08.09.2017 11:26 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հիմնական խոչընդոտը

Սերժ Սարգսյանն ընդդեմ ներդրումների

Սերժ Սարգսյանն ընդդեմ ներդրումների

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ տարեսկզբին խոստացած 850 միլիոն դոլարի ներդրումներն առայժմ չեն երեւում, եւ իշխանությունները շատ նրբորեն խաղարկում են դա։ Նպատակը հասկանալի է. եթե որոշվել է, որ հաջորդ վարչապետը պիտի Սերժ Սարգսյանը լինի, Կարեն Կարապետյանը պիտի ներկայացվի որպես ձախողված վարչապետ։

Եվ իսկապես էլ, պաշտոնական տվյալների համաձայն, այս տարի կատարվել է ընդամենը մոտ 30 մլն դոլարի ներդրում, մինչդեռ կապիտալի արտահոսքի ծավալը գերազանցում է 50 մլն դոլարը։ Այսինքն՝ հաշվեկշիռը դեռ մի բան էլ բացասական է։ Եւ սա, մեղմ ասած, շատ տարօրինակ է։ Ուրիշ բան, եթե ապահովվեր ներդրումների կեսը կամ գոնե մեկ քառորդը, բայց ընդհանրապես որեւէ բան չի կատարվել։ Այնպիսի տպավորություն է, թե սա կազմակերպված սաբոտաժի արդյունք է՝ ինչ-որ մեկը «ներդրողների ակումբի» անդամներին հրահանգել է հանկարծ ներդրումներ չանել Հայաստանում։

Ուղղակի հրահանգ, իհարկե, հազիվ թե եղած լինի, բայց ամեն դեպքում՝ պետք է փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Վերջին հաշվով՝ ինչո՞ւ էին ռուսաստանաբնակ հայ գործարարների պոտենցիալ ներդրումները կապվում Կարեն Կարապետյանի անվան հետ։ Որովհետեւ նա, այդ տրամաբանության համաձայն, պիտի երաշխիք հանդիսանար, որ ներդրումներին ոչինչ չի սպառնալու, որ իշխանությունների կողմից լիակատար աջակցություն է լինելու, եւ այլն։ Իսկ նման երաշխիք կարող է տալ միայն իշխանական ռեալ լծակներ ունեցողը։ Ենթադրաբար՝ սկզբում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին խոստացել է, որ նա այդպիսի լծակներ կունենա, բայց հետագայում, զգալով, որ 2018-ին միանձնյա իշխելու իր պլանները վտանգվում են, փոխել է դիրքորոշումը եւ որոշել երկրորդ պլան մղել վարչապետին։ Բնականաբար՝ փոխվել է նաեւ ներդրողների տրամադրվածությունը։ Պարզ ասած՝ նրանք փոշմանել են։ Եւ դա միանգամայն հասկանալի է. եթե իրենց «գարանտը» երկրորդ պլան է մղվում, ինչո՞ւ պիտի ներդրումներ անեն։ Անող լինեին՝ մի քանի տարի առաջ կանեին, Հայաստանի տեղը չգիտեի՞ն։

Հասկանալի է, որ այդ ներդրողների ուշքը չի գնում Հայաստանի համար, հասկանալի է, որ նրանց հիմնական նպատակը փող աշխատելն է, բայց փող աշխատելու համար նախ եւ առաջ քաղաքական կայունություն ու կանխատեսելիությոն է պետք, իսկ Հայաստանում այդ «ապրանքից» չկա. հայտնի չէ անգամ, թե 2018-ի ապրիլին ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Ավելի ճիշտ՝ դա մոտավորապես հայտնի է, բայց հայտնի չէ, թե խաղի ինչ կանոններ են գործելու, ովքեր են լինելու հիմնական դերակատարները, ովքեր են լինելու տնտեսական դաշտը «նայողները», ովքեր են լինելու «ասողները» եւ այսպես շարունակ։ Հակառակը՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն օրումեջ հայտարարում են, թե բոլոր այդ հարցերը կորոշվեն ապրիլին։ Դե եթե ապրիլին պիտի որոշվեն՝ ներդրողներն էլ կսպասեն ապրիլին, ինչո՞ւ պիտի շտապեն։ Որեւէ երաշխիք չկա, չէ՞, որ, ասենք, Սաշիկը չի դառնա փոխվարչապետ, իսկ Միշիկը՝ էկոնոմիկայի նախարար։ Այսինքն՝ որեւէ երաշխիք չկա, որ ներդրումները «շուն-գելի փայ չեն դառնա»։

Նման իրավիճակում ներդրումների բացակայության համար Կարեն Կարապետյանին մեղադրելը, մեղմ ասած, «սիրուն չի»։ Առավել եւս, որ ներդրումների բացակայությունը նաեւ այլ գործոններով է պայմանավորված, օրինակ՝ կոռուպցիայով, դատական անկատար համակարգով, ուժային կառույցների «բեսպրեդելով», ռիսկային արտաքին քաղաքականությամբ, ղարաբաղյան չկարգավորված հակամարտությամբ եւ այլն։ Իսկ այդ ոլորտներից որեւէ մեկի համար Կարեն Կարապետյանը պատասխանատվություն չի կրում։ Եթե անգամ ձեւականորեն կրում էլ է՝ իրական լծակներ չունի։

Հստակ հաշվարկներ, իհարկե, չկան, բայց կարելի է վստահ լինել՝ ամեն անգամ, երբ Էդուարդ Շարմազանովն աջ ունքը բարձրացնելով հայտարարում է, թե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո էլ է շարունակելու ղեկավարել երկիրը, պոտենցիալ ներդրումների ծավալը մի 15-20 միլիոն դոլարով պակասում է։ Իսկ նա, ի դեպ, նման հայտարարություններ անում է առնվազն շաբաթը երկու անգամ։ Այնպես որ՝ ներդրումներ ակնկալելն անիմաստ է։ Հաշվարկները ոչ մի լավ բան չեն խոստանում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30