Այս մասին իտալական Տրենտո քաղաքում տեղի ունեցած տնտեսական համագումարի ժամանակ ասել է հայտնի ներդրող-միլիարդատեր Ջորջ Սորոսը։
Ֆինանսիստի կարծիքով` եվրոյի պահպանման գործընթացում գլխավոր դերակատարությունն ունի Գերմանիան։
«Ես կարծում եմ, որ իշխանությունները երեք ամիս ունեն։ Այս ժամանակահատվածում նրանք ի վիճակի են ուղղել իրենց սխալները եւ վերանայել վարած քաղաքականությունը։ Ճգնաժամի ընթացքում վարկատուներն են նստած ղեկին։ Առանց Գերմանիայի աջակցության հնարավոր չէ լուծել խնդիրները։ Այժմ եվրոպական ճգնաժամը շրջադարձային փուլում է»,-ասել է Սորոսը։
Ըստ նրա` հունիսի վերջին կայանալիք` ԵՄ-ի գագաթնաժողովը կսահմանափակվի նվազագույն միջոցառումներ կայացնելու` բոլոր կողմերին ձեռնտու որոշումներով։
«Այդ միջոցառումները կհանգեցնեն իրավիճակի ժամանակավոր բարելավման` առկա բացասական միտումների պահպանման ֆոնին»,-նշել է ֆինանսիստը։
Նրա խոսքերով` եվրոն փրկելու համար անհրաժեշտ է նախ` բանկային դեպոզիտների ապահովագրության միասնական համակարգ հիմնել։ Երկրորդ` եվրոպական բանկերի համար անհրաժեշտ է հասանելի դարձնել ուղիղ ֆինանսավորումը Եվրոպական մեխանիզմի հիմնադրամից։ Նման առաջարկությամբ օրերս հանդես էր եկել նաեւ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը, որը կոչ էր արել ստեղծել միասնական պետական վերադաս մարմին, որը կհամակարգի եվրոգոտու երկների բյուջետային քաղաքականությունը։
Բոլոր այս միջոցառումները, ըստ Սորոսի, պետք է իրականանան վերահսկողության եւ կարգավորման համաեվրոպական գործիքների ներմուծմանը զուգահեռ։
Սորոսը կարծում է, որ եվրոն ունի ապագա. «Հավանականությունը, որ եվրոն կշարունակի ապրել, մեծ է։ Քանի որ միասնական տարադրամի փլուզումը բացասական հետեւանքներ կունենա ոչ միայն եվրոգոտու պերիֆերիկ երկրների, այլ նաեւ Գերմանիայի համար»։ Նա համոզված է, որ Գերմանիան կանի հնարավորը` եվրոն փրկելու համար։