18.05.2018 06:15 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ձեզ անտերի տեղ մի դրեք

Չորբացնել հազարատեր հեղափոխությունը

Չորբացնել հազարատեր հեղափոխությունը

Որբ պարտություններից կուշտ ենք։ Հազարատեր հաղթանակն էլ քաշքշվում է չափազանց։ Գոնե հաղթանակի հազարավոր տերերը կառավարման նույն կոնցեպտն ունենային։ Սակայն, ցավոք, ոչ։ Որքան տեր` այնքան կարծիք։ Ավելին` տարիներով մշակված կառավարման ծրագիր, թե ինչպես երկիրը դուրս բերել ծանր դրությունից։

Կարեւոր չէ, թե հաղթանակի տերերը քանի օր, քանի ժամ, քանի րոպե են կանգնել հրապարակում։ Կարեւոր չէ, թե պայքարի ընթացքում որքան են մխտռել շարժումն իրենց դժնի վերլուծությամբ ու կեղծ ահազանգերով։ Կարեւորն այն է, որ նրանք միշտ` բոլոր դեպքերի համար, թեւի տակ ունեն երկիրը ծանր կացությունից դուրս բերելու կոնցեպտ, մի ռազմավարական ու մարտավարական կուռ ծրագիր։

Հաղթանակն ունի նեղացած տերեր։ Նրանք հեղափոխությունից հետո էլ գնահատված չեն։ Նրանց  չեն կանչում, հատուկ չեն հրավիրում, նրանց դարձյալ չեն հիշում։

Հաղթանակն ունի պահանջատերեր։ Հեղափոխությունը եղավ, բայց Նաիրիտը դեռ չի աշխատում, գործարաններ չեն բացվել, աշխատավարձերը չեն բարձրացել, հանքարդյունաբերությունը չի դադարեցվել, արտաքին պարտքը չի փակվել, արդարադատությունն անարդար է, հանցագործությունները բացահայտված չեն, մեղավորները բանտերում չեն, անմեղներն ազատության մեջ չեն, կյանքը, առհասարակ, շարունակում է թանկ մնալ։

Հիստերիկ ու դժգոհ տրամադրություն տարածողներն ինչ անում են, երկրի համար են անում։ Իրենք ուզում են, որ լավ լինի, պետական կառավարումը ճիշտ գծի  վրա դրվի։ Իրենց պատկերացրած, իրենց ուզած գծի։ Ասվել է` դեմոկրատիա։ Եվ ուրեմն դեմոսի անունից հանդես եկողները պիտի ճչան ու ոտնատակ ընկնեն, որ հետո հանեն հեղափոխության տապալման եւ հակահեղափոխության պատրաստի լոզունգները, իմաստակի կեցվածքով մատը տնկեն առ դեմոս եւ հայտարարեն` Բա որ ասում էի։

Ասվել է` Դուք եք տերը այս երկրի։ Դուք եք տերն այս հաղթանակի։ Եվ այդպիսի արբեցնող ու ապշեցուցիչ հաղթանակից հետո դժվար է սովորականի պես նախաճաշել, սովորականի պես գնալ աշխատանքի, սովորականի պես աշխատել եւ դեռ մի բան էլ լավ աշխատել։ Չկա նախկին փողոցային պայքարը, բայց էքսպրեսիան եւ էմոցիաները վառ են ու սրված։ Չեն հանդարտվել։ 

Անշուշտ, նոր ձեւավորված կառավարության որդեգրած սկզբունքների հիմքում անկախությունն է, արդարությունը, բարեկեցությունը, առողջ միջավայրը, վերջապես պինդ պետականությունն ու ուժեղ պետությունը։ Բայց այս բոլորը մեկ օրում չի քանդվել։ Ուստի մեկ օրում չի կարող կառուցվել։ Թվում է` պարզագույն ճշմարտություն է, բայց հենց պարզագույն ճշմարտություններն են, որոնց մեջ ապրել կարողանալը բարդ գործ է։

Առայժմ շարունակում ենք մնալ հակահեղափոխության վտանգի մեջ, ինչը չի նշանակում, թե հեղափոխություն չի եղել։

Ամեն րոպե իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե տաքսու վարորդները, մեքենաներ ներկրողները, բանվորները, ներկրողները, ատամնաբույժները, քաղբանտարկյալները, նրանց համակիրները, այս բոլորի հակառակորդները շարունակեն հեղափոխության համար պայքարի նախկին մեթոդները կիրառել` փակել փողոցները, սպառնալից վերջնագրեր ներկայացնել, փնթփնթալ, նեղսրտել` կուտակված էներգիայի ձեռքը կրակն ընկած։ էներգիան պարպել է պետք։ Բայց որտեղ եւ ինչպես։ Սա է հարցը։ Իսկ պատասխանը բոլորովին էքսպրեսիա եւ էմոցիա չի ենթադրում, այլ չոր ռացիոնալիզմ` շարունակել աշխատել այնտեղ, ուր աշխատում էինք մինչեւ հեղափոխությունը։ Մի շրջան դադարեցնել պայքարելու մոլեգին ցանկությունը։ Մի շրջան համբերություն ցուցաբերել։ Չցցել հանուն հայրենիքի եւ պետականության արված զոհողությունները։ Մի պահ չլինել կարկառուն հերոս։ Լինել աշխատանքային օրվա շարքային կատարող։ Լինել շարքային քաղբանտարկյալ։ Լինել շարքային զոհաբերած։ Լինել շարքային ազատամարտիկ։ Լինել շարքային ազատասեր ու հայրենասեր։   

Ավելորդ շտապողականությունն ու փութկոտությունը հաղթանակը գուրգուրելու գործում կարող է պարզապես քաչալացնել ու որբացնել այն։ Պետք չէ շտապել լինել տժժիկ հումորիստ։ Պետք չէ շտապել դառնալ նորանշանակ կառավարության կատաղի ընդդիմությունը։ Սա եզակի շրջան է, երբ լոյալություն` նշանակում է պետականամետություն, որովհետեւ նորանշանակ կառավարությունը 20 տարվա անխնա թալանված, չհամակարգված ու խճճված երկիր կարգավորելու ծանր պարտականություն է վերցրել իր ուսերին եւ ձեռքերն էլ շատ ազատ չեն գործելու համար, քանի որ գործ ունի հանրապետական մեծամասնությամբ խորհրդարանի եւ դեռեւս չմերժված արդարադատության ատյանների հետ։ Սրանք բաներ են, որ ինքներդ հասկանում եք։ Չէ՞ որ բոլորս քաղաքագետ ենք, վերլուծաբան, կառավարման մասնագետ եւ վերջապես չափազանց սրտացավ քաղաքացի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30