13.05.2016 14:27 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Փոխել ելքը մերժողին

Ելքը հայտնի է, իրականացնողները` ոչ

Ելքը հայտնի է,  իրականացնողները`  ոչ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր պատկերացումներն է հայտնել Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղիների վերաբերյալ եւ նույնիսկ մի քանի կոնկրետ հանձնարարականներ տվել։ Հիմնական իմաստը հետեւյալն է` պետական կառավարման ապարատը պիտի անցնի խնայողության խիստ ռեժիմի, պետք է նվազեցվեն գործուղումները, վերանորոգումները, ներկայացուցչական ծախսերը, ծառայողական մեքենաները եւ այլն, պետական կառավարման համակարգում պիտի կրճատումներ լինեն (այդ թվում` նաեւ տարբեր ՊՈԱԿ-ներում ու ԾԻԳ-երում), պետք է խստացվի կոռուպցիայի դեմ պայքարը, եւ այսպես շարունակ։

Սկսենք նրանից, որ սա, ակնհայտորեն, հերթապահ կամ վերացական ելույթ չէր` հենց միայն այն պատճառով, որ կոնկրետ կրճատումների եւ խնայողությունների մասով հաստատ գործողություններ են հետեւելու, ընդ որում` բավականին արագ։ Ու եթե կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմ պայքարի հարցում հազիվ թե շոշափելի արդյունքներ գրանցվեն (առաջին անգամը չէ, որ լսում ենք «գլխից բռնելու» մասին), ապա խնայողության ավելի խիստ ռեժիմի անցնելու հարցում ինչ-որ էֆեկտ հաստատ կապահովվի։ Ասենք` չինովնիկներն ավելի քիչ թրեւ կգան աշխարհով մեկ, ավելի քիչ «ներկայացուցչական» կոնյակներ կառնեն, ամիսը մեկ աշխատասենյակները «ռեմոնտ չեն անի», ու այդ ամենի շնորհիվ հնարավոր կլինի խնայել մի քանի միլիարդ դրամ։ Քիչ բան չէ իհարկե, բայց Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է ասում, որ այդ ամենը որեւէ դեր չի խաղա, եթե կայուն ու երկարատեւ տնտեսական աճ չունենանք։ Բայց ինչպե՞ս։

Միանգամից ասենք` առանց կտրուկ եւ արմատական քայլերի ոչինչ չի ստացվի։ Այսինքն` ինչ-որ բան, իհարկե, կստացվի, բայց` մի 100-150 տարի հետո, իսկ մեզ անհրաժեշտ է այդ ամենն անել շատ արագ։ Պարզ ասած` «ավանդական մեթոդները» չեն օգնի։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները միշտ բիզնեսին վերաբերվել են որպես կթու կովի, որի հիմնական ֆունկցիան հարկեր վճարելն է։ Ու քանի որ երկրի վիճակը միշտ ծանր է եղել (պատերազմ, շրջափակում եւ այլն), հարկային բեռն էլ, համապատասխանաբար, եղել է շատ ծանր։ Դրա համար էլ մասնավոր բիզնեսը միշտ փախել է Հայաստանից, ու ինչքան շատ են փախել` այնքան մնացածների բեռն ավելի է ծանրացել (չէ՞ որ բյուջեի փողը միշտ «քչություն է անում»)։ Հետեւաբար` տնտեսությունը «խելքի բերելու» միայն մի ձեւ կա. պետք է կտրուկ նվազեցնել հարկային բեռը։ Այդ դեպքում բիզնեսը կշնչի, ներդրումներ կլինեն եւ այլն։ Բայց մյուս կողմից էլ` ակնհայտ է, որ հարկերը կտրուկ նվազեցնելու դրական արդյունքները երկիրը կզգա լավագույն դեպքում մի 6-7 ամսից, մինչդեռ բյուջեն պիտի լցվի ամեն օր։ Ու հարց է ծագում` բա ինչի՞ հաշվին պիտի «յոլա գնանք» այդ 6-7 ամիսը (կամ մեկ-մեկուկես տարին)։ Ու հենց այստեղ է, որ հասկանում ենք` այլ ռեսուրսներ չկան, պետք է ինչ-որ մեխանիզմներ գտնել եւ տարիներ շարունակ Հայաստանից թալանված ու տարբեր օֆշորներում հանգրվանած գումարները վերադարձնել։

Սա, հասկանալի է, շատ բարդ ծրագիր է (այնպես չէ, որ «արտասահմանը» հեշտությամբ թույլ կտա գումարները վերադարձնել Հայաստան), բայց քանի որ այլ ելք պարզապես չկա` պետք է աշխատել հենց այդ ուղղությամբ։ Բայց ո՞վ պիտի անի դա։ Սերժ Սարգսյա՞նը, որն ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել, երբեք բիզնեսով չի զբաղվել, բայց պաշտոնապես դոլարային միլիոնատեր է (նրա հայտարարագրի համաձայն` ինքը փոխառության դիմաց մեծ գումարներ է ստանում, ընդ որում` պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ այդքան տոկոս ստանալու համար պետք է մեկ միլիոն դոլարից ավել «փոխառություն» տված լինի)։ Կամ` կա՞ արդյոք Հայաստանում այնպիսի անկախ դատաիրավական համակարգ, որը կբացահայտի այդ գումարներն ու դրանց հանցավոր ծագումը։

Մի խոսքով` տեսեք, թե ինչ է ստացվում։ Հայաստանի տնտեսությունը շատ արագ կզարգանա միայն մի դեպքում` եթե հարկերը կտրուկ նվազեցվեն, իսկ դա իր հերթին հնարավոր է միայն մի դեպքում` եթե անխուսափելի «ժամանակավոր ֆինանսական ճեղքվածքը» փակվի հանցավոր ճանապարհով ձեռք բերված միլիարդներով։ Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը ճիշտ հակառակը հայտարարեց` «կուլակաթափ չենք անելու», «հարկերն էլ չենք նվազեցնելու» (դեռ մի բան էլ` դեռ ավելի շատ հավաքելու տեղ ունենք)։

Իսկ եթե գոյություն ունի ընդամենը մի ճանապարհ, եւ այդ ճանապարհը մերժվում է ամենաբարձր մակարդակով, նշանակում է` ոչինչ փոխել հնարավոր չէ։ Կամ էլ` պիտի փոխվի «ամենաբարձր մակարդակը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30