06.04.2018 07:59 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Կորուսյալ

Կյանքի գինը

Կյանքի գինը

Հայաստանում էլ մարդը փորձում է ապրել մարդու պես։ Բայց կյանքն այստեղ գնալով որակազրկվեց։ Ամեն օր։ Օրըստօրե։ Բոլոր հանգամանքները, բոլոր դեպքերը նրան հրում են դեպի շուկա` վաճառելու ազատությունն ու մարմինը, արժանապատվության վերջին փշուրը, խղճի վերջին կտորն ու ամենավերջին բանականությունը։

Մարդիկ կորցրել են իրենց ընկերներին։ Նույնիսկ նրանց, ում հետ դեռ շարունակում են սուրճ խմել եւ քննարկել քաղաքական կյանքն ու իրենց առօրյան։ Որովհետեւ նրանցից մեկն արդեն մի բան վաճառել է, մյուսը` դեռ տարակուսում է։ Եվ այն երրորդը, որ դեռեւս հաստատակամ է չվաճառվելու հարցում, չի կարողանում ընկերոջ երեսին ասել`«Լսիր, ինչո՞ւ վաճառեցիր...»։ Չի կարողանում ասել, որովհետեւ գիտի այն հանգամանքներն ու դեպքերը, որոնք դրդեցին մարդուն այդ քայլին։ Եվ վաճառվողն էլ չի համարում, թե ինքը մեղք է գործել, որովհետեւ մարդը նախ ապրել է ուզում։ Եվ դրա համար չկա պատիժ։ Իսկ Հայաստանում կյանքն իր բոլոր դրսեւորումներով հակառակ է ապրելուն։

Չկան ստույգ տվյալներ, թե վերջին քսանամյակում Հայաստանում ապրելու իրավունք ստանալու համար ամեն օր քանի մարդ է գնացել սեւ շուկա` վաճառելու կարեւոր մի բան։ Եվ եթե օրգանների թրաֆիքինգի ենթարկվածը ստույգ գիտի, թե կոնկրետ իր որ օրգանն են գողացել իրենից, ապա հայաստանյան սեւ շուկա գնացած մարդը չի էլ գիտակցում, թե ինչ պոկեցին իրենից այնտեղ։

Չկան տվյալներ, թե ինչ արժե Հայաստանում այն մարդու կյանքը, որը համառում է գնալ սեւ շուկա։ Մեկ դրա՞մ։ Մեկ լումա՞։

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դժգոհել է Հայաստանի թանկ գներից։ Երեւանից Փարիզ բոլոր տոմսերի գները, այն էլ` մեկ ուղղությամբ, սկսվում են 250 եվրոյից։ Մինչդեռ Վրաստանից Փարիզ հնարավոր է թռչել ընդամենը 50 եվրոյով։ Հայաստանից Եվրոպա գնալու վիզա ստանալու մաշող քաշքշուկի պատմությունից Լապշինը դեռ տեղյակ չէ։

Երեւանում ամենահամեստ հյուրանոցներն սկսվում են օրական 50 եվրոյից, մինչդեռ Լոնդոնում Լապշինը 50 եվրոյով ապրել է կենտրոնին շատ մոտ գտնվող հյուրանոցում։ 

Ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը աղջկա կյանքը փրկելու համար վաճառել է երիկամը Փարվանյան Վրեժ անունով մեկին` նախնական պայմանավորվածությամբ 28 հազար դոլարով, բայց ստացել է միայն 18 հազարը, քանի որ Վ. Փարվանյանը Ա. Ավետիսյանին կոնկրետ 10 հազար դոլարով «գցել» է։ Ա. Ավետիսյանը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն այս գործի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել այնքան ժամանակ, մինչեւ տուժողը նամակ է գրել Սերժ Սարգսյանին։ Հայտնի չէ, թե ինչպես է Ավետիսյանը ձեւակերպել իր նամակը։ Գուցե այսպես`«Ծայրահեղ աղքատ եմ, ընտանիքս քաղցած է, աղջիկս հիվանդ է, երիկամս վաճառել եմ, բայց ինձ 10 հազար դոլար խաբել են այս գործում»։ Սերժ Սարգսյանն էլ հավանաբար ասել է` «Մի տեսեք էդ ինչ ա...»։ Հիմա Ա.Ավետիսյանը կասկածներ ունի, որ հնարավոր է իրեն քրեական պատասխանատվության ենթարկեն ծայրահեղ աղքատության եւ սեփական մարմնամասը վաճառքի հանելու համար, քանի որ Փարվանյանները բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամ են։

Սյունիքի բնակիչ Հասմիկ Սարգսյանը, որ երեք հիվանդ ու անչափահաս երեխա եւ հայկական բանակում ծառայող որդի ունի, զրկվել է 31 հազար դրամ նպաստից։ Սիսիանի քաղաքապետը նրան աշխատանք է խոստացել, սակայն խոստումը չի կատարել, քանի որ Հայաստանում նախկինում գողություն կատարած մարդկանց աշխատանք չեն վստահում։ Կինը երեխաներին կերակրելու համար նորից դիմել է գողության`4 հազար դրամ գողոնի դիմաց դատապարտվելով 6.5 տարվա ազատազրկման։ Ոստիկանությունում քննիչը, կնոջ պատմելով, քանոնը սեղմելով կոկորդին` պահանջել է ընդունել 10 հազար դրամի գողության մեղադրանքը։ Դե, որտեղ 4 հազարը, այնտեղ էլ` 10 հազարը։ Քննիչը կնոջը խոստացել է, թե ուռճացված մեղքը խոստովանելու դեպքում չեն դատի, քանի որ կինն իր խնամքի տակ 4 երեխա ունի։ Քննիչը փաստացի խաբել է կնոջը։ Այդ քննիչի գինը սեւ շուկայում հնարավոր է պարզել, բայց հազիվ թե` մեկ հիվանդ ու քաղցած երեխայի չարչարանքը։ Իսկ 4 հազար դրամ գողություն կատարած կնոջ մեղքի պատժի չափը ստույգ է` 6.5 տարի։  

Դատելով Լապշինի ներկայացրած թվերից, ազատամարտիկի վաճառված երիկամի պատմությունից, գողության համար դատապարտված կնոջ ազատազրկման տարիներից` Հայաստանում ապրելու համար, այնուամենայնիվ, սեւ շուկա գնալու ընտրությունը պարտադրված է, իսկ այդ ընտրությունից հրաժարվելը` ինքնակամ եւ ակամա լուսանցքայնացում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30