22.03.2012 19:24 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տնօրենը տնօրեն չի

Տնտեսության միակ շարժիչ ուժը

Տնտեսության միակ շարժիչ ուժը

Մի երկու շաբաթ առաջ, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում երկարաշունչ մի ելույթ ունեցավ «էս երկիրը երկիր ա» թեմայով ու վիճակագրական թվեր ներկայացրեց, որոնց եթե հավատալու լինենք` Հայաստանի տնտեսությունն անշեղորեն աճում է, ճգնաժամը վաղուց հաղթահարել ենք, ու այսօր մեզ միայն մի հարց է հուզում` սկզբում Ճապոնիայի՞ց առաջ անցնենք, թե՞ Շվեյցարիայից։ Եվ ահա, երկու շաբաթ չանցած, ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրեց այս տարվա հունվար-փետրվար ամիսների տնտեսական ցուցանիշները։

Չէ, մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է։ Հո հիմար չե՞ն, որ պատասխանատու այս ժամանակահատվածում հոռետեսական ցուցանիշներ հրապարակեն` դրանով իսկ ջուր լցնելով ՀՀԿ թշնամիների ջրաղացին։ Տնտեսական աճն, օրինակ, հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,6 տոկոս, արդյունաբերությունն աճել է 18,5 տոկոսով, միջին աշխատավարձը` 6,4 տոկոսով եւ այլն։ Իհարկե` մեկ տարվա ընթացքում գնաճը 6,4 տոկոսից բարձր է եղել, այսինքն` փաստացի մարդիկ ավելի քիչ են ստանում, բայց դա էական չէ. կարեւորը` որ «աշխատավարձի աճ 6,4 տոկոսով» արտահայտությունը գեղեցիկ է հնչում։

Հիմա տոկոսները մի կողմ դնենք եւ անդրադառնանք կոնկրետ թվերին։ Այ, ասում են, հունվար-փետրվարին արտահանումն աճել է 12,3 տոկոսով եւ հասել 185,1 մլն դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 11,4 տոկոսով եւ կազմել է 593 մլն։ Կարծես թե ամեն ինչ կարգին է. տոկոսներով արտահայտված` արտահանումն ավելի շատ է աճել, քան ներմուծումը։ Բայց կոնկրետ թվերով ստացվում է, որ արտահանումն ավելացել է 20 մլն դոլարով, իսկ ներմուծումը` 61մլն-ով։ Պարզ ասած, Հայաստանի «մինուսն» ավելացել է եւս 41 միլիոն դոլարով։

Ինչո՞ւ ենք հատկապես կարեւորում այս թվերը։ Որովհետեւ Հայաստանը, որպես տնտեսական միավոր, մի մեծ ընկերություն է, կարելի է ասել` ֆիրմա, որի գործադիր տնօրենը (կամ գլխավոր մենեջերը) Տիգրան Սարգսյանն է։ Փաստորեն` Հայաստանը վնասով աշխատող ֆիրմա է։ Ավելին. միայն վերջին երկու ամիսների ընթացքում այդ վնասն ավելացել է 41 միլիոնով, «աշխատողներից» շատերն էլ թողել-հեռացել են (պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է մոտ 200 հազարով)։

Հիմա վերադառնանք տնտեսական աճին։ Այնպես է ստացվել, որ Հայաստանում տնտեսական աճ ասելով` պիտի հասկանանք «մինուսի» աճը, որովհետեւ բոլոր ոլորտները «նստած են» ներմուծման վրա։ Օրինակ, եթե էներգետիկան աճում է, նշանակում է` գազի ներմուծումն է ավելանում, եթե առեւտրաշրջանառությունն աճում է, ուրեմն` ավելի շատ սննդամթերք, հագուստ կամ տեխնիկա ենք ներմուծում եւ այլն։ Իսկ ինչի՞ հաշվին ենք փակում այդ «մինուսը»։ Բնականաբար` մասնավոր տրանսֆերտների, այսինքն` «խոպանչիների» ուղարկած գումարների։ Այլ աղբյուր պարզապես չկա։ Իսկ Ռուսաստանում, ինչպես հայտնի է, «խոպանչիների» վիճակը գնալով բարդանում է, եւ այնպես չէ, որ նույն քանակի «խոպանչիներն» ավելի շատ գումար են ուղարկում։ Տրանսֆերտների ընդհանուր ծավալն ավելանում է «խոպանչիների» թվի ավելացման հաշվին։ Այսինքն` ստացվում է, որ Հայաստանի տնտեսական աճի միակ աղբյուրն արտագաղթն է։ Հակառակ դեպքում Հայաստանը պարզապես չէր կարողանա փակել առեւտրային հաշվեկշռի մինուսը (տարեկան 3-4 միլիարդ դոլար), եւ տնտեսությունը մի քանի օրում կփլուզվեր։ Տիգրան Սարգսյանի կառավարությունն, ահա, այսպիսի խայտառակ տնտեսական մոդել է աշխատեցնում, տնտեսական աճ արձանագրում եւ նույնիսկ պարծենում դրանով։ Նույն հաջողությամբ կարելի էր, ասենք, Տավուշի մարզը վաճառել եւ մի քանի տարի շարունակ երկնիշ աճ ապահովել։ Ո՞վ է ասել, որ տարածքը մարդուց կարեւոր է։

Մի խոսքով` իրականում ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ Ի՞նչ տարբերություն, թե քանի տոկոսով աճեց կամ նվազեց արդյունաբերությունը, քանի տոկոսանոց աճ արձանագրվեց գյուղատնտեսության կամ շինարարության ոլորտներում եւ այլն։ Հայաստանի տնտեսության կարեւորագույն ցուցանիշը մեկն է. ինչպե՞ս են փոխվել արտահանման եւ ներմուծման ծավալները։ Եթե բացասական հաշվեկշիռը մեծանում է` այլեւս որեւէ ցուցանիշ էական չէ. երկիրը շարունակում է գնալ դեպի կործանում, իսկ եթե փոքրանում է` ուրեմն փրկվելու հույսեր կան։

Վերջին մի քանի տարիներին, ի դեպ, այդ ցուցանիշը միայն մեծացել է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30