02.03.2018 06:49 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Թեմա չկա

Երկխոսության միակ հնարավոր օրակարգը

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ Ազգային ժողովում արտասանած ծրագրային ելույթը բավականին գեղեցիկ ստացվեց։ Շեշտադրումներն էլ էին գեղեցիկ, սուր հարցադրումներից խուսափելու հնարքներն էլ։ Եվ ընդհանրապես՝ դա իշխող կուսակցության թեկնածուի ելույթ չէր, ավելի շատ ընդդիմադիր թեկնածուի ելույթ էր հիշեցնում։ Կառուցողական ընդդիմադիրի։

Մարդու, ով հասկանում է երկրի վիճակը, պատկերացնում է բոլոր հիմնական խնդիրները, հստակ զգում է «գաղջ մթնոլորտը», բայց անհանդուրժողականության փոխարեն երկխոսության կոչ է անում։  

Ափսոս միայն, որ այդպես էլ չկոնկրետացրեց, թե ո՞ւմ միջեւ պիտի ընթանա երկխոսությունը, ովքե՞ր պիտի լինեն երկխոսության կողմերը։ Օրինակ՝ հնարավո՞ր է երկխոսություն իշխանությունների եւ հասարակության միջեւ։ Հնարավոր կլիներ, եթե իշխանությունները ձեւավորված լինեին հասարակության կողմից՝ նորմալ ընտրությունների միջոցով, բայց իշխանությունները, որպես կանոն, հասարակության հետ «երկխոսում են» միայն հինգ տարին մեկ, ընտրությունների ժամանակ, այն էլ՝ միջնորդավորված (թաղային հեղինակությունների միջոցով), երկխոսության հիմնական թեման էլ ընտրակաշառքի չափն է լինում։

 Հնարավո՞ր է երկխոսություն, ասենք, օլիգարխների եւ բառիս բուն իմաստով օրվա հացի կարոտ քաղաքացիների միջեւ։ Ասենք՝ օլիգարխը մի քանի տասնյակ հաստավիզ թիկնապահների ուղեկցությամբ դուրս է գալիս «օբեկտից» ու անմիջապես երկխոսում այն խեղճուկրակ մարդկանց հետ, որոնց դուստրերը, կարիքից դրդված, քիչ առաջ սաունայում զվարճացնում էին իրեն։ Կամ եթե նման երկխոսություն հնարավոր է՝ ինչի՞ մասին պիտի երկխոսեն։ Երեւի այն մասին, որ բոլորիս հայրենիքը մեկն է, բոլորս պարտավոր ենք անմնացորդ նվիրվել մեր հայրենիքին ու եթե պետք լինի՝ կյանքներս զոհաբերել, իսկ տրտնջալ չի կարելի, որովհետեւ հաղթանակները զրկանքների գնով են ձեռք բերվում... Համաձայնվեք՝ շատ անկեղծ երկխոսություն կստացվի։ Իսկ խեղճուկրակ քաղաքացիները պիտի հանդուրժեն դա։ Չհանդուրժեն՝ ի՞նչ պիտի անեն։ Պիտի իրավապահների՞ն դիմեն։ Նրանց ղեկավարներն էլ կողքի՛ սաունայում են զվարճանում։

 Իսկ գուցե երկխոսությունը պիտի իշխանությունների ներսո՞ւմ տեղի ունենա։ Ասենք՝ Սերժ Սարգսյանը բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ու օլիգարխներին երկխոսության է հրավիրում, եւ երկարատեւ քննարկումներից հետո պայմանավորվում են, որ սրանից հետո էլ երկիրը չեն թալանելու, կաշառք չեն վերցնելու, ընտրություններ չեն կեղծելու, բյուջեից չեն գողանալու, մինչեւ հիմա գողացածով էլ ներդրումներ են կատարելու բացառապես Հայաստանում։ Տեսականորեն այսպիսի երկխոսություն հնարավոր է, բայց անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ինչքան Սերժ Սարգսյանը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի ու «խոշորներին գլխից բռնելու» մասին՝ այնքան կոռուպցիան ծաղկում է, ինչքան խոսում է Հայաստանում ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին՝ այնքան կապիտալի արտահոսքի տեմպերն արագանում են, եւ այլն։ Մի խոսքով՝ երկխոսությունը չի ստացվում։

 Իշխանությունների եւ հասարակության միջեւ երկխոսությունը չի ստացվում ոչ թե ցանկության բացակայության պատճառով, այլ որովհետեւ երկխոսության թեմա՛ն չկա։ Եթե չկան ընդհանուր շահեր կամ գոնե ընդհանուր հետաքրքրություններ՝ երկխոսություն չի լինի։ Իսկ ընդհանուր շահեր եւ ընդհանուր հետաքրքրություններ չկան։ Հասարակության համար Հայաստանը երկիր է, որտեղ բազմաթիվ պրոբլեմներ կան, եւ այդ պրոբլեմները պիտի հաղթահարել, իսկ իշխանական վերնախավի համար Հայաստանը տարածք է, որտեղ իրենք փող են աշխատում (ընդ որում՝ դժվարությամբ, որովհետեւ միջավայրը թշնամական է), առկա պրոբլեմներն էլ պետք է ոչ թե հաղթահարել, այլ օգտագործել՝ առավելագույն շահույթ ստանալու նպատակով։

Այնպես որ՝ Հայաստանում հնարավոր է միայն երկխոսություն հասարակության տարբեր խավերի միջեւ։ Միակ թեման էլ երեւի պիտի լինի այն, թե ինչպես հաղթահարել առկա տարաձայնությունները եւ միասնական ջանքերով նորմալ իշխանություններ ունենալ։ Եթե Արմեն Սարգսյանը «երկխոսություն» ասելով սա նկատի ուներ՝ վստահաբար, լրջագույն առաքելություն է ստանձնել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30