Թող վերադառնա, ու դուք էլ բռնեք։ Բռնեք ու փորձեք դատել ձեր փտած դատարաններում, որտեղ այսօր երեխաների եք «դատապարտում», որ մյուս երեխաները խելոք մնան։ Ու մեր քաղաքացիական հասարակությունը հանգիստ կուլ է տալու խայտառակությունը, որովհետեւ այս ջահելները «անմեղ զոհ» չեն, որովհետեւ նրանք համարձակվել են ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնել, այն էլ` Հայ ազգային կոնգրեսը։ Վանոն էլ «անմեղ զոհ» չէ, Վանոյից դաղված եք ու դաղված էլ մնալու եք։ Լեւոնից էլ եք դաղված ու խռոված։ Մի անհանգստացե՛ք, նրանց նման «մեղավոր» դառնալ չեք կարող։ Ձերը Կուկուն ու «Հարսնաքարն» են, ձերը հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ն են։ Գաճաճների իշխանությունը ո՞նց կարող է «մեղավոր» լինել, այնքան «մեղավոր», որ հսկա կայսրության փլուզումից հետո, երկրաշարժից հետո, տնտեսական հրեշավոր ճգնաժամի օրոք հող գրավի, աշխարհի հետ ձգտի հարաբերվել հպարտ հավասարի պես` առանց քծնելու եւ ստորանալու։ Գաճաճների իշխանությունը...կամ «Գյադաների ժամանակը»։
«Հիմա գյադաների ժամանակն է։ Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի։ Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնա~ն- գան իշխանության միջանցքներում։ Գնան ու գան։ Գնան ու գան... Մի բանում, սակայն, կարելի է վստահ լինել.այն տարիներին «ազգային թրաշ» պահած հանցագործների ավտոմատների շրխկոց-չրխկոցը սրանց նմաններին այն աստիճանի սարսափի է մատնել, որ նրանք այլեւս երբեք ավտոմատ ասած բանին մոտ չեն գնա, ինչ մնաց թե ինչ-որ մեկի դեմը առնեն, այն էլ` պատերազմի բովով անցած ՀՀՇ-ի։ Այնինչ, նույնիսկ զգոնությունը չկորցրած «Ա-ն» այդ առիթով թոթովում է, թե` եթե իշխանությունը մինչեւ հիմա ՀՀՇ-ի վերադարձով է վախեցնում մարդկանց, ուրեմն նախկինները խնդիր ունեն հասարակության հետ...»/ «Գյադաների ժամանակը», էջ 157/։
Գյադաների ժամանակը երկար տեւեց։ Սոցցանցերում սկսեցին պահանջել Վանոյի վերադարձը։ Սրանք մի քանի օր դիմացան, հետո խոսեցին, թե կձերբակալվի։
Հայաստանում կամ Հայաստանից դուրս, բանտարկված կամ ոչ` Վանոն վտանգավոր է ձեր հյուծված առողջության համար։ Բայց ձեր հյուծված գոյությունը վնասակար է երկրի համար։ Իսկ երկրում ձեզ խանգարողներ դեռ կան։ Միայն տարօրինակ համառությամբ նույնիսկ նրանք չեն տեսնում համապատկերն ամբողջությամբ։ Տեսնում են հատվածաբար։ Չգիտես` վախի՞ց, թե՞ փոքրոգությունից։ Չեն տեսնում, որ ՀՀ հիմնադիր նախագահի համար ոչ թե այսրոպեական հաղթանակն է կարեւոր եւ ինչ-որ մարդկանց հավակնությունների բավարարումը, այլ Հայաստանն ամբողջությամբ։
Ընդդիմություն եք, քաղաքացիական հասարակություն եք, ազնիվ, ուրեմն եւ ապաքաղաքական մտավորականություն եք. ձա՛յն բարձրացրեք դատարանի դեմ, այն դատարանի, որը հլու-հնազանդ կատարում է ինքնահաստատվող գաճաճների պատվերն ու բերդ ուղարկում երեխաների։ Ձա՛յն բարձրացրեք հանուն տաղանդավոր գրողի` Վանոյի, որի դեմ սարքած գործը, լավ գիտենք, ծայրեիծայր սուտ է։ Ձա՛յն բարձրացրեք։
Չէ՛, սրանք, ըստ ձեզ, քաղաքական են, իսկ քաղաքականներին դուք չեք պաշտպանում։ Թեպետ ո՛չ Վանոն, ո՛չ դատվող տղաները ձեր պաշտպանության կարիքը չունեն։
Բայց քանի դեռ գյադաների ժամանակը շարունակվում է, շարունակվելու է ոմանց սեթեւեթանքը։ Եվ քանի դեռ շարունակվում է սեթեւեթանքը, գյադաները հրճվում են։ Քիչ մնաց։