16.05.2017 05:31 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուֆերախառը

Սերժ Սարգսյանը ելքը գտավ

Սերժ Սարգսյանը ելքը գտավ

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն այնքան կանխատեսելի էին, որ կարելի էր ընդհանրապես ընտրություններ չանցկացնել եւ դրանով իսկ ահագին փող խնայել։ Ի սկզբանե հասկանալի էր, որ ՀՀԿ-ն ավանդական մեթոդներով տոկոս է խփելու, երկրորդ տեղը զբաղեցնելու է «Ելք» դաշինքը, պատվավոր երրորդ տեղն էլ` «Երկիր Ծիրանին»։

Բայց քանի որ այսպես կոչված ընտրական ցիկլն ավարտվեց, եւ առաջիկա 4-5 տարիներին ընտրություններ չեն լինելու, արժե ավելի հանգամանորեն վերլուծել ստեղծված իրավիճակը։

Սկսենք նրանից, որ առաջին գնահատականները, որոնց համաձայն` ընդդիմությունը ծանր պարտություն կրեց, չեն համապատասխանում իրականությանը։ Ընդդիմությունը Հայաստանում պարտվել էր ավելի վաղ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ու պարտվել էր այնքան ակնհայտորեն, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդհանրապես չմասնակցեց։ Այնպես որ, եթե ուզում ենք վերանալ էմոցիոնալ գնահատականներից եւ իրար հաջորդած երկու ընտրությունների արդյունքները գնահատել ըստ էության, պիտի արձանագրենք երեք փաստ։ 1. ՀՀԿ-ն պահպանեց իշխանությունը, 2. Ընդդիմությունը պարտվեց, 3. «Ելք» դաշինքը հաղթեց։ Այլ կերպ ասած` հաղթողները երկուսն են (ՀՀԿ-ն եւ «Ելքը»), եւ հաղթել են, հասկանալի է, ընդդիմությանն ու ժողովրդի մեծամասնությանը։

Հիմա` այն գնահատականների մասին, թե իբր ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն նոր մոդել կիրառեց եւ իշխանությունը պահպանելու հարցը լուծեց առանց «բուֆերային» ԲՀԿ-ի (ԲՀԿ-ն, ենթադրաբար, բուֆերային դեր էր կատարում բողոքավոր ու փողոց դուրս գալու պատրաստ էլեկտորատի եւ իշխանությունների միջեւ)։ Իրականում ոչ մի նոր մոդել չի կիրառվել, պարզապես դերակատարներն են փոխվել։ Ըստ էության` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հին մոդելն է կիրառվել. կային իշխանություններ, կար ծայրահեղ ընդդիմադիր եւ փողոց դուրս գալու պատրաստ էլեկտորատ (նրանք իրենց ձայնը տվել են «Երկիր Ծիրանիին»), եւ կար նոր «բուֆեր»` ի դեմս «Ելք» դաշինքի, որի ներկայացուցիչներն ընդդիմադիր ելույթներ էին ունենում, բայց կտրուկ դեմ էին ու հիմա էլ դեմ են փողոցային պայքարին ու հետընտրական զարգացումներին։ Ձայներն էլ բաշխվել են ճիշտ այնպես, ինչպես նախկին ընտրությունների ժամանակ։ Առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում` «բուֆերը», երրորդ տեղում` ծայրահեղ ընդդիմությունը։ Իսկ թե ինչու էր դերակատարների փոփոխություն եղել` նույնպես հասկանալի է։ Քանի որ Երեւանի ավագանու ընտրությունները «կլասով ցածր էին» խորհրդարանական ընտրություններից, ՀՀԿ-ն որոշել էր ոչ միայն մասնակցել «երկրորդ կազմով» (ֆուտբոլային ակումբներն էլ են այդպես վարվում), այլեւ օգտագործել «զապաս բուֆերը» (եթե հիմնական ընդդիմությունը չի մասնակցում` կարելի է հիմնական «բուֆերը» նույնպես թողնել պահեստայինների նստարանին)։

Կարելի՞ է արդյոք համարել, որ ընտրական այս ցիկլում Սերժ Սարգսյանը հաղթեց։ Միանշանակ։ Ի վերջո նա հասավ այն ամենին, ինչի մասին Հայաստանի նման երկրի ցանկացած ղեկավար կարող է միայն երազել` գաղափարական ընդդիմությունը ջախջախված է եւ իշխանական օղակներում ընդհանրապես ներկայացված չէ, փոխարենը` կան ներկայանալի արտաքինով եւ սուր ելույթներ ունեցող «ընդդիմադիրներ», ովքեր ինչի մասին ասես խոսում են, բայց ոչ մի դեպքում մարդկանց փողոց չեն հանի։ Սա իսկապես երանելի վիճակ է իշխանությունների համար, որովհետեւ նրանք խոսքերից չեն վախենում, նրանք փողոցային պայքարից են վախենում։ Դրա համար էլ հարյուր հազարանոց հեռուստալսարանի առջեւ արտասանված ցանկացած ելույթ կհանդուրժեն, բայց հազար հոգանոց հանրահավաք չեն հանդուրժի։ Այնպես որ` Սերժ Սարգսյանի հաղթանակն ակնհայտ է։

Իսկ ահա հասարակությունը միանշանակ պարտվեց։ Որովհետեւ ՀՀԿ իշխանությունն ամուր է ավելի, քան երբեւէ, իսկ իշխանափոխության հայտ ներկայացնող որեւէ ուժ ընտրովի մարմիններում չկա։ Ինչը նշանակում է, որ անգամ երկիրն այս վիճակին հասցնելուց հետո Սերժ Սարգսյանի համար ելք կա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30