06.11.2015 18:29 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Խնայբյուջե

Հարկային տեռորից հրաժարվելու ժամանակը

Հարկային տեռորից հրաժարվելու ժամանակը

Եվ այսպես` 2016թ. պետական բյուջեի նախնական տարբերակը հրապարակվեց եւ ինչ-որ առումով շոկի մեջ գցեց հասարակությանը։ Պարզվեց, որ ՀՆԱ իրական աճը նախատեսվում է ընդամենը 2,2 տոկոս, իսկ բյուջետային մուտքերը նույնիսկ մի քանի միլիարդ դրամով ավելի քիչ են նախատեսված, քան այս տարի։ Վերջին 20-25 տարիների ընթացքում երբեք նման բան չէր եղել, ու դա պատճառ դարձավ, որ շատերը սկսեն խոսել դեֆոլտի մասին։ Ֆինանսների նախարարությունն էլ պարզաբանեց, որ հարկային մուտքերն ավելացնելու համար պիտի տնտեսությո՛ւնն աճի։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Մեծ հաշվով` տեղի է ունենում այն, ինչի մասին տնտեսագետները վաղուց էին նախազգուշացնում։ Բանն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանի տնտեսությունը «զարգանում» եւ «երկնիշ աճ» էր ապահովում արատավոր մեխանիզմով, որի էությունը հետեւյալն էր. երկրի ներսում բիզնես-միջավայրն օրեցօր վատանում է, մարդիկ արտագաղթում են, դրսից փող են ուղարկում, այդ փողն ինչ-որ ձեւով մտնում է տնտեսության մեջ, որտեղ էլ մենաշնորհներ են ստեղծվում` այդ փողը յուրացնելու համար։ Արդյունքում` տարեցտարի ավելանում էին միայն դրսից ստացվող գումարները, իսկ բուն տնտեսությունը չէր զարգանում (եղածը փուչիկ էր)։ Բայց բյուջեն պետք էր լցնել, ու ամեն տարի հարկային բեռն ավելանում էր։ Ինչքան հարկային բեռն ավելանում էր` այնքան բիզնեսները փախչում էին Հայաստանից, ինչքան փախչում էին` այնքան մնացածների բեռն ավելի էր ծանրանում, ու հասկանալի էր, որ այդ արատավոր ցիկլն անվերջ շարունակվել չի կարող։ Գալու է մի պահ, երբ այլեւս հարկային բեռն ավելացնելու տեղ չի մնալու, որովհետեւ բիզնեսն ընդհանրապես կվերանա։

Հիմա փաստորեն այդ պահը եկել է։ Ներդրումների ծավալները կտրուկ նվազում են, երկրում դեռեւս գործող հատուկենտ բիզնեսները «ճռռում են» հարկերի ու վարկային պարտավորությունների տակ, եւ կառավարությունը կարծես թե հասկացել է, որ պետք է կտրուկ քայլերի դիմել։ Պարզ ասած` հիմա պետք է ցիկլը պտտել հակառակ ուղղությամբ, այսինքն` պետք է թեթեւացնել հարկային բեռը (կամ գոնե էլ չծանրացնել)։ Ինչքան հարկային բեռը թեթեւ լինի` այնքան ներդրումները կշատանան, նոր բիզնեսներ կստեղծվեն, ինչքան շատ ստեղծվեն` այնքան հարկային մուտքերը կավելանան, եւ այսպես շարունակ։ Մի խոսքով` այս իմաստով հիմա Հայաստանի տնտեսական կյանքում շրջադարձային պահ է։ Ու հենց սա է պատճառը, որ առաջին անգամ բյուջետային մուտքերի նվազում է նախատեսվում։ Այլ տարբերակ պարզապես չկա։

Չէ, տեսականորեն հարկային մարմիններն, իհարկե, կարող էին «թուր ու թվանքով» հարձակվել բիզնեսի վրա, մինչեւ վերջ քամել` ինչ հնարավոր է եւ 2016 թվականի համար մի քանի տասնյակ միլիարդ դրամով ավելի շատ մուտքեր ապահովել։ Բայց դա արդեն կլիներ «վերջը»` հետագայի համար ընդհանրապես բան չէր մնա։ Իշխանությունները կարծես թե հասկացել են սա ու որոշել «տորմուզ տալ»։ Այլ հարց է, որ սա պետք էր մի քանի տարի առաջ անել, բայց ամեն դեպքում` լավ է ուշ, քան երբեք։

Ուրիշ հարց, որ կարելի է մի քանի միլիարդ դրամով ավելի փոքր բյուջեն շատ ավելի արդյունավետ օգտագործել։ Օրինակ` կարելի է մի քանի անգամ կրճատել կառավարման ապարատի ծախսերը, արաբական շեյխերին վայել ճոխություններից հրաժարվել եւ այլն։ Օրինակ` ինչո՞ւ պիտի 35 հազար դրամ թոշակ ստացողից 500 դրամը խլեն, որպեսզի այդ գումարով որեւէ հաստավիզ չինովնիկ ծառայողական շքեղ մեքենայով երթեւեկի` այն դեպքում, երբ 4-5 հատ ավելի շքեղ սեփական մեքենա ունի։ Ընդամենը մի ծառայողական մեքենա պահելը պետության վրա «նստում է» ճիշտ այնքան, որքան 11 հոգու թոշակն է, իսկ ցանկացած չինովնիկի անիմաստ գործուղման փողերով կարելի է առնվազն 5-6 անապահով ընտանիքի տարեկան նպաստը կրկնապատկել։

Այսինքն` խնդիրը միայն բյուջեն լցնելը չէ, պետք է կարողանալ նաեւ եղածը նորմալ օգտագործել։ Տեսեք` այս տարի Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման համար մոտ 400 միլիոն դոլար է ծախսելու։ Ուղիղ այնքան, որքան ծախսում է բանակի վրա։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ Տիգրան Սարգսյանը ժամանակին վարկեր է վերցրել ու 18 միլիոն դոլարի գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ կարդացել, բիոզուգարաններ առել եւ այլն։ Չլիներ այդ պատուհասը` այսօր այդ 400 միլիոն դոլարի առնվազն կեսը հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ծախսել։

Ինչեւէ։ Եկող տարի բյուջեում ավելի քիչ փող է լինելու, բայց դա ավելի լավ է, քան հարկային տեռորով բյուջե լցնելը։ Մնում է, որ նաեւ խնայողաբար ծախսող իշխանություններ ունենանք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30