13.01.2016 18:56 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Առաջ դեպի 2000 թվական

2016-ին տնտեսական ցնցումներն անխուսափելի են

2016-ին տնտեսական ցնցումներն  անխուսափելի են

Թե 2016-ին ներքաղաքական ինչ զարգացումներ են լինելու Հայաստանում` մոտավորապես հայտնի է։ Փոխարենը` տնտեսական կանխատեսումների առումով կատարյալ անորոշություն է։ Հայտնի է միայն, որ մեղմ ասած` լավ չի լինելու, իսկ թե կոնկրետ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ` անհայտ է։

Միջազգային կանխատեսումները բավականին մռայլ են, եւ դա առաջին հերթին կապված է նավթի գների հետ։ Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ նավթի գինը կարող է իջնել մինչեւ 20 դոլար, ինչը նշանակում է, որ կոնկրետ Ռուսաստանում իրավիճակն ավելի է վատանալու։ Դա էլ իր հերթին ազդելու է Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալների վրա, ընդ որում` ազդեցությունը շատ ծանր է լինելու։ Պարզ ասած` Հայաստանում կարող է «տարադրամային սով» սկսվել (մոտավորապես այն, ինչ արդեն իսկ տեղի է ունենում Ադրբեջանում)։ Ի՞նչ պիտի անեն իշխանություններն այդ դեպքում։ Սա ամենակարեւոր հարցն է, որովհետեւ ՀՀ ազգաբնակչության վրա անմիջական ազդեցություն են ունենալու ոչ թե «արտաքին բացասական ազդակները», այլ իշխանությունների հակաքայլերը (կամ, ինչպես ընդունված է անվանել, «ոչ պոպուլիստական որոշումները»)։

Պաշտոնապես իշխանությունները 2016-ի համար խոստացել են 2,2 տոկոս տնտեսական աճ, ընդ որում` բաց տեքստով ասել են, որ սոցիալական վիճակի բարելավում չի լինելու` աշխատավարձերի ու թոշակների աճ չի նախատեսվում։ Իսկ ահա «ոչ պաշտոնապես» 2016-ի համար ստիպված պիտի լինենք հաշվի առնել հետեւյալ իրողությունները։ 1. Ռուսաստանում վիճակն ավելի է վատանալու, ռուբլու արժեզրկումը շարունակվելու է, հետեւաբար` Հայաստանից Ռուսաստան որեւէ բան արտահանելն անիմաստ է դառնալու (այսինքն` ԵԱՏՄ «170 միլիոնանոց շուկան» մեզ ոչինչ չի տալու)։ 2. Հայկական ապրանքների համար նոր շուկաներ գտնելը շատ դժվար է լինելու։ Նախ` որովհետեւ ԵԱՏՄ-ին անդամակցելը լուրջ խոչընդոտներ է առաջացնում, եւ երկրորդ` հայկական ապրանքները բարձր ինքնարժեքի պատճառով պարզապես մրցունակ չեն։ 3. Դրսից Հայաստան մտնող տրանսֆերտները նվազելու են առնվազն եւս 35-40 տոկոսով։ 4. Տարածաշրջանային լարվածությունը եւ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականության մեծացումը ստիպելու են ավելի մեծ գումարներ ծախսել բանակի սպառազինության արդիականացման համար։ 5. Վտանգ կա, որ նախընտրական տարում իշխանությունները տնտեսության ոլորտում կկատարեն ոչ թե ողջամիտ, այլ պոպուլիստական քայլեր, ինչը հետագայում է՛լ ավելի կծանրացնի վիճակը։

Եվ այսպես, ի՞նչ է սպասվում Հայաստանին` հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները։ Քանի որ նավթի միջազգային գները կլինեն մոտավորապես 2001-2002 թվականների գների մակարդակին, պետք է ենթադրել, որ բազմաթիվ այլ առումներով նույնպես Հայաստանը կվերադառնա այդ տարիների վիճակին։ Նախ` հայկական դրամն ամենայն հավանականությամբ կտրուկ կարժեզրկվի (2001-2002 թվականներին դոլարն արժեր համարյա 600 դրամ, բայց հիմա արժեզրկումը կարող է ավելի մեծ լինել)։ Իշխանությունները ստիպված կլինեն տարադրամի ազատ շրջանառության ոլորտում կոշտ սահմանափակումներ մտցնել (ինչը հիմա անում են Ադրբեջանի իշխանությունները), եւ արդյունքում` կտրուկ կակտիվանա «սեւ շուկան»։ Երկրորդ` խանութներում կտրուկ կաղքատանա արտասահմանյան ապրանքների տեսականին, համեմատաբար որակյալ ապրանքներն էլ իրենց տեղը կզիջեն ամենաէժան եւ անորակ ապրանքներին (պարսկական ձեթ, անհայտ ծագման մարգարին, «պեչենիներ», որոնց վրա հնարավոր է սուրճ եփել եւ այլն)։ Միջին աշխատավարձը դոլարային արտահայտությամբ կտրուկ կնվազի` եթե հիմա «մաքուր» աշխատավարձը 260-280 դոլար է, կդառնա 180-200։ Անշարժ գույքը զգալիորեն կէժանանա, տրանսպորտը կամ կտրուկ կթանկանա, կամ կսկսի շատ վատ աշխատել եւ այլն։ Մի խոսքով` նրանք, ովքեր հիշում են, թե ինչպիսին էր վիճակը 2000-ականների սկզբներին, մոտավորապես գիտեն, թե ինչի պիտի նախապատրաստվեն։

Իսկ ահա դրականն այն է, որ արտագաղթի ծավալներն այնքան էլ մեծ չեն լինի։ Պարզապես գնալու տեղ չկա` Ռուսաստանում վիճակը վատ է, Եվրոպա գնալն էլ կտրուկ բարդացել է։ Դրական է նաեւ այն, որ այս վիճակը կստիպի զարգացնել, օրինակ, գյուղատնտեսությունը (ներքին շուկայի համար)։ Եթե դրսից ներկրելու փող չկա, իսկ երկրի ներսում էլ ուրիշ բան չկա զարգացնելու, մնում է միայն գյուղատնտեսությունը։ Այնպես որ` տնտեսական առումով 2016-ն իսկապես բեկումնային է լինելու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30