23.02.2018 07:07 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Անջրդի

Պետբյուջեից որեւէ ներդրում չի արվում ոլորտի խնդիրները լուծելու համար

Պետբյուջեից որեւէ ներդրում չի արվում ոլորտի խնդիրները լուծելու համար

Թեեւ մինչեւ ամառ շատ ժամանակ կա, սակայն բնապահպանները կրկին սկսել են ահազանգել, որ Արարատյան դաշտավայրին սպառնում է երկու աղետ՝ անապատացումը, որը հետեւանք է արտեզյան ջրերի նվազման, եւ ոռոգման ցանցերի մաշվածության հետեւանքով ջրի արտահոսքից առաջացող ճահճացումը։

Արարատի եւ Արմավիրի մարզի համայնքների բնակիչներն էլ նշում են, որ կրկին կանգնել են  ոռոգման ջրի խնդրի առաջ` հողատարածքները կրկին մնալու են  անջրդի, եւ բերք չեն ստանալու։ Փաստն իրոք մտահոգիչ է, քանի որ էկոհամակարգերի աղքատացումը հանգեցնում է այդ տարածքներում ապրող մարդկանց տնտեսական ու սոցիալական վիճակի վատթարացման։

 Ջրային ռեսուրսների փորձագետի խոսքով՝  անապատացման դեմ պայքարի ռազմավարության ծրագրին 1997թ-ից անդամակցում է նաեւ Հայաստանը, սակայն պետբյուջեից այս ոլորտի որեւէ ծրագրի համար լուրջ ներդրում չի արվում։ Անապատացման հիմնախնդիրը ոչ միայն Արարատի, այլեւ Արմավիրի մարզում է։ Նշված մարզերի բազմաթիվ գյուղական համայնքներում ստորգետնյա  հարյուրից ավելի ջրանցքներ չորացել են, շատ այլ աղբյուրներ էլ մոտ են ցամաքելուն։ Բազմաթիվ տնտեսություններ այլեւս չեն կարողանում ոռոգել իրենց հողամասերը։ Փորձագետի խոսքով. «Մենք այցելություններ կատարեցինք  Արարատյան դաշտավայրի գյուղեր, որտեղ ականատես եղանք, թե ինչպես ջուր չլինելու պատճառով գյուղացին ստիպված կոտրում է կենցաղային կոյուղու խողովակն ու  չմաքրված կոյուղաջրերով ոռոգում է դաշտը, որտեղ  աճում է  ձմերուկ, սեխ, դդում։ Այդ բոլորը գալիս է շուկա, ու մենք գնում ենք։ Ավելին՝ հողերից շատերը ջրվում են ձկնաբուծարանների ջրերով, եւ այդ ջրով ոռոգված դաշտերի բերքը ձկան համ է ունենում։

Դրությունը լուրջ է հատկապես Մասիսի տարածաշրջանում։ Ահավոր հոտ ունեն նաեւ այստեղից քաղված ծաղիկները։ Մի քանի անգամ փորձ ենք արել քաղված մանուշակների տհաճ հոտի վրա բեւեռել պատկան մարմինների ուշադրությունը, բայց՝ «ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իրա դարդին»։ Մինչդեռ կարելի էր ջրամբարներ կառուցել, որոնց մեջ կամբարվեր գարնանային սելավների ջուրը։ Սակայն այսօր բազմաթիվ գյուղերի արտեզյան ջրհորներում ջրի մակարդակն իջել է՝ ստորերկրյա ջրային պաշարների նվազման, նաեւ այն պատճառով, որ ձկնաբուծարանների տերերի հորատած հորատանցքերի խորությունը գրեթե կրկնակի ավելի է, քան մինչ այդ խմելու եւ ոռոգման ջուր ստանալու նպատակով հորատված հորատանցքերինը»։

Հարկ է նշել, որ այստեղ մեծ անելիքներ ունի Բնապահպանության նախարարությունը, որը արտեզյան ջրհորների հորատման, ջրօգտագործման թույլտվություններ տալով, հսկողություն չի իրականացրել ձկնաբույծների կողմից ջրի օգտագործման նկատմամբ, ինչի հետեւանքով ջուրն այսօր էլ շռայլվում է։ Հողօգտագործողները ստիպված են արտեզյան ջրհորներից ջուրը պոմպով քաշել, իսկ պոմպը էլեկտրաէներգիայով աշխատեցնելը թանկ արժե։

Ջրի կորուստն այսքան մեծ չէր լինի, եթե ոռոգման ջրի համակարգն  անխափան աշխատեր, նորմալ վիճակում լիներ։  Բայց ոռոգման համակարգը տխուր վիճակում է, եւ նաեւ այդ պատճառով են   ջրի կորուստներ լինում։ Ոռոգման ջրերի խողովակները անսարք են, կառավարման խնդիրներ կան, իսկ ամենակարեւորը՝ փականները չեն աշխատում։ Դրանցից շատերը այնքան հին են, որ բացելու դեպքում հնարավոր չի լինում փակել, ջրի արտահոսք է տեղի ունենում, իսկ կորուստները հասնում են 80 տոկոսի։ Ըստ փորձագետի՝ այս տվյալները պաշտոնական են։

Ջրային ռեսուրսների փորձագետի կարծիքով՝ ջրօգտագործողների ընկերությունները իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին։ Նա համոզված է, որ «ՋՕԸ-երը պետք է փակել, դրանք ավազակախմբեր են, որոնք հարստահարում են հողօգտագործողներին։ Այդ չարաբաստիկ ընկերությունները, որոնք կոչված են ոռոգման ջուր ապահովելու, ջրի «վիշապների» դեր են կատարում։ ՏԻՄ-երի ղեկավարները եւս մեծ անելիքներ ունեն, սակայն նրանցից շատերը մատը մատին չեն տալիս։ Իշխանավորներին դիմելիս էլ միայն լսում ես՝ գումարներ չկան, փող չկա։ Չեն ասում գոտիներս մի քիչ ձգենք, նեղ անենք, տեղ անենք։

Ընդհակառակը, ովքեր որ  որոշումներ են ընդունում` դժբախտաբար մասնագետներ չեն։ Լավագույն մասնագետները  հեռացել են երկրից, իսկ նրանք, ովքեր կարող են իրենց խորհուրդներով օգտակար լինել, կենսաթոշակային տարիքի են, որոնց լսող չկա։

Ի դեպ, նախատեսվում է «Ուրբան» ծրագրով կանոնակարգել Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների խնդիրը, մնում է, որ իշխանություններն ու տեղական կառավարման մարմինները բարի կամք դրսեւորեն եւ բարեխղճորեն մասնակցեն ծրագրի իրագործմանը»։Ծրագրում ընդգրկվելու են 12-ական համայնքներ Արարատի եւ Արմավիրի մարզերից»։

 Հ.Գ. «ՉԻ» տեղեկություններով՝ երբ «Ուրբան» ծրագրի պատասխանատուները Արարատի մարզի Ազատավան գյուղի գյուղապետ Պետիկ Խաչատրյանին առաջարկել են մասնակցել ծրագրին, բացատրել են ծրագրի կարեւորությունը ոռոգման համակարգի կանոնակարգման գործում, վերջինս հրաժարվել է, որ Ազատավան համայնքը եւս ներգրավվի այդ ծրագրում.  «Իմ ինչին ա՞ պետք էդ ծրագրին մասնակցելը», ասել է գյուղապետը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30