21.08.2013 17:44 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փողին մուննաթ

Մոսկվայում այլեւս չեն աղմկում

Մոսկվայում այլեւս չեն աղմկում

Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո, երբ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած «ԿԱՄԱԶ»-ը հարվածել էր ավտոբուսին եւ արդյունքում զոհվել էր 18 մարդ, Մոսկվայի իշխանությունները հանկարծ հիշեցին, որ քաղաքում անօրինական ներգաղթյալների, չգրանցված աշխատողների եւ ընդհանրապես՝ միգրացիայի հարցում իսկական քաոս է տիրում եւ որոշեցին ամենակտրուկ քայլերով կարգ ու կանոն հաստատել։

Առաջին օրերին իսկական սոդոմ-գոմոր էր տիրում Մոսկվայում։ Անձնագրային ռեժիմը խախտած կամ անօրինական աշխատող մարդկանց ցուցադրական ձերբակալությունները, նրանց ինչ-որ ճամբարներում տեղավորելու թատերական ներկայացումները իսկապես տպավորիչ էին։ Նույնիսկ Հայաստանում շատերը սպասում էին, որ Ռուսաստան աշխատանքի մեկնած հազարավոր մարդիկ շուտով կվերադառնան։

Ոստիկանությունը, միգրացիոն ծառայության եւ տեղի համայնքապետարանների աշխատակիցները ամեն օր նկուղներ էին հայտնաբերում, «ռետինե» բնակարաններ (այդպես են անվանում այն սենյակները, որտեղ երբեմն մինչեւ 10 գրանցում չունեցող մարդ է բնակվում)։ Հետո բեռնատարների շարասյունները այդ կալանավորվածներին տանում էին ճամբար, ԶԼՄ-ները այդ ամենը նկարահանում էին, եւ դա համարվում էր իշխանությունների հերթական հաջողությունը։ Առաջին հերթին՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, որը երեք տարի Մոսկվան ղեկավարելուց հետո «հասկացավ», որ Մոսկվայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ անօրինական են աշխատում։

Բայց այս շոուն կարճ տեւեց։ Մի քիչ աղմկեցին, իսկ հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Որովհետեւ մոսկվաբնակները հարց տվեցին իշխանություններին՝ «անօրինականներին բռնեցիք, խոստացաք վտարել, իսկ աղբը ո՞վ պիտի հավաքի, կանաչը խնամի, փողոցները ավլի։ Այդ ամենը ներգաղթյալներն էին անում»։ Ի պատասխան ասացին, որ կարող եք պատուհաններից դուրս նայել. փողոցները մաքրում էին նույն մարդիկ՝ Ղրղզստանից, Տաջիկստանից եւ այլ «ստաններից»։

Պարզվեց, որ Միջին Ասիայից եւ Անդրկովկասից Մոսկվա աշխատանքի եկած մարդկանց չափազանց դժվար է վտարել, քանի որ նրանց փոխարեն ոչ ոք չի ցանկանում սեւագործ աշխատանք կատարել, եւ հետո, դա տնտեսական ահռելի վնասներ կարող է ունենալ։ Բայց ամենակարեւորը, որ այդ տասնյակ հազարավոր մարդկանց էժան աշխատուժը բազմաթիվ ռուս ազդեցիկ եւ բարձրաստիճան պաշտոնյաների հսկայական եկամուտի աղբյուրն է։

Մի հնաբնակ մոսկվացի կին պատմում է. «Նրանք՝ ղրղզները, տաջիկները, այստեղ իսկական հյուրանոց էին սարքել։ Այստեղ քնում էին, լվացք անում, լողանում, ճաշ եփում։ Ահավոր ծանր հոտ էր գալիս շենքում։ Մեր ջրին ու հոսանքին էին միացել, ամսվա վերջում այնպիսի հաշիվներ ստացանք, ինչպիսին երբեք չէր եղել։ Մեզ մոտ նոր, երիտասարդ թաղային նշանակվեց։ Հեռու տեղից էր եկել, այստեղի կարգերին դեռ ծանոթ չէր։ Եկավ, տեսավ, խոստացավ, որ կարգ ու կանոն կհաստատի։ Բայց մի քանի օր հետո եկավ ու ներողություն խնդրեց, թե ոչինչ չի կարող անել։ Ղեկավարությունը նրան կարգադրել էր քիթը ամեն տեղ չխոթել, քանի որ այդ նկուղները «լուրջ մարդկանց» են պատկանում»։ Այդ թաղայինը չի դիմանում, աշխատանքից ազատվելու դիմում է գրում, հեռանում։ Բայց ի վերջո, աղմուկ է բարձրանում, այդտեղ լրագրողներ են գալիս ու նշված միջինասիացիներին վտարում են շենքի նկուղներից։ Բայց...

Մոսկվաբնակները պատմում են, որ այդ վտարման գործընթացը ընդամենը թատրոն է. «Նրանք տեղափոխվում են «մեռյալ» բնակարաններ»,- պատմում են նրանք։ Բանն այն է, որ Մոսկվայում շատ են տարեց մարդիկ։ Երբ միայնակ ծեր մարդը մահանում է, նրա բնակարանը պետք է մաքրեն եւ վաճառքի հանեն։ Սակայն Մոսկվայի որոշ «ջոջեր» այդ բնակարանները «ապօրինի ներգաղթյալների» համար դարձնում են հյուրանոց։

Մոսկվայի քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Տկաչը նշում է. «Ոչ մեկին չի հուզում, որ մի սենյակում 10-12 մարդ է ապրում։ Ամիսը մեկ նրանց են այցելում թաղապետարանի աշխատակիցն ու ոստիկանը։ Հաշվում են նրանց եւ ամեն մեկից 3 հազար ռուբլի վերցնում։ Ինչքան շատ լինեն միգրանտները, այնքան՝ լավ»։

Քաղաքը անօրինականներից մաքրելու կարգախոսները շատ են դուր գալիս տեղաբնակներին, որոնք չեն սիրում Կովկասից կամ Ասիայից եկածներին։ Բայց ոչ ոք այսօր չգիտի, թե Մոսկվայում որքան օտարերկրացի է ապրում։ Շատերի կարծիքով՝ մոտ 2 միլիոն մարդ։ Միայն ընդհատակյա կարի ֆաբրիկաներում, տարբեր հաշվարկներով, աշխատում է մոտ 600 հազար վիետնամցի։

Այս միլիոնանոց բանակը տարեկան մի քանի միլիարդ դոլարի եկամուտ է բերում չինովնիկներին, որոնք միգրանտների գլխին «շեֆություն» են անում։ Այդ իսկ պատճառով անհանգստանալու կարիք չկա։ Ապօրինի թե օրինական, ոչ ոքի այնտեղից չեն վտարի։ Այդ թվում՝ նաեւ հայերին։ Պարզապես Հրաչյա Հարությունյանի դեպքը մի քիչ հնչեղություն ստացավ, մի քիչ ուռճացրեցին, որ ցույց տան, թե իբր գործ են անում, իսկ հետո առավոտյան ամեն մեկը նորից գնաց իր աշխատանքին. մեկը՝ փողոց ավլելու, մյուսը՝ գերշահույթներ ստանալու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31