25.11.2016 07:57 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նախընտրական հիստերիա

Փի-առը թարս բուսնեց

Փի-առը թարս բուսնեց

Եվ այսպես, Կարեն Կարապետյանն ու նրա կաբինետի նոր նախարարները նույնպես դարձան հանրապետական։ Հոգով-սրտով նրանք, իհարկե, վաղուց էին հանրապետական` այն իմաստով, որը ժողովրդի մեծամասնությունը դնում է այդ բնորոշման հիմքում, բայց սա այնքան էլ էական չէ։ Էականն այն է, որ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից հեռու «տեխնոկրատներին» թույլ չտվեց ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ կույս մնալ։

Հայաստանը պիտի դառնա կուսակցապետություն, եւ վերջ։ Սերժ Սարգսյանը, որպես նախկին կոմսոմոլ եւ կուսակցական ֆունկցիոներ, հենց այդպես էլ պատկերացնում է կառավարման համակարգը։ Իսկ «ազգային միասնություն» ասվածը նրա համար խորհրդային տարիների հայտնի կարգախոսն է` կոմունիստների եւ անկուսակցականների անխախտ դաշինքի մասին։ Միայն մի տարբերությամբ` խորհրդային տարիներին մարդիկ կաշառք էին տալիս «պարտիական» դառնալու համար, իսկ հիմա մարդկանց զոռով են ստիպում անդամագրվել ՀՀԿ-ին։

Միայն մեկ օրինակ բերենք։ Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գրեթե բոլոր գրասենյակների աշխատակիցներին տեղեկացվել է, որ առանց բացառության բոլորը պիտի անդամագրվեն ՀՀԿ-ին, իսկ ովքեր չեն համաձայնվի` անմիջապես կազատվեն աշխատանքից։ Ընդ որում` «վերադասի կարգադրությանը» զուգահեռ բոլոր աշխատակիցներին ներկայացվել են նաեւ արդեն լրացված դիմումները` ՀՀԿ-ին անդամակցելու համար, որտեղ լրացված են եղել տվյալ աշխատակցի բոլոր տվյալները, որպեսզի նրանց մնա միայն ներքեւում ստորագրելը, եւ վերջ։ Ավելին` բացառություն չեն արել անգամ այն աշխատակիցների համար, ովքեր այլ կուսակցության անդամ են։ Նրանց երկու օր ժամանակ է տրվել` այդ կուսակցությունից դուրս գալու եւ ՀՀԿ մտնելու դիմումի տակ ստորագրելու համար։ Սա, բնականաբար, շոկի մեջ է գցել բոլորին, բայց դիմադրության փորձեր առանձնապես չեն եղել։ Չէ՞ որ զուտ ձեւականորեն ամեն ինչ արվում է «կամավորության հիմունքներով», իսկ չհամաձայնվելու դեպքում աշխատանքից ազատելու պատճառ հաստատ կգտնեն։

Կարելի է չկասկածել, որ այս ահաբեկչության հրամանն իջեցվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, եւ մոտ ապագայում (մինչեւ ընտրությունները) այս «հաջողված փորձը» կիրառվելու է նաեւ բոլոր պետական հիմնարկներում եւ այն ձեռնարկություններում, որոնց սեփականատերերը հոգով-սրտով հանրապետական են` այդ բնորոշման հանրային ընկալման առումով։

Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Փաստորեն` Սերժ Սարգսյանը զոռով հանրային գիտակցության մեջ արմատավորում է այն միտքը, որ պետությունն ու ՀՀԿ-ն նույն բանն են (երկուսն էլ պատկանում են անձամբ իրեն), ու եթե որեւէ մեկը պետական բյուջեից մի երկու կոպեկ է ստանում` դրա համար պիտի շնորհակալ լինի «պարտիային»։ Այսինքն` նա իր ընտանիքի հացն ապահովում է ոչ թե իր աշխատանքի, այլ կուսակցության առաջնորդի ողորմածության շնորհիվ, ու եթե չի ուզում հանրապետական դառնալ` ուրեմն արժանի չէ այդ օրվա հացին։ Մեթոդներն ընդհանուր առմամբ նույնն են, բայց նման լկտիություն չկար անգամ Օսմանյան կայսրությունում, որովհետեւ երբ այնտեղ քրիստոնյաներին բռնությամբ ստիպում էին մահմեդական դառնալ` համարում էին, որ դրա շնորհիվ ձեռք բերվելիք մի կտոր հացը ոչ թե սուլթանն է ապահովելու, այլ Ալլահը։

Կարող է հարց առաջանալ` իսկ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք մարդկանց բռնությամբ հանրապետական դարձնելը։ Դրանով նա երկու հիմնական հարց է լուծում։ Նախ` հեշտացնում է կեղծվելիք ընտրությունների արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու գործը (եթե պաշտոնապես ՀՀԿ-ն, ասենք, 400 հազար անդամ ունի, հեշտ է բացատրելը, թե ինչպես է այդ կուսակցությունը, ասենք, 700-800 հազար ձայն ստացել), եւ երկրորդ` զոռով հանրապետական դարձածները հոգեբանորեն «կոտրվում են»։ Իսկ դա հենց այն է, ինչ պետք է Սերժ Սարգսյանին` թող բոլորն իմանան, որ այս կամ այն կուսակցությանն անդամակցելը իրենց ուզելով չէ։

Ինչեւէ։ Այս իսկապես խայտառակ գործընթացը լուրջ դիմադրության կհանդիպի, թե ոչ` դժվարանում ենք ասել, բայց որ այս ամենի արդյունքում «գաղջը» ավելի կթանձրանա` դա հաստատ։ Ու դրանով էլ կավարտվի «Կարեն Կարապետյան» պայմանական անվանումով փի-առ ակցիան։ Չէ՞ որ առաջինը հենց նրան «կոտրեցին»։ Թե չէ ինչ-որ մտահոգվելու աստիճան դրական էր երեւում Սերժ Սարգսյանի ֆոնին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30