ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը. վերջինս փոխարինելու է ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին։ Նոր ձեւավորված կառավարության ինտրիգը նաեւ հետեւյալն է՝ Սամվել Նիկոյանը կմնա Ազգային ժողովի շարքային պատգամավոր։ Մնացած նախարարություններում դրանց ղեկավարները նույնն են մնացել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարարին փոխարինելու է ոմն Արտեմ Ասատրյան։ Իսկ մնացյալ գերատեսչություններում ամեն ինչ նույնն է մնացել։ Եվ այսպես՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Արմեն Գեւորգյանը, Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան, Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան, Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան, Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան, Կրթության եւ գիտության նախարար` Արմեն Աշոտյան, Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան, Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան, Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան, Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի անունը հայտնի կդառնա կառավարության նիստի ժամանակ։
Արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարությունները տրվել են ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը։ Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարար մնալու է Արմեն Երիցյանը, իսկ Գյուղատնտեսության նախարար` Սերգո Կարապետյանը։