28.10.2014 18:50 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Անջրդի

Մեծ աշխարհի մեր չուլանը

Մեծ աշխարհի մեր չուլանը

Եվրասիական միությանն անդամակցելուց հետո իշխանությունները պիտի որոշեն` տնտեսական առումով Հայաստանը զարգանում է որպես ինքնուրույն միավո՞ր, թե՞ որպես «անծայրածիր տնտեսական տարածքի» ինչ-որ ծայրագավառ։

Սա չափազանց կարեւոր հարց է, որովհետեւ որեւէ միություն չի կարող հավերժ լինել` նույնիսկ Խորհրդային Միությունը հավերժ չէր, եւ Հայաստանը, վստահաբար, պիտի գոյություն ունենա նաեւ Եվրասիական միության փլուզումից կամ լուծարումից հետո։ Հետեւաբար` արդեն այսօրվանից պիտի ամեն ինչ անել, որ երբ այդ օրը գա, Հայաստանում դեռ ինչ-որ բան մնացած լինի։ Պարզ ասած` պետք է «ինտեգրվել» այնպես, որ հետո չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանում հարյուրավոր գործարաններ կան, բայց համարյա ոչ մեկը վերջնական արտադրանք չի տալիս` դրանց մեծ մասը ռուսական (կամ ուկրաինական) ինչ-որ գործարանի համար ինչ-որ դետալ է արտադրում, եւ վերջ։ Չի կարելի թույլ տալ նաեւ, որ Հայաստանն ինչ-ինչ ոլորտներում Եվրասիական միության համար հումքային կցորդ դառնա եւ իր չնչին ռեսուրսները ծառայեցնի «անծայրածիր տարածքի» կարիքներին։ Հակառակը` պետք է այդ «անծայրածիր տարածքի» ռեսուրսները ծառայեցնել Հայաստանի շահերին։

Խոսենք կոնկրետ օրինակներով եւ բերենք ձկնաբուծության օրինակը։ Բանն այն է, որ ձկնաբուծությունը Ռուսաստանի համար ընդամենը տնտեսության ինչ-որ ճյուղ է, իսկ Հայաստանի համար, կարելի է ասել, կենաց-մահու խնդիր է։ Թե ինչու` հասկանալի է. վերջին մի քանի տարիների ընթացքում «ձկնաբուծության զարգացման» պատճառով Արարատյան դաշտն արդեն կիսով չափ վերածվել է անապատի, եւ եթե եւս մի 5-10 տարի այսպես շարունակվի` Հայաստանում ոչ գյուղատնտեսություն է լինելու, ոչ ձկնաբուծություն, առնվազն 400 հազար մարդ էլ արտագաղթելու է (բա անապատում մնան, որ ի՞նչ անեն)։ Բայց մի կողմ թողնենք «էկոլոգիական աղետ», «սերունդների առջեւ ունեցած պարտավորություններ» եւ այլ էմոցիոնալ գնահատականներն ու հարցին նայենք զուտ տնտեսական նպատակահարմարության ու ողջամտության տեսանկյունից։

Սկսենք նրանից, որ Հայաստանից Ռուսաստան ձուկ արտահանելը տխմարություն է։ Ընդհանրապես տխմարություն է, որ կիսաանապատային գոտում գտնվող եւ ծովային ելք չունեցող երկիրն իր ջրային ռեսուրսները սպառելու հաշվին ձուկ է արտահանում մի երկիր, որը 40 հազար կիլոմետր ծովային սահման ունի, որի ափերը ողողում են 3 օվկիանոսների ծովերը, եւ որտեղ կենտրոնացած է երկրագնդի քաղցրահամ ջրի պաշարների 30 տոկոսը։ Մանավանդ որ Հայաստանը դրանից առանձնապես ոչինչ չի շահում։ Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանից տարեկան արտահանվում է 1,3 հազար տոննա ձուկ, որի առավելագույն արժեքը մոտ 10 միլիոն դոլար է։ Ընդ որում` ձուկն արտահանում են բացառապես մասնավոր ընկերությունները, այսինքն` Հայաստանի պետբյուջե մտնում է (եթե ընդհանրապես մտնում է) առավելագույնը 1-2 միլիոն դոլար։ Տարեկան։ Սա, համաձայնվեք, չնչին գումար է նույնիսկ Հայաստանի նման երկրների համար։ Եվ հանուն այդ խղճուկ կոպեկների մենք «վարի ենք տալիս» մեր ռազմավարական ռեսուրսները (դրանք, ի դեպ, որոշակի փուլում այլեւս հնարավոր չի լինելու վերականգնել)։

Լավ, իսկ ի՞նչ անել։ Կարելի է, իհարկե, խստացնել վերահսկողությունը, ձեւական կամ իրական պայքար մղել ապօրինի հորատանցքերի դեմ եւ այլն, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ շոուները չեն օգնում։ Պետք է Արարատյան դաշտում արգելել ձկնաբուծությունը, եւ վերջ։ Այո, հենց այդպես` «չորով» արգելել եւ թեման փակել։ Առարկություններ, իհարկե, կլինեն` «բայց ինչո՞ւ եք խփում մարդկանց բիզնեսին», «մարդիկ փող են աշխատում», «ինչպե՞ս կարելի է շահավետ բիզնեսն արգելել» եւ այլն, բայց կարելի է նաեւ հակափաստարկներ բերել։ Մարիխուանայի կամ հերոինի արտադրությունը շատ ավելի շահավետ է, բայց ամբողջ աշխարհում արգելված է, որովհետեւ վտանգում է մարդկանց կյանքը։ Իսկ Արարատյան դաշտի ձկնաբուծությունը մի ամբողջ երկրի գոյությունն է վտանգում, ուրեմն ինչո՞ւ չի կարելի արգելել։ Ձուկն էլ, ի դեպ, կարելի է ներմուծել «եվրասիական անծայրածիր տարածքից»։ Փայտանյութը հասկացանք, երկաթուղին փակ է, եւ առայժմ Հայաստանի անտառներն են ոչնչացվում, բայց ձուկ էլ հո կարո՞ղ ենք ներմուծել ու դրանով իսկ գոնե ջրային ռեսուրսները փրկել։

Այնպես որ` ցանկության դեպքում նույնիսկ Եվրասիական միությանն անդամակցելը կարելի է ծառայեցնել Հայաստանի շահերին։ Եթե, իհարկե, իշխանությունները Հայաստանն ինքնուրույն միավոր են համարում։ Եվ ոչ թե տարածք, որի ռեսուրսները կարելի է մինչեւ վերջ քամել ու տեղափոխվել «անծայրածիր տարածքի» որեւէ այլ պուճախ, որտեղ քամելու բան շատ կա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30