Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ Բայադյանի վիճակը` կայուն ծանր։ Հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»։ ՀՀ ոստիկանությունից գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն, որտեղ էլ կիրականացվի նախաքննությունը։
Լրատվական կայքերի փոխանցմամբ` «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցները հենց Ռուբեն Հայրապետյանի ցուցումով են ծեծի ենթարկել Արտակ Բայադյանին եւ Վահե Ավետյանին, որը գիշերը ենթարկվել է գանգուղեղի վիրահատության։ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը հայտնել է, որ ծեծի ենթարկված Ավետյանի ուղեղում առաջացել է հեմատոմա, որի արդյունքում` գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ։ «Անտոնյանն իր կոլեգայի վիճակը ծայրահեղ ծանր է համարում, ինչը նշանակում է` նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ Արտակ Բայադյանը եւս գանգուղեղի ծանր ցնցումով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», իր հայտարարության մեջ նշել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, որի անդամներին հաջողվել է այցելել ՀՀ ՊՆ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում գտնվող մայոր Վահե Ավետյանին։ «Չենք լռելու»-ն իր պատրաստած տեսանյութի վերջում արձանագրում է, որ խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշել է ցույց տալ Ավետյանի վիճակը` «որպես եւս մեկ ահազանգ այն իրողության, թե որքան անպաշտպան ենք բոլորս սեփական երկրում, քանի անպատժելի են հաստավզերի տերերը` նրանց թեւեր տվողները»։
Կադրերն, իսկապես, անտանելի էին, եւ դրանք, իսկապես, դուրս էին լրագրողական էթիկայի կանոններից։ Եվ, այնուամենայնիվ, կադրերը դիտելով զզվանքդ ու ատելությունդ ուղղվում է բացառապես դեպի Սերժ Սարգսյանը, որը հանդուրժում, ավելին` ընկնում է Նեմեցի նման մեկի ոտքերը եւ աղաչում նրան պատգամավոր դառնալ։ Ռուբեն Հայրապետյանը կրկնում է Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի ճանապարհը։ Տարիներ առաջ Լեւոն Սարգսյանի հրահանգով նրա թիկնազորը ծեծելով սպանեց մի երիտասարդի. միջադեպի հետ առնչություն ունեցողներից ոմանք լքեցին Հայաստանը` նույն բախտին չարժանանալու համար, ոմանք մի կարճ ժամանակով հայտնվեցին ճաղերի հետեւում։ Դատավարություններն ավարտվեցին, ու Լյովիկի «տղերքը» համաներումով հայտնվեցին դրսում։ Զոհվածի հարազատների համար Ալրաղացի Լյովը տուն գնեց Հյուսիսային պողոտայում, եւ բոլորը գոհ ու երջանիկ համակերպվեցին իրողության հետ` կարելի է հենց այնպես մարդ սպանել եւ շարունակել ապրել, էլի` հենց այնպես։
Էլեկտրոնային կայքերի հրապարակումների համաձայն` դաժանաբար ծեծված Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը դեպքի օրը սպորտային համազգեստով այցելել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր, որտեղ համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չեն տվել ներս մտնել` պատճաշ հագնված չլինելու պատճառաբանությամբ։ Զինվորական բժիշկները չեն առարկել եւ հեռացել են. նրանք զգեստափոխվել եւ կրկին վերադարձել են։ Ավելի ուշ միջադեպը տեղի է ունեցել հաշիվը բերած մատուցողի եւ երիտասարդների միջեւ, ինչին միջամտել են անվտանգության աշխատակիցները։ «Լուրեր.com»-ի փոխանցմամբ` անվտանգության աշխատակիցները միջադեպի առնչությամբ հեռախոսակապ են հաստատել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ, որը հրահանգել է «դաստիարակել» երիտասարդներին։ «Որոշ լրատվամիջոցներով փորձ է կատարվում որակել միջադեպն իբրեւ ծեծկռտուք, այնինչ, ըստ մեր աղբյուրների, իրականում տուժածները միակողմանի ծեծի են ենթարկվել», գրել է կայքը։
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է. «Այդ խումբը եկավ ժամը 11-ի կողմերը, լավ խմած էին, սկզբում հինգ հոգի էին` մեկը աղջիկ, հետո միացավ եւս մեկ աղջիկ։ Սպորտային հագուստով էին...Մեր մատուցողը նկատել է, որ մենեջերը չի թույլատրում սպորտային հագուստով մտնել համալիր։ Իսկ նրանք գինովցած, խմած վիճակում ու շատ վատ արտահայտություններով մատուցողին անպատվում են, հետո մատուցողին հրավիրում են դուրս, նրա վրա են հարձակվում։ Եվ երբ այդ ամենը տեսնում է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը, գնում է, հրում են իրար ու նրանցից մեկը այդ կարճ պահին վայր է ընկնում»։
Վայր ընկնելուց մարդիկ ուղեղները ցխված վիճակում չեն հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում. սա մեկ։ Երկրորդ` ով է ձեզ թույլ տվել խմած հաճախորդին ծեծել այնքան, որ նա հայտնվի կենաց ու մահու սահմանին` մահվան դուռը հասցնելու չափ։ Զոհրաբյանն իր կցկտուր պատասխաններով գրեթե փաստել է, որ Նեմեց Ռուբոյի հրահանգով է կատարվել տեղի ունեցածը, այլապես ձերբակալվածներ կլինեին։ Իսկ ձերբակալվածներ չկան։ Երեկ միջադեպի առիթով ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Միջադեպի մանրամասները բացահայտված են, ճշտված են միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները, այս պահին 4 անձ արդեն հարցաքննվել է, նախաքննությանը հայտնի է ծեծկռտուքի ժամանակ վնասվածք հասցրածի անձը»։ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրել է, որ նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարել տուժողների հետ, քանի որ բժիշկների գնահատմամբ նրանց վիճակը ծանր է, սակայն նախաքննությունը շարունակվում է։
Շրջանառվող լուրերի համաձայն` ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի անձնակազմը որոշում է ընդունել գործադուլ հայտարարել, քանի դեռ Ավետյանին ծեծի ենթարկածներն ու նրանց հովանավոր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ենթարկվել պատասխանատվության։ Եթե այդ անձնակազմը գործադուլ հայտարարի, կստեղծվի շատ դժվարին իրավիճակ. ՀՀ զինված ուժերը կմնան առանց իրենց բուժանձնակազմի։
Ռուբեն Հայրապետյանը չի հարցաքննվել։ Չենք զարմանա, եթե տեղեկանանք, որ նա խրախուսում է հայտարարել նրանց, որոնք իր` «դաստիարակել երիտասարդներին» հրահանգը «իրականացրել» են։ Այսպես շարունակելու դեպքում վստահաբար կարող ենք պնդել, որ Նեմեց Ռուբոյի «դաստիարակությամբ» զբաղվողներ էլ հաստատ կգտնվեն։ Վաղուց` ժամանակն է։