|
Երեկ ՀՀ կառավարության նիստում վարչապետ
Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե որոշել է փոփոխություններ կատարել կառավարության
1999թ. հունիսի 10-ի «ՀՀ պետական եւ այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների
սպասարկման, հաշվառման եւ վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման
մեջ: Համաձայն այս որոշման` բոլոր գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերի
վերահսկումն իրականացնելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ի դեպ` վարչապետն
երեկ հայտարարել է, թե այս օրերին բուռն քննարկման առարկա են դարձել արտաբյուջետային
ֆոնդից պետական եկամուտների կոմիտեի տարեվերջին կատարած ծախսերը (Գագիկ Խաչատրյանն
իր 20 աշխատակիցներին խրախուսել է 1 միլիոնանոց ժամացույցներով): Նկատենք,
որ զուր է Տիգրան Սարգսյանն ակնարկել, թե այս եւ նմանատիպ այլ շռայլությունների
մասին իրենք երբեմն մամուլից են իմանում: Գագիկ Խաչատրյանի մասով հաստատ
ստում է: Բանն այն է, որ թանկարժեք ժամացույցների պատմությունը մամուլի ուշադրության
կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ դրա մասին համապատասխան տեղեկանք
տրամադրեց «Ասպարեզ» ակումբը: Իրականում մինչ այդ ՀՀ կառավարության էլեկտրոնային
կայքում, մասնավորապես` www.gov.am/am/transparent/ հասցեում, PDF ֆայլով
արդեն տեղադրված էր այս տեղեկությունը (ի դեպ, բոլոր գերատեսչությունների`
մեկ աղբյուրից գնումների մասին տեղեկությունը այստեղ, սովորաբար, տեղադրվում
է):
Եվ վատ է, որ մեր բլոգեր վարչապետը իր իսկ ղեկավարած կառավարության կայքում
զետեղված ինֆորմացիան իմանում է մամուլից եւ անմիջապես սկսում է մտածել`
ինչպես ուժեղացնել գերատեսչությունների ֆինանսական վերահսկողությունը: Համենայնդեպս`
ֆինանսների նախարարության վրա կանգնելը այնքան էլ ազնիվ չէ: Փաստն այն է,
որ ընդամենը երկու ամիս առաջ ֆինանսների նախարարությունն իր ստուգիչ վերահսկողական
ծառայությանը` որպես խրախուսանք, 30 միլիոն դրամից ավելի փող է հատկացրել:
Ի դեպ` նախարարությունը դա արել է հենց իր արտաբյուջետային միջոցներից:
|