Իսկ իրավիճակի դրամատիզմն այն է, որ առաջիկա ընտրություններում, մեծ հաշվով, ոչ այնքան ապագա խորհրդարանի հարցն է լուծվում, որքան հաջորդ նախագահի։ Եթե, օրինակ, Կոնգրեսը հաղթում է ընտրություններում, հասկանալի է, որ տեղի են ունենալու նախագահական արտահերթ ընտրություններ, եւ Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու։ Եթե հաղթում է ԲՀԿ-ն, նախագահական ընտրությունները գուցեեւ արտահերթ չլինեն, բայց Սերժ Սարգսյանը հաստատ չի վերընտրվելու։ Նրա վերընտրությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՀՀԿ-ն հաղթի եւ բացարձակ մեծամասնություն ունենա։ Բայց ինչպե՞ս։
Սկսենք նրանից, որ հաջորդ խորհրդարանի ամենահավանական կազմում (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն») ՀՀԿ-ն ոչ մի պոտենցիալ դաշնակից չունի։ ՕԵԿ-ին խորհրդարան խցկելը ֆանտաստիկայի ժանրից է, հետեւաբար` ՀՀԿ-ն պիտի փորձի միայնա՛կ ձեռք բերել մեծամասնությունը։ Ենթադրենք` Սերժ Սարգսյանը գործի դրեց հնարավոր եւ անհնար բոլոր լծակները եւ մեծամասնական 41 ընտրատարածքներից 30-ում հաղթեց (ավելին պարզապես հնարավոր չէ, որովհետեւ տարածաշրջաններ կան, որտեղ ՀՀԿ-ն շանս չունի)։ Այդ դեպքում ՀՀԿ-ին պետք կլինի եւս 36 մանդատ, այսինքն` մոտավորապես 36 տոկոս (որովհետեւ մանր-մունր ուժերը բոլորը միասին մի 10 տոկոս կհավաքեն, եւ մեծամասնականի 90 մանդատները կբաժանվեն 90 տոկոսի միջեւ, այսինքն` որքան տոկոս, այնքան մանդատ)։ Հետեւաբար` Հայաստանի քաղաքական դաշտի առջեւ շատ հստակ խնդիր է դրված. այնպես անել, որ ՀՀԿ-ն 36 տոկոսից ավելին չստանա (այսինքն` չկարողանա նկարել)։ Սա, կարծում ենք, հեշտությամբ լուծվող խնդիր է, որովհետեւ նախորդ ընտրություններում, ունենալով կատարյալ մոնոլիտ իշխանություն, անգամ լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում ՀՀԿ-ն ավելի քիչ ձայներ ստացավ։
Հիմա պատկերացրեք` ՀՀԿ-ն նորից «հաղթել է», բայց, ասենք, 32 տոկոս է ստացել։ Մեծամասնականն էլ հետը` ունենում է 62 մանդատ։ Վերջ, չկա՛ մեծամասնություն։ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել չի կարող, ՀՅԴ-ի հետ` առավել եւս, Կոնգրեսի հետ` որքան հասկանում ենք, կոալիցիան բացառվում է սկզբունքորեն, «Ժառանգությունն» էլ հաստատ կհրաժարվի նման համագործակցությունից։ Ավելին. այդ չորս ուժերը, խորհրդարանում մեծամասնություն ունենալով, ոնց էլ լինի` գոնե արտահերթ նախագահական ընտրությունների հարցի շուրջ համաձայնության կգան։
Իսկ թե ինչու չենք քննարկում հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու տարբերակը` հասկանալի է. այդ դեպքում ՀՀԿ-ին արդեն անհրաժեշտ կլիներ ոչ թե 36, այլ 51 տոկոս։ ՀՀԿ-ում դա հասկանում են, մեծամասնություն էլ առայժմ ունեն, հետեւաբար` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ չի լինի։
Հարց է ծագում` իսկ ինչպե՞ս անել, որ այս ծրագիրն իրականություն դառնա։ Համամասնական ընտրակարգով «բոլորը ՀՀԿ-ի դեմ» սխեման չի աշխատի, բայց դա մեծ ողբերգություն չէ։ Թող դրա փոխարեն աշխատի «ամեն մեկն իր համար» սկզբունքը, եւ միեւնույն է` ՀՀԿ-ն ոչ մի դեպում 36 տոկոս չի հավաքի։ Փոխարենը` «բոլորը ՀՀԿ-ի դեմ» սխեման կարող է աշխատել մեծամասնական ընտրակարգով։ Այսինքն` պարզապես չպետք է թույլ տալ, որ ՀՀԿ-ն 41 ընտրատարածքներից 30-ում հաղթի։ Այս հարցում արդեն «բոլորի» միջեւ հաստատ կարող են պայմանավորվածություններ լինել, եւ ամեն ընտրատարածքում «բոլորը» կարող են նույն ոչ հանրապետական թեկնածուին պաշտպանել, ավելին` դա անել նախապես այդ թեկնածուի շուրջ ոչ հրապարակային համաձայնություն ձեռք բերելով։
Մի խոսքով` տեխնիկապես խնդիրը միանգամայն լուծելի է։ Պետք է այնպես անել, որ առավելագույնը 30 տոկոս վարկանիշ ունեցող կուսակցությունը հաջորդ խորհրդարանում առավելագույնը 30 տոկոսով էլ ներկայացված լինի։ Մանավանդ որ ՀՀԿ-ն իրականում այդքան վարկանիշ չունի։ Իրենց առաջնորդի լեզվով ասած` «մի զրո ավել ենք ասում»։