մարգարայի սահման է գնում՝ իր զայրույթը Արաքս գետը թափելու եւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիան ավելի հզորացնելու։ Օրը երեք անգամ ռեժիմով Սողոմոն Թեհլերյանի մասին վավերագրական ֆիլմ ցույց կտային։ Իսկ այսպես, նորմալ է, հայ ջահելներ են, ոչինչ։

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նույն հայերս ենք, չէ՞, գնացել անցած հանգստյան օրերին Երեւանում Ձախ Հարութի համերգին։ Թվում էր, թե վերջ, Սերժ Սարգսյանի առջեւ հրապարակավ սողալուց ու «կզելուց» հետո այդ անձնավորությանը պիտի մոռանայինք, անունը բացառապես արհամարհանքով արտասանեինք։ Բայց ոչ, այդքանից հետո նրա երեսը բռնել է գալ, այստեղ համերգ տալ, ու լիքը ժողովուրդ հավաքել։ Այդ ժողովրդին էլ հո «գազելներով» չե՞ն տարել համերգի։ Չեն կաշառել, չեն ահաբեկել, ՍԱՍ-ի Արտակը Փարիզ չի խոստացել։ Իրենք իրենց կամքով գնացել են։ Ու էլի «Խաղալիքը» ֆիլմի օլիգարխի հարցն է առաջ գալիս. ո՞վ է մեղավոր. նա՞, ով չնայած արժանապատվությունից, թասիբից զուրկ է, բայց համերգ է տալիս, թե՞ նա, ով գնում է այդ համերգին` մոռանալով, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ ֆեյսբուքում 15 հատ հայհոյախառն գրառում է կատարել երգչի մասին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30