23.02.2018 07:26 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Անասնադրություն

Այս շաբաթը իրապես հարուստ էր խիստ բազմազան իրադարձություններով, բայց մենք որոշել էինք անդրադառնալ առավել քննարկվող՝ «Ազգա-լվացքի մեքենա-փողի լվացք» թեմային, բայց քանի որ լվացքի մեքենաները շարունակելու են համալրել մեր զորամասերը, այն հնացող չէ, հաջորդ անգամ հաստատ մեր կարծիքը կհայտնենք, հիմա խոսենք մեր նոր Սահմանադրության եւ դրա հետ կապված հարցերի շուրջ։

Ուրեմն, փաստաբան Վահե Գրիգորյանը մի համապարփակ վերլուծություն էր արել, ըստ որի` Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն գործող Սահմանադրության 125 հոդվածում, որը դեռ ուժի մեջ չէ։ Այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը։ Այսինքն` չորրորդ նախագահը նույնպես պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով` գործող Սահմանադրության համաձայն։

Ցանկացած բանական մարդ Վահե Գրիգորյանի այս գրածները հասկացել է։ Որ եթե Արմեն Սարգսյանին ԱԺ-ը ընտրի, ապա լեգիտիմ չի կարող լինել։ Այսինքն, կլինի ամենաանլեգիտիմ խորհրդարանի ընտրած ամենաանլեգիտիմ նախագահը։

Վահե Գրիգորյանի առաջ քաշած թեզերի վերաբերյալ խորհրդարանի որեւէ պատգամավոր չի խոսել, նախագահականից, կառավարականից, ՍԴ-ից ոչ ոք չի արձագանքել։ Մեծ հաշվով, հիմար ու ծաղրի ենթակա վիճակ է լինելու։

Խոսել են միայն սահմանադրագետ համարվող Վարդան Պողոսյանն ու Արմեն Մազմանյանը։ Վարդան Պողոսյանը այս Սահմանադրություն կոչվող տեքստի հիմնական հեղինակներից է։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են այս Սահմանադրությունը միշտ համեմում հումորի ու սարկազմի հետ, պատճառներից մեկն էլ հենց հեղինակներն են, որոնք ոչ պակաս ծաղր ու ծանակի ենթակա են։ Միայն Վարդան Պողոսյանը կարող էր Վահե Գրիգորյանի մտքերին ի պատասխան հայտարարել, թե Սահմանադրությունը մեկնաբանելու տարբեր եղանակներ ու ձեւեր կան։  Այսինքն, ինչ որ գրված է Սահմանադրությունում, դա դեռ չի նշանակում, որ այդպես է, շատ ավելի կարեւոր է, թե դա ինչպես եւ ով է մեկնաբանում։ Սրանց համար Սահմանադրությունը «Ներկիր ինքդ» հանդեսի պես մի բան է` ով ոնց ուզում, ներկում է։

ԽՈՍՏՈՒՄԸ ՕՐԵՆՔԻՑ ՎԵՐ Է

 Արմեն Մազմանյանը ընդհանրապես այնպիսի մեկնաբանություն է տվել, որ ծիծաղից թուլացել ենք։ Դա վերջի վերջն է։ Ահա թե ինչ է ասել. «Վահեի փաստարկները բացառապես հիմնված են Սահմանադրության տեքստային մեկնաբանությունների վրա։ Կարծես թե կա որոշակի թերություն, բայց Սահմանադրությունը չենք կարող մեկնաբանել՝ որպես զուտ տեքստի տառին համաձայն։ Սահմանադրությունը ունի նախապատմություն, իմաստ։ Իսկ նախապատմությունը եղել է այն, որ հայեցակարգից սկսած իշխանությունները մեզ ասել են, որ նախագահի ընտրություն չի լինելու։ Հենց այդպես էլ Սահմանադրության նոր տարբերակը գովազդվել է եւ ներկայացվել է հանրությանը»։

Սա ապշելու բան է։ Լրիվ անասնաֆերմա վիճակ է։ Այսինքն, ժողովուրդ ջան, քանի որ իշխանությունները հայտարարել էին, որ նախագահի ընտրություն չի լինելու, դուք այս նոր Սահմանադրությանը, դրա տեքստին մի նայեք, դա կարեւոր չէ, կարեւորը, որ իշխանությունները ինչ են ասել։ Ճիշտ այն բուժքրոջ պես, որին հիվանդն ասում է, թե մեռած չէ, վերջինս հակադարձում է. «Դու լավ գիտե՞ս, թե մեր պրոֆեսորը»։ Եթե Վահե Գրիգորյանը նույնիսկ ճիշտ է ասում, դե հիմա, դե, ուշադիր չեն եղել տեքստի հեղինակները, ոչինչ, սղացնենք, գնա, սա է մեր ժամանակակից «սահմանադրագետների» կարծիքը։

 ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՆ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է

Մենք մանրից մոտենում ենք տոտալիտարիզմի վերջին փուլին, երբ օրենքը, օրենքի տառը, օրինականությունը.... դրանք արդեն նույնիսկ հանցագործությունների պարտակման շղարշ էլ չեն լինելու։ Շատ ավելի էական է լինելու, թե ինչ է ասում Պոլիտբյուրոն։ Արդեն հասկանում եք, չէ՞, որ ապրիլից Հայաստանում վերականգնվելու է Պոլիտբյուրոն։ Մի պատմություն հիշենք, որ հասկանալի լինի, թե նման սահմանադրագետների երկրում ինչ է մեզ սպասվում։ 1961 թվականին ԽՍՀՄ-ի առաջնորդ Խրուշչովին Գերմանիա կատարած այցի ժամանակ ասում են, թե ԽՍՀՄ-ի «սեւ շուկան» չտեսնված ծավալներ ունի։ Զայրացած վերադառնում է Մոսկվա, պահանջում սպեկուլյանտների, ֆարցովշիկների առավել աղմկոտ գործերը։ Դրանցից մեկով 1960 թվականին երեք հոգու՝ Յան Ռոկոտովի գլխավորությամբ, վալյուտայի հետ կապված գործարքների համար դատապարտել էին 8 տարվա ազատազրկման։ Խրուշչովը համարում է, որ դա մեղմ պատիժ է եղել։ Պահանջում է խստացնել պատիժը։ Իրեն նույնիսկ քննիչներն են ասում, թե օրենքը հետադարձ ուժ չունի, չեն կարող եղած վճռից ավելի խիստ վճիռ կայացնել, մանավանդ որ այդ վճիռը ուժի մեջ է արդեն մտել։ Խրուշչովը անդրդվելի է մնում։ 15 տարի են տալիս յուրաքանչյուրին։ Որից հետո փոխում են քրօրենսգիրքը, վալյուտչիկների համար մահապատիժ նախատեսում եւ այդ նոր օրենքով գնդակահարում Ռոկոտովի խմբին։

Ահա մենք մտնում ենք իրավական այս դաշտ. երբ կարեւոր չէ, թե ինչ է գրված օրենքում, կարեւոր է, թե ինչ է ասում առաջնորդը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30