|
Երեկ մեկնարկվել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Պարզվել է, որ ապրիլի
22-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցված հայ-թուրքական արձանագրությունների
փաթեթը հանվել է միայն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգից: Այն, սակայն,
մնացել է մեծ օրակարգում: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի այն հարցին,
արդյոք հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը ընդհանրապես հանվել
է խորհրդարանի օրակարգից, արձագանքել է. «Դրանք հանվել են ընդհանուր առմամբ
քառօրյայից, մեծ օրակարգում մնում են»: Իր հերթին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն
էլ պարզաբանել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, մեծ օրակարգում
ընդգրկված օրինագծի քննարկումը կարող է հետաձգվել առավելագույնը երեք նստաշրջանի
ընթացքում:
|