| Օրերս հայաստանյան լրատվամիջոցներից
մեկը կարծիք էր հայտնել, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում սպանված 24-ամյա
Վահան Խալաֆյանի սպանության մեղավորն ու պատասխանատուն Սերժ Սարգսյանն է
ու նրա կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունը: Այս առումով առարկություններ
չեն կարող լինել: Պարզապես հարկ ենք համարում ընդգծել, որ մարդ սպանելու
եւ հոշոտելու «բարի ավանդույթի» հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, որի օրոք հազարավոր
այդպիսի դեպքեր են գրանցվել: Ի վերջո, Քոչարյանն ինքը չխորշեց սպանելու պատասխանատվություն
վերցնել իր վրա ու կրակ արձակել խաղաղ ցուցարարների վրա եւ սպանել 10 ՀՀ
քաղաքացու: Այս փաստը երբեք որեւէ մեկը չի կարող մոռանալ:
Ուշագրավն, իհարկե, այս պատմության մեջ հետեւյալն է. Սերժ Սարգսյանի ու նրա
ռեժիմի «մարդասպան» լինելու մասին խոսակցությանը նախորդեց Ռոբերտ Քոչարյանի
որսի պատմությունը: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար
հետ մամուլում տեղ գտած մեսիջներով են «շփվում»: Սերժ Սարգսյանը «գաղտնազերծում»
է Քոչարյանի էլիտար որսի լուսանկարները, իսկ Քոչարյանը «հակադարձում է» այսպես՝
եթե ես առյուծ եմ սպանել, ապա դու մարդասպանների թագավորն ես, ու ինքդ էլ
մարդասպան ես: Տեսնենք ինչով կավարտվի ներտեսակային պայքարը:
|