26.05.2012 22:09 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փողից փող ընտրություն

Առաջին արդյունքը. դրամը փլուզվում է

Առաջին արդյունքը. դրամը փլուզվում է

Հայաստանի ֆինանսական շուկան շատ արագ արձագանքեց ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու որոշմանը. բորսայում կայացած առքուվաճառքի արդյունքում հայկական դրամը երեկ միանգամից արժեզրկվեց ավելի քան մեկ տոկոսով, եւ դոլարի գինը հասավ 406,5 դրամի (նախօրեին 402 դրամ էր)։ Իհարկե` միանշանակ չի կարելի պնդել, որ սա ուղղակիորեն կապված էր ԲՀԿ-ի որոշման հետ, բայց որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հայկական դրամն արդեն իսկ արժեզրկվել է մոտ 4 տոկոսով, եւ դա կապված է ընտրությունների հետ` հաստատ։

Մի խոսքով` ֆինանսական շուկան ցնցումների մեջ է, եւ Կենտրոնական բանկն ակնհայտորեն չի կարողանում վերահսկել  իրավիճակը, իսկ մասնագետներն էլ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ դրամի սրընթաց արժեզրկման պատճառը։ Փորձենք ներկայացնել մի քանի դիտարկումներ, որոնք, մեր կարծիքով, կարող են որոշակի պարզաբանումներ մտցնել այս հարցում։  

1. Միայն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է մոտ 60 հազար մարդ։ Նրանց մի մասն ընտանիքներով է հեռացել, մյուսները մեկնել են «բախտ որոնելու», բայց դա էական չէ։ Կարեւորն այն է, որ ցանկացած հեռացող եղած-չեղած «հոգապահուստ» դրամը վերածում է դոլարի` սկզբնական շրջանում «յոլա գնալու» համար, եւ գրպանում գոնե հազար դոլար ունենում է (ընտանիքներով մեկնողները շատ ավելի մեծ գումար են դուրս բերում երկրից)։ Այսինքն` միայն այս ճանապարհով երկրից դուրս է բերվել առնվազն 60 միլիոն դոլար, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել դրամի փոխարժեքի վրա։

2. ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունների ձախողման պատճառն ակնհայտորեն վարչապետի պաշտոնն էր։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ ատամներով պաշտպանեց Տիգրան Սարգսյանին` նույնիսկ նախագահի պաշտոնում հանգիստ վերընտրվելու հեռանկարը վտանգելու գնով։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական կյանքում ամեն ինչ շարունակվելու է առաջվա պես, այսինքն` առկա միտումները (մենաշնորհներ, կոռուպցիա, արտագաղթ) պահպանվելու են։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ դրամի հետագա արժեզրկումը հնարավոր չի լինելու կանխել։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են սա, շտապում են դոլար գնել։

3. Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Սերժ Սարգսյանի «խասյաթին»` գիտեն, որ «Բարգավաճ Հայաստանի» անդամ խոշոր գործարարների գլխին կարող են սեւ ամպեր կուտակվել։ Խաչատուր Սուքիասյանի օրինակը բոլորի աչքի առաջ է։ Իսկ ի՞նչ պիտի անեն այդ գործարարները։ Բնականաբար` իրենց բիզնեսների եւ կապիտալի մի մասը պիտի տեղափոխեն արտասահման։ Իսկ կապիտալի արտահոսքն այսպես թե այնպես հանգեցնում է դրամի արժեզրկման, որովհետեւ երկրից մեծ ծավալով տարադրամ (հիմնականում դոլար) է դուրս բերվում։ Ուշադրություն դարձրեք` այդ գործարարներն առանձնապես չեն տուժում, ավելի շատ տուժում է երկիրը։ Նույն Խաչատուր Սուքիասյանն, օրինակ, հաջողությամբ բիզնես-ծրագրեր է իրականացնում Եվրոպայում, եւ ակնհայտ է, որ նրա օրինակին հետեւողների թիվն այս օրերին կտրուկ մեծացել է։

4. Նախընտրական շրջանում իշխանությունները, տարբեր գնահատականներով, 50-100 միլիոն դոլար են ծախսել, եւ ծախսել են, բնականաբար, «օբշչակից»։ Իսկ «օբշչակում», հասկանալի է, գումարը դոլարով էին պահում։ Հիմա անհրաժեշտություն է առաջացել վերականգնել այդ դոլարային «օբշչակը» (առջեւում դարձյալ ընտրություններ են), եւ իշխանությունները շուկայից դոլար են «հավաքում»։

 Մի խոսքով` եթե համադրում ենք բոլոր այս գործոնները, հասկանալի է դառնում, որ դրամի արժեզրկումը ոչ միայն օրինաչափ է, այլեւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում եւս շարունակվելու է (որոշակի վայրիվերումներով)։ Դա էլ իր հերթին հանգեցնելու է կտրուկ թանկացումների, եւ միանգամից աղքատացած հասարակությունը (մարդկանց 90 տոկոսի եկամուտները դրամով են) հանկարծ հասկանալու է, որ «հավատանք, որ փոխենք» ասելով` իշխանությունները դրամի փոխարժեքը նկատի ունեին։ Համենայն դեպս` Սերժ Սարգսյանն արդեն կատարել է իր ընտրությունը պետության ու փողի միջեւ, եւ ընտրել է փողը։ Երեւի հենց փողի զորությանն ապավինելով էլ հույս ունի վերընտրվել նախագահի պաշտոնում։

Մի բան համենայն դեպս ակնհայտ է. հաշվի առնելով փողի վիթխարի դերակատարումը մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ` կարելի է ասել, որ այսուհետ Հայաստանում քաղաքական ամենակարեւոր իրադարձությունը դրամի փոխարժեքն է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30