17.11.2017 13:32 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Նորից՝ տարկետման մասին

ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Սա հասկանալի է։ Ուսանողական ընդվզումները, դասադուլ-հացադուլները արհամարհվեցին։ Բանակը լրացուցիչ մի քանի հարյուր զինվոր կունենա։ Ամբողջ «շուխուրը» սա է։

Մենք անցած անգամ գրել էինք, որ տարկետման վերացում նախատեսող նախագիծը մշակելիս աչքի են անցկացրել Իսրայելի փորձը։ Իսրայելում այսպես է. դպրոցն ավարտելուց հետո կամ միանգամից բանակ են գնում, կամ՝ շարունակում են ուսումը բուհում, որի դեպքում բանակի հետ պայմանագիր են կնքում, բուհն ավարտելուց հետո ծառայության են անցնում, սպայի կոչում են ստանում, պաշտպանության նախարարությունը իր վրա է վերցնում զինծառայողի ուսման բոլոր ծախսերը, ամեն տարի իր հաշվին արձակուրդ է տրամադրում, եթե զինծառայողը ամուսնանում է, հարսանիքի բոլոր ծախսերն է փակում։ Մի խոսքով, բազմաթիվ արտոնություններ են տրամադրվում։

Հաջորդը. Իսրայելում տարկետում կարող են ստանալ բացառապես տեխնիկական ոլորտի մասնագետները՝ ծրագրավորողները, ֆիզիկա-մաթեմատիկական որակավորում ունեցողները, մի քիչ՝ բժիշկները, հազվադեպ՝ հոգեբաններն ու թարգմանիչները։ Սա էլ է հասկանալի. Իսրայելը ցանկանում է, որ իր բանակի սպայական ու հրամանատարական կազմը համալրեն բարձր որակավորում ունեցող, բարձր տեխնոլոգիաների տիրապետող անձինք։

ԳԵՆԵՐԱԼ-ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ

Հայաստանում նման բան չկա. նրանք, ովքեր այս տարիների ընթացքում սովորել են բուհում, հետո՝ ասպիրանտուրա են ավարտել, թեկնածու, դոցենտ եւ այլն, 90 տոկոսը հումանիտար ոլորտից են։ Հիմնականում՝ պատմաբաններ։ Այս 90 տոկոսի 99 տոկոսը (չենք ուզում 100 տոկոս ասել. կարող է, մեջները ծանոթ-բարեկամ լինի, որ չնեղանան, ասենք՝ դու այդ մի տոկոսի մեջ ես մտնում) դասալիք է։ Այսինքն՝ ասպիրանտուրա խաղացնելու միակ նպատակը բանակում ծառայությունից խուսափելն է։ Որովհետեւ որպես գիտնական նրանք ոչ մի արդյունք չեն տվել, չէին էլ կարող տալ, ում խոսեցնես՝ կսկսի ռազմահայրենասիրական լոլոներ կարդալ։ Այս դոցենտ-դասալիքների խավը այսօր մեր բուհերում, պետական հաստատություններում բավական լավ տեղավորվել է։  Այնքան լավ, որ դարձել են տարկետման վերացման ամենամոլի կողմնակիցները։

Նրանցից մեկը, որի անունը չենք տալիս, ԵՊՀ-ում ղեկավար պաշտոն է զբաղեցնում։ Վերջն է. երբ նրան մեղադրել են, թե ժամանակին պայքարել է, որ տարկետումը չվերացնեն, որից հետո բանակում չի ծառայել (ասպիրանտուրա-պատմաբան առաքելության շնորհիվ), ասում է, այո, ես այն ժամանակ պայքարել եմ, որ տարկետումը չհանեն, հիմա էլ կպայքարեմ, բայց հիմա այս նոր օրենքով տարկետումը չի վերացվում։ Լավ է, չէ՞։ Ինքը բանակում 1 ժամ էլ չի ծառայել, քանի որ օգտվել է տարկետումից, ներկայիս ուսանողները այդ «հաճույքից» զրկվելու  են, այսինքն՝ բոլոր դեպքերում պիտի ծառայեն, բայց, տեսեք, մարդը իր չծառայած լինելն ու այսօրվա ուսանողների պարտադիր ծառայած լինելու միջեւ հավասարության նշան է դնում։

Դրա  համար, երբ հումանիտար ոլորտի ուսանողներն էլ են դեմ տարկետմանը`  սխալ է։ Գոնե իրենք պետք է պարտադիր ծառայեն, քանի որ նրանց գիտելիքները բանակում առանձնապես պիտանի չեն ռազմական նպատակներով։

 ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿ

Ի՞նչ պետք է անեն Վիգեն Սարգսյանը, օրինագիծը մշակողները, իշխանությունները, այս աննորմալ երեւույթը վերացնելու, դասալիքների ճանապարհը կտրելու, դասալքությունը կրճատելու, բանակում որակյալ կադրեր,  բարձր ինտելեկտուալ հրամկազմ ունենալու համար։ Հուսով ենք` կկարդան։

Առաջին. ինչպես Իսրայելում, այնպես էլ մեզ մոտ, պետք է հումանիտար ոլորտի ուսանողների համար տարկետում չլինի։ Լինի միայն տեխնիկական ոլորտի մասնագետների համար։ Սրանով Հայաստանում կխրախուսվեն տեխնիկական գիտությունները, դրանց որակը կբարձրանա։ Նույնը՝ բժիշկների, թարգմանիչների դեպքում։ Ինչպես՝ Իսրայելում։

Երկրորդ. որքան էլ սկանդալային սա հնչի, մի շարք երկրների փորձը ուսումնասիրելով ենք ասում. որոշակի գումարի դիմաց ծառայությունից ազատել նրանց, ովքեր չեն ցանկանում ծառայել։ Չծառայելու արժեք սահմանվի. հաշվեն, թե երկու տարում մեկ զինվոր պահելու, հանդերձավորելու, զինելու, սնելու համար որքան գումար է ծախսվում, պլյուս՝ աշխատավարձը, կկազմի՞, օրինակ, 12 միլիոն դրամ, արժեզրկում, տարբեր սանդղակ-գործակիցներ հաշվելով, սահմանեք 15 մլն դրամ։ Թող վճարեն, չծառայեն, այդ գումարով մի հատ նորմալ զինծառայողի պայմանագիր կնքեք, լավ աշխատավարձով, պայմաններով, հարցը փակվի։ Արդյունքում՝ տարատեսակ կոռուպցիոն երեւույթները խիստ կկրճատվեն, զինկոմ-գեներալները ահագին եկամուտներից կզրկվեն։ 

Եվ վերջապես. երրորդ առաջարկը, որը բխում է երկրորդ առաջարկից. քանի որ հարց կարող է առաջանալ, թե ուրեմն, ինչ-որ մարդիկ կարող են չծառայել, իրենց քեֆին ապրել եւ այլն, եւս մեկ բան պետք է անել, ինչպես՝ գործնականում Իսրայելում է. բանակում ծառայություն չանցկացրած անձանց պետք է արգելվի պետական կառույցներում աշխատել։ Պետք է սահմանվի այդ պետական կառույցների ցանկը. դրանց մեջ պետք է պարտադիր լինեն՝ Ազգային ժողովը, կառավարությունը՝ իր բոլոր նախարարություններով ու առընթեր մարմիններով, նախագահական աշխատակազմը, ուժային կառույցները։ Իմիջիայլոց, ծիծաղելի փաստ է. ոստիկանական համակարգում աշխատանքի ընդունվելու համար ծառայած լինելը պարտադիր է, իսկ ահա Պաշտպանության նախարարությունում՝ ոչ։

Պատկերացնո՞ւմ եք. որ նման օրենք ընդունվի։ Ինչքան կարիերիստի վերջը կգա։ Մեզ կարող են մեղադրել իշխանափոխության կոչեր անելու մեջ, քանի որ եթե հանկարծ  մեր առաջարկները ընդունվեն, խորհրդարանի պատգամավորների կեսը վարի կգնա, կառավարության աշխատանքը կաթվածահար կլինի։ Նախագահականում տեքստեր գրողներ ու օգնականներ չեն լինի։

Խնդրեմ. երեք առաջարկ, չենք ասում, պարտադիր ընդունեք, բայց քննարկեք, մանավանդ՝ երրորդը։ Սպասում ենք ողջամիտ ժամկետներում ողջամիտ պատասխանի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30