06.07.2013 21:45 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տարաբախտ հրթիռը

50 տարի նույն տեղում

Հուլիսի 2-ին Բայկոնուրի տարածքում «Պրոտոն-Մ» հրթիռի վթարը, որը պետք է ուղեծիր հաներ ԳԼՈՆԱՍ-ի նավիգացիոն 3 արբանյակները, Ռուսաստանում իսկական շոկ է առաջացրել։ Ենթադրաբար, այս վթարը ռուսական տիեզերական տնտեսությունում խոշոր համակարգային փոփոխությունների սկիզբ է դնելու։ Կադրային փոփոխություններն արդեն սկսվել են։

Այս վթարը նախորդներից տարբերվում է իր շատ ավելի խորքային պատճառներով։ Հետեւաբար, շատ ավելի լուրջ հետեւանքներով։ Ի վերջո, կասկածի տակ է դրվում տիեզերական ինդուստրիայում , բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի դիրքերը եւ հեղինակությունը։ Եվ այս կարծիքը գերիշխող է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ արտասահմանում, որտեղ այս վթարը բավական լայնորեն է լուսաբանվել։

  «Պրոտոնի» անհաջող մեկնարկը ուժգին հարված էր ռուսական տիեզերական ոլորտի համար, նշել է La Tribune-ը։

«Ռուսաստանի տիեզերական ծրագրի վրա 200 մլն դոլար արժեցած վթարը տխուր արտացոլումն է նրա, որ ռուս ինժեներները դեռեւս չեն կարողացել լուծել այն խնդիրները, որոնք վերջին երեք տարիներին ավերիչ վթարների պատճառ են դարձել»,- նշել է The Christian Science Monitor-ը։

«Տնտեսական վնասից շատ ավելի կարեւոր է ռուսական տիեզերական ոլորտի նկատմամբ անվստահության աճը։ Բացի դրանից, այս ոլորտում որակի հանդեպ վերահսկողությունը անբավարար է»,- նշել է Die Welt-ը։

Ռուս մասնագետները նշում են, որ «Պրոտոն-Մ» դասի հրթիռները հուսալի են եւ ժամանակի քննությունը հանձնել են, ինչի վառ վկայություն է համարվում նրանց գրեթե կես դար շահագործումը։ Բայց մյուս կողմից, արդեն այսօր Ռուսաստանում ընդունում են այն տեսակետը, որ խնդիրներ այդ ոլորտում կան եւ դրանք համակարգային բնույթ են կրում։ Եվ իրավիճակն այնքան է բարդացել, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են էական բարեփոխումներ իրականացնել։ Եվս մեկ նման վթար, եւ Ռուսաստանին այլեւս ոչ ոք պատվերներ չի տա։ Շատ-շատ Հայաստանը, որը ռուսների հետ բանակցություններ էր վարում հայկական արբանյակ ուղեծիր հանելու համար։

Բայց հիմնական պրոբլեմը ռուսների համար այն է, որ փոփոխություններն այս ոլորտում կարող են տարիներ տեւել, իսկ ռուսական տիեզերագնացության ոլորտը շարունակում է համաշխարհային շուկայում կորցնել իր դիրքերը։ Հրթիռների վթարները վտանգի տակ են դնում Ռուսաստանի մասնակցությունը Մարսի հետազոտության համար ստեղծված միջազգային նախագծում։ Ռուսաստանի տիեզերագնացության ոլորտի հեղինակությանը հասցված վնասը կարող է այսքանով չսահմանափակվել։ «Պրոտոն-Մ»-ն եվրոպական Ariane հրթիռի հիմնական մրցակիցն է, եւ այս վերջին վթարը եվրոպացիների համար մեծ հնարավորություններ է ստեղծում։ Բացի այդ, վերջերս Ariane-ն 55-րդ անգամ արբանյակ հանեց ուղեծիր եւ հերթական անգամ առանց որեւէ միջադեպի։

Մի խոսքով, լավ չէ վիճակը։ Դժվար էլ լավ լինի, եթե Ռուսաստանը 50 տարի նույն հրթիռն է օգտագործում։ Մնացածները քնած չեն եղել այս ընթացքում. ստեղծել են ավելի նորը, կատարելագործվածը, հուսալին, մրցունակը։ «Սմերչ» համակարգը, որը այս օրերին Հայաստանում շատերի շուրթերին է՝ անեծքի տեսքով, նույն թեմայից է։ 30 տարի առաջ է այս համակարգը ստեղծվել, իսկ այդ ընթացքում դրանից հարյուրապատիկ շատ ավելի հզոր եւ էֆեկտիվ համակարգեր են ստեղծվել, գործում։

 

Մի փոքր վիճակագրություն

Պետք է նշել, որ իր ստեղծման օրից էլ «Պրոտոն-Մ»-ն հաճախ է վթարվել։ 1967թ. ի վեր այս հրթիռի 388 թռիչք է իրականացվել, որոնցից 47-ն ավարտվել է վթարով։

Ամենավթարային ժամանակահատվածը եղել 1967-1970թթ.՝ ԽՍՀՄ-ԱՄՆ «լուսնային մրցավազքի» ընթացքում։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ը հրթիռի ամառային փորձարկումներ էր իրականացնում՝ «Զոնդ», «Լուսին» եւ «Մարս» արբանյակային համակարգերի համար։ 25 փորձարկումից 10-ն ավարտվել է վթարով։

 1968թ. հուլիսին «Զոնդ-5» տիեզերանավի թռիչքի նախապատրաստական փուլը ավարտվել է խոշոր պայթյունով, որի արդյունքում զոհվել է 3 մարդ։

1969թ. փետրվարի 19-ին մեկնարկից 51 վայրկյան հետո վթարի է ենթարկվել «Լուսնագնաց» կարգի տիեզերանավը։ Նույն թվականի ապրիլի 2-ին արդեն «Մարս» համակարգի տիեզերանավը նույն օրն է ընկել, ինչ «Պրոտոն-Մ»-ն երկու օր առաջ։

1978թ. երեք վթար է եղել, որոնց պատճառով տեղի բնակչության շրջանում բողոքի ալիք բարձրացավ, ինչը ԽՍՀՄ-ի օրոք աննախադեպ փաստ էր։

1999թ. «Պրոտոն» հրթիռները երկու անգամ ընկել են Կարագանդայի շրջանում։ Առաջին վթարի ժամանակ հրթիռի մի հատվածն ընկել էր բնակելի տարածքի վրա, թեպետ վնաս չէր պատճառել։ Դրան հետեւեց Ղազախստանի իշխանությունների կտրուկ արձագանքը, որը պահանջեց վերանայել Բայկոնուրի շահագործման պայմանագիրը։ Ղազախստանի որոշ պատգամավորներ նույնիսկ պահանջեցին արգելել ռուսական ռազմական հրթիռների թռիչքները Բայկոնուրից։

Սակայն ամենասկանդալայինը դարձավ 2007թ. վթարը, երբ «Պրոտոն-Մ»-ն անհաջող մեկնարկից հետո ընկավ Ջեզկազգան քաղաքից 40կմ հեռավորության վրա եւ շրջակա տարածք թափվեց հսկայական ծավալների հեպտիլ, որը խիստ թունավոր վառելիք է։ Իրավիճակը ավելի բարդացավ այն պատճառով, որ այդ ժամանակ Ջեզկազգանում էր գտնվում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Չնայած բնապահպանական աղետի հետեւանքները ռուսները արագորեն վերացրեցին, սակայն Ղազախստանը Ռուսաստանից 60 մլն դոլարի չափով փոխհատուցում պահանջեց։ Ռուսաստանը երկարատեւ բանակցություններից հետո վճարեց 2,5 մլն դոլար։

Եվ հիմա արդեն սկսվել են ԳԼՈՆԱՍ արբանյակների սեւ օրերը։ 2010թ. վթարի պատճառով Ռուսաստանը կորցրեց երեք նման արբանյակ, այս վերջին վթարի արդյունքում կորցրեց եւս երեք նման արբանյակ։ Իրավիճակը ուշագրավ է նրանով, որ այդ արբանյակները ապահովագրված չէին. Ռուսաստանի տիեզերական ոլորտի պատասխանատուները խնայողություն էին արել։ Թե այդ խնայողություններից ով ինչքան է իր գրպանը դրել... դրանով արդեն զբաղվում են ռուսական համապատասխան ծառայությունները։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31