23.07.2012 12:58 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Եթերային գրոհներ

Սաակաշվիլին, Իվանիշվիլին եւ տեղեկատվական պատերազմը

Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հիմանական գիծը հեռուստատեսությամբ մատուցվող նյութի նկատմամբ վերահսկողության հաստատման պայքարն է լինելու. երկրի ղեկավարությանը քննադատող ուժերը շարունակում են արբանյակային ալեհավաքներ բաժանել, իսկ իշխանությունները, իրենց հերթին, առգրավում են դրանք։

Այս մասին Eurasia.net-ում գրել է վրացի անկախ լրագրող ու բլոգեր Գեորգի Լոմսաձեն։

 Ե՛վ Միխեիլ Սաակաշվիլին, ե՛ւ նրա մեծահարուստ հակառակորդ Բիձինա Իվանիշվիլին հասկանում են` որքան կարեւոր է նման վերահսկողության հաստատումը, այդ պատճառով էլ համապատասխան քայլեր են ձեռնարկում։

Հեռուստաեթերի համար պայքարի «վերջին սերիայում» ընդդիմադիր կեցվածք ունեցող «Մաեստրո» հեռուստաալիքը բնակիչներին հազարավոր արբանյակային ալեհավաքներ է բաժանում` այդկերպ փորձելով թուլացնել ազգային հեռուստաեթերում գերակշռող իշխանամետ հեռարձակումը։ Կառավրությունը պատասխան հարված է հասցնում` առգրավելով դրանք։ Քննադատներն իշխանություններին մեղադրում են ամեն ինչ վերահսկողության տակ վերցնելու մեջ, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ Իվանիշվիլին ընտրողների ձայները գնելու նպատակով իբրեւ գործիք է օգտագործում «Մաեստրոն»։

Նախորդ սերիայում. կաբելային եւ արբանյակային «Գլոբալ TV» հեռուստաալիքը մասամբ պատկանում էր Իվանիշվիլիի եղբորը` Ալեքսանդրին, ով նույնպես զբաղվել է տասնյակ հազարավոր ալեհավաքներ բաժանելով։ Իշխանությունները միջոցներ են ձեռնարկել կանխելու համար այդ գործընթացը եւ Իվանիշվիլիի նկատմամբ միլիոնավոր լարիի չափով տուգանք են սահմանել` վերջինին մեղադրելով ընտրողների ձայները գնելու մեջ։

Այս դրաման, ըստ հեղինակի, 2007 թիվն է հիշեցնում։ Այդ ժամանակ Թբիլիսիում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումների ֆոնին` ոստիկանությունը ներխուժեց Սաակաշվիլիի` այդ ժամանակվա հակառակորդ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող «Իմեդիա» հեռուստաալիք եւ ստիպեց դադարեցնել հեռարձակումը` պատճառաբանելով, որ այդ հաղորդումները նպատակ են ունեցել ապստամբություն հրահրել։ Շուտով «Իմեդին» խլեցին, եւ այդ ժամանակից ի վեր հեռուստաալիքը որեւէ քննադական հաղորդում չի թողարկում։

Ինչպես ժամանակին Պատարկացիշվիլին, այնպես էլ Իվանիշվիլին փորձում է ձեւեր գտնել ազգային հեռուստաեթերով ցուցադրվող իրադարձությունները «սրբագրելու» համար եւ հեռուստադիտողների ավելի մեծ զանգվածներին ներկայացնել իր մտահոգությունները` կապված իշխանության բարձր էշելոններում «առկա կոռուպցիայի», ինչպես նաեւ երկրի տնտեսական ոչ պատշաճ կառավարման հետ։

Բայց Վրաստանի իշխանություններին դեռ հաջողվում է իր ձեռքում ամուր պահել ազգային հեռուստատեսության հեռակառավարման վահանակը։ Այն միշտ նույնն է պնդում. Իվանիշվիլին, որը Կրեմլի մտերիմ բարեկամն է, կամ փորձում է անկարգություններ հրահրել, կամ` գնել ամբողջ երկիրը։

Ինչ վերաբերում է լրագրողներին, ապա նրանք այս ճակատամարտում խաղազինվոր են դարձել, կարծում է հոդվածագիրը։ Մրցակից հեռուստաալիքների լրագրողների լեզվակռիվները բարձրախոսներով մենամարտ են հիշեցնում։ Դատելով արբանյակային ալեհավաքների շուրջ ծավալված պայքարից` որքան մոտենում են ընտրությունները, այդքան այդ դիմակայությունն ավելի է թեժանում։ Իսկ նրանք, ովքեր քաղաքակիրթ մրցակցություն եւ իրադարձությունների անաչառ լուսաբանում էին ակնկալում, թող իզուր հույսեր չփայփայեն, եզրափակում է Լոմսաձեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30